Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը կարող է վերանայել իր մասնակցությունը կոալիցիայում


«Դաշնակցությունը իրեն իրավունք է վերապահելու կոալիցիայի ձեւավորման նպատակների, հուշագրի պայմանների խախտման դեպքում վերանայել իր մասնակցությունը կոալիցիոն կառավարության մեջ», - չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում ներկայացնելով ՀՅԴ հերթական գերագույն ժողովի որոշումները, ասաց Դաշնակցության ղեկավար անդամ Արմեն Ռուստամյանը:

Որոշելով, որ Դաշնակցությունը պետք է շարունակի մնալ կոալիցիոն կառավարության մեջ, հուշագրի դեռեւս չկատարված առաջնահերթություններից գերագույն Ժողովը հատկապես կանգ է առել ընտրական օրենսգրքով համամասնական տեղերի ավելացման՝ դեռեւս չլուծված խնդրին: Մինչեւ հունվար օրենսգրքում փոփոխությունները պետք է ընդունվեն ամբողջովին:

Հարցին՝ եթե համամասնական տեղերի թիվը նույնը մնա կամ նույնիսկ պակասի, Դաշնակցությունը դուրս կգա՞ կոալիցիայից, գերագույն մարմնի վերընտիր ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. - «Մենք սա կհամարենք հուշագրի կոպիտ խախտում, եւ գերագույն մարմինը շատ լուրջ քննարկում կանի եւ իր որոշումը կներկայացնի»:

«Դա կնշանակի նահանջ կոալիցիայից», - շարունակեց Ռուստամյանը: - «Կամ մենք պետք է ասել՝ եկեք հուշագիրը ծալենք-դնենք մի կողմ, այլեւս չկա հուշագիր... Եթե մենք որդեգրում ենք այլ կառավարման ձեւ, եկեք այլ կառավարման ձեւով երկիրը առաջ տանենք, բայց չանենք մի բան, որը հակասում է մեր նախորդ արածներին եւ բոլորս համակերպվենք այդ հակասական վիճակին: Դաշնակցությունը այդ հակասական վիճակի մեջ չի մնալու»:

Գերագույն մարմնի վերընտիր անդամ Լեւոն Մկրտչյանն այս առիթով ավելացրեց, որ եթե փոխհամաձայնությունն այդ ուղղությամբ չլինի, կներկայացնեն Դաշնակցության սկզբունքային տարբերակը՝ հարյուր տոկոսով համամասնական ընտրակարգով ընտրվող խորհրդարան:

Իշխող կոալիցիայի քաղաքականության հինգ առաջնահերթություններից մեկը սա էր հուշագրում՝ քաղաքական, մասնավորապես ընտրական համակարգի բարեփոխումները՝ կուսակցությունների դերի բարձրացման նպատակադրումով:

Գերագույն Ժողովը դժգոհություն է հայտնել հուշագրի առաջնահերթություններից եւս մեկի՝ սահմանադրական փոփոխությունների դանդաղ ընթացակարգի շուրջ, քննադատել է, որ մյուս առաջնահերթությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարը ցածր տեմպերով է առաջ ընթանում:

Ամեն դեպքում, նշվեց, որ քաղաքական կոալիցիայի ստեղծմանը դրական գնահատական է տրվել՝ հատկապես դրանով երկրում հետընտրական լարվածության թուլացման եւ արտաքին դիրքերի ուժեղացման ենթատեքստում:

Առաջիկա երկու տարիների համար գերագույն Ժողովը որոշել է, որ գերագույն մարմնի քաղաքականությունը պետք է ուղղված լինի 1998-֊ից Հայաստանի որդեգրած «ազգային պետական ուղեգիծն անշրջելի դարձնելուն»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG