Մատչելիության հղումներ

Հայաստանը Համաշխարհային բանկի ռեսուրսների «լավագույն օգտագործողն է» տարածաշրջանում


Համաշխարհային բանկի (ՀԲ) կովկասյան տարածաշրջանի ծրագրերի տնօրեն Դոննա Դաուսեթ Կոիրոլոն Հայաստան իր մեկշաբաթյա այցի ավարտին հրավիրած ասուլիսում բարձր գնահատական տալով բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող վարկային ծրագրերին, նշեց, որ Հայաստանը «բանկի ռեսուրսների ամենալավ օգտագործողն է տարածաշրջանում»:

Այս տարի բանկի տնօրենների խորհուրդը Հայաստանի համար հաստատել է վեց նոր ծրագրեր, որոնք ուղղված են սոցիալական հատվածի կառավարման բարելավմանը։

Առաջիկայում եւս երեք նման ծրագրեր կներկայացվեն տնօրենների խորհրդի հաստատմանը։ Մասնավորապես, մինչեւ նոյեմբերի վերջ կհաստատվի 20 միլիոն դոլար արժողությամբ Աղքատության հաղթահարման աջակցման ծրագիրը։ Այդ գումարը կներառվի հաջորդ տարվա պետական բյուջեում։ Մյուս երկու ծրագրերը նպատակային են, որոնցից մեկով կբարելավվեն գյուղական համայնքների ենթակառուցվածքները, ճանապարհները եւ ոռոգման ցանցերը, իսկ մյուսը Երեւան քաղաքի ջրամատակարարման եւ ջրահեռացման բարելավման երկրորդ ծրագիրն է:

Դոննա Դոուսեթ-Կոիրոլոյին այսօր ընդունել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ՀԲ բարձրաստիճան ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումների ընթացքի կապակցությամբ: Ռոբերտ Քոչարյանը, ըստ նախագահի մամլո գրասենյակի, իր հերթին նշել է, որ «Համաշխարհային Բանկի հետ համագործակցությունը զարգանում է բավականին արդյունավետ եւ բարեփոխումների ողջ ընթացքում բանկը կարեւոր դեր է խաղացել»:

Ասուլիսում տիկին Կոիրոլոն փոխանցեց նաեւ, որ Համաշխարհային բանկի փորձագետները ուսումնասիրել են վերջին 10 տարում Հայաստանի զարգացումները, ինչպես նաեւ այդ ընթացքում բանկի աջակցությամբ իրականացված ծրագրերը ու դրանց հիման վրա հաշվետվություն ներկայացրել բանկի տնօրենների խորհրդին:

«Իհարկե, կան ոլորտներ, որտեղ կարելի էր ավելի լավ արդյունքներ ունենալ», - ներկայացնելով փորձագետների գնահատականները, ասաց Կոիրոլոն: - «Սակայն ընդհանուր գնահատականն այն է, որ Հայաստանում շատ լավ են կատարվում ծրագրերը, իսկ Հայաստանը համարվում է բանկի ռեսուրսների ամենալավ օգտագործողը տարածաշրջանում»:

Բանկի տարածաշրջանային ծրագրերի տնօրենը անդրադարձավ նաեւ տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացումներին՝ նշելով, որ հարավկովկասյան երեք հանրապետություններում էլ տնտեսական աճն ակնառու է։

«Այդուհանդերձ, այդ ենթատեքսում ավելի բարձր են Հայաստանի ցուցացնիշները», - նկատեց բանկի ներկայացուցիչը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG