Մատչելիության հղումներ

Բաշխիչ ցանցերը «կայուն շահույթ են ապահովում»


Երկու տարի առաջ Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի տնօրինումն ու կառավարումը ստանձնած օֆշորային ծագում ունեցող «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» ընկերությունը, ինչպես հրապարակվեց երկուշաբթի օրը, ներկայումս կայուն շահույթ է ստանում:

«Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» ընկերությունը երկու տարի առաջ ստացել էր ոչ բարվոք վիճակում գտնվող ընկերություն, որտեղ հոսանքի գերկորուստները մինչեւ 40 տոկոսի էին հասնում, ինչի հետեւանքով էլեկտրացանցը վնասով էր աշխատում։

Այսօր հրավիրած ասուլիսում ընկերության գործադիր տնօրեն Եվգենի Գլադունչիկը ասաց, որ երկու տարվա ընթացքում մոտ կիսով չափ կրճատվել են կորուստները, բարելավվել են վճարումները, ինչի արդյունքում, բնականաբար, բարելավվել է նաեւ ընկերության ֆինանսական վիճակը։ Բաշխիչ ցանցն այսօր, տնօրենի հավաստմամբ, կայուն շահույթ է ստանում։ Ուստի առաջիկայում հոսանքի սակագնի բարձրացման խնդիր ընկերության ղեկավարությունը չի տեսնում:

Ըստ ընկերության գործադիր տնօրենի, այժմ բնակչությունը սպառած հոսանքի դիմաց վճարում է 98, արտադրական ընկերություները՝ 97, իսկ բյուջետային հիմնարկները՝ 100 տոկոսով։ Ընկերությունում զբաղված 8000 աշխատողները միջին հաշվով 91 հազար դրամ աշխատավարձ են ստանում։

Սակայն սա, իհարկե, չի նշանակում, թե ընկերությունը խնդիրներ չունի։ Դրանցից մեկն անշուշտ կապված է ներդրումների հետ։ Գլադունչիկն այսօր բառացիորեն ասաց, թե ներդրումների վերաբերյալ «Հայէլեկտրացանց»-ը որեւէ պարտավորություն չի ստանձնել, եւ ինքը պարտավոր չէ այդ մասին խոսել։

Այդուհանդերձ, նա տեղեկացրեց, որ հասցրել են մոտ 10 միլիոն դոլարի ներդրում կատարել։

Ներդրումների չափը, մինչդեռ, կարեւոր է, երբ հաշվարկվում է վաճառվող հոսանքի սակագինը, ավելի ստույգ՝ նրա այն մասը, որը կազմում է բաշխիչ ցանցի ծախսերը՝ գումարած շահույթը։ Էներգետիկները եւ սակագին սահմանողները դա անվանում են մարժա։ Ընթացիկ տարում էլեկտրական բաշխիչ ցանցի համար որպես հոսանքի սակագնի մարժա սահմանվել է 1,5 ցենտ, այսինքն՝ մոտ 8 դրամ։

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, հենց ներդրումների ծավալի գնահատման հարցում Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ «Հայէլեկտրացանց»-ի միջեւ լուրջ տարաձայնություններ կան։ Ընկերությունը պնդում է, որ արել է նշված չափի ներդրումը, իսկ հանձնաժողովը հակառակն է պնդում: Ավելին՝ հանձնաժողովը մտադիր է հաջորդ տարվա համար մարժան մոտ 4 դրամով իջեցնել։ Սա, ընկերության համար անընդունելի է։

«Նման փոփոխությունը ոչ միայն կազդի մեր բիզնեսի վրա, այլ մենք պարզապես կդադարեցնենք մեր բիզնեսը, եթե մարժան 4 դրամով ավելի փոքր լինի», - ասաց Եվգենի Գլադունչիկը։

Ընկերությունը, հարկ է նկատել, մեկ այլ պատճառ էլ ունի, որպեսզի սակագնի բարձրացման մեջ շահագրգռված չլինի, քանի որ վերջին ամիսներին դոլարի շարունակական արժեզրկումից շահող բնական մենաշնորհներից մեկն էլ եղել են հենց բաշխիչ ցանցերը։ Նրանք այս ընթացքում հասցրել են առնվազն 3 միլիարդ դրամի լրացուցիչ եկամուտ ստանալ, քանի որ եկամուտները ստանում են դրամով, իսկ մարժան ֆիքսված է դոլարով։

Ցանցերի մասնավորեցումից հետո երկու տարվա ընթացքում բնակչությունը հասցրել է հոսանքի դիմաց մոտ 3 միլիարդ դրամի պարտք կուտակել։ Ինչ վերաբերում է մինչեւ մասնավորեցումը բնակչության ունեցած 21,5 միլիարդ դրամի պարտքերին, ապա Գլադունչիկն ասաց, որ անցյալ տարվա կեսերին 2 ամսվա ընթացքում հաջողվեց է հավաքել ընդամենը 600 միլիոն դրամ ու գործընթացը կանգ առավ։ Եվ միայն վերջին շաբաթների ընթացքում գումարների գանձումը վերսկսվել է եւ, ինչպես երեւում է, այդ գործընթացի հետ լուրջ հույսեր են կապվում։

Արտադրական սպառողներից ամենախոշոր պարտապանը «Նաիրիտ»-ն է՝ իր 800 միլիոն դրամ պարտքով։ Սրա վերաբերյալ Եվգենի Գլադունչիկն այսօր ուղղակի սենսացիոն տեղեկություն հայտնեց. նրա խոսքերով, «Նաիրիտ»-ի սեփականությանը հավակնող «Վոլգաբուրմաշ» ընկերությունը հեռացել է Հայաստանից՝ այդպես էլ չվերագործարկելով այն:

«Գործարանն առանց սեփականտիրոջ է մնացել, օգոստոսից չի աշխատում: Նախորդ սեփականտիրոջ բոլոր խոստումները բլեֆ դուրս եկան, թեեւ մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի այն աշխատեր», - ասաց Գլադունչիկը՝ ավելացնելով, թե այսօր հրաման է տրվել ամբողջությամբ գանձել «Նաիրիտ»-ի պարտքը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG