Մատչելիության հղումներ

Հերթական անգամ հետաձգվեց «ԱրմենՏել»-ի լիցենզիայում փոփոխություններ մտցնելու որոշման կիրառումը


Կառավարության՝ երեկ ուշ երեկոյան ավարտված արտահերթ նիստում հերթական անգամ 10 օրով հետաձգվել է «ԱրմենՏել»-ի թիվ 60 լիցենզիայում փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշման կիրառումը: Այս տարեսկզբին ընդունած որոշմամբ կառավարությունը «ԱրմենՏել»-ին զրկել էր բջջային կապի մենաշնորհից, սակայն որոշման կիրառումը մի քանի անգամ հետաձգվել էր, վերջին անգամ՝ մինչեւ հոկտեմբերի 28-ը:

Ըստ պաշտոնական հաղորդագրություն, վարչապետ Մարգարյանի վարած արտահերթ նիստում քննարկվել է «ԱրմենՏել»-ին տրված թիվ 60 լիցենզիայում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, ինչպես նաեւ ընկերության հետ հաշտության համաձայնագիր ստորագրելու լիազորություն տալու նախագիծը: Կառավարության անդամներին մեկ շաբաթ ժամանակ է տրվել` արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի` «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը տնօրինող հունական OTE-ի ղեկավարության հետ վարած բանակցություններին հանգամանորեն ծանոթանալու եւ իրենց տեսակետերը ներկայացնելու համար:

Հարությունյանի վարած բանակցությունների բովանդակության մասին պաշտոնապես ոչինչ չի ասվում: Արդարադատության նախարարությունից հրաժարվում են որեւէ տեղեկատվություն տրամադրել: Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ դեռեւս չի ծանոթացել բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների փաթեթին:

«Ազատություն» ռադիոկայանին, այդուհանդերձ, վստահելի աղբյուրներից հաջողվեց ճշտել բանակցությունների որոշ արդյունքների մանրամասներ: Ըստ այդմ՝ 2005 թվականից փոփոխություններ են մտցվելու րոպեավճարի սակագներում:

Անփոփոխ է մնում ամեն ամիս 360 րոպե անվճար խոսակցությունը՝ 900 դրամ աբոնենտային վճարի դիմաց, ինչից հետո, սակայն, օրական մեկ ժամի յուրաքանչյուր րոպեի դիմաց մեր քաղաքացիները կվճարեն 4 դրամ, իսկ 1 ժամից ավելիի դեպքում արդեն կգործի րոպեի դիմաց 8 դրամ սակագինը :

Բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որ «ԱրմենՏել»-ը բջջային կապի ոլորոտում զրկվում է մենաշնորհից, եւ, ըստ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունների, առաջիկա 7 ամսվա ընթացքում «ԱրմենՏել»-ը պարտավորվում է կրճատել իր հաճախականությունների շերտը՝ հաճախականություններ ազատելով բջջային կապի երկրորդ օպերատորի համար: Ըստ նախնական պայմանավորվածության, մինչեւ 2009 թվականը բջջային կապի ոլորտում կաշխատեն միայն երկու օպերատոր:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG