Մատչելիության հղումներ

Կառավարությունը բարեփոխումներ է ձեռնարկում կենսաթոշակային համակարգում


Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության անցկացրած ստուգումներից հետո կենսաթոշակային խնդիրները մի քանի անգամ քննարկվել են նախագահի մոտ, ու այդ համակարգը, թերեւս, կենթարկվի հարկադրական բարեփոխումների՝ առայժմ միայն կառուցվածքային առումով։

Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից առանձնացվել է վերահսկողական գործառույթ ունեցող Աշխատանքային տեսչությունը, որը փոխանցվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը ։ Ենթադրվում է, որ այս նոր կառույցի միջոցով հնարավոր կլինի բացահայտել տնտեսության մասնավոր հատվածում առկա թաքնված զբաղվածությունը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ, փորձագիտական գնահատումներով, հանրապետության տնտեսության մասնավոր հատվածում ներկայումս թաքնված զբաղվածությունը շարունակում է լուրջ թիվ կազմել՝ մոտավորապես 130-150 հազար փաստացի աշխատող գործատուների մոտ իրավաբանորեն գրանցված չեն, եւ հետեւաբար նրանց աշխատավարձերից սոցիալական վճարներ կամ եկամտահարկ չի գանձվում:

«Պետությունը այսօր հնարավորություն չունի ավելի բարձր նվազագույն աշխատավարձ սահմանելու, որովհետեւ պետական համակարգի աշխատողների նվազագույն [աշխատավարձ] ապահովելու խնդիր կա: Բայց մենք բոլորս հրաշալի գիտենք, որ հատկապես մասնավոր հատվածում աշխատավարձերը շատ ավելի բարձր են, քանի իրականում ցույց է տրվում», - ասաց նախարարը՝ հավելելով, որ խնդիրն այստեղ թաքնված աշխատողներին բացահայտելն է։

Մյուս խնդիրը կապված է գրանցված, սակայն, զգալիորեն կեղծվող աշխատավարձերի հետ. խոսքը վերստին մասնավոր հատվածի իրողության մասին է:

«Այսօր մենք վիճակագրական տվյալներով մոտ 300 հազար աշխատող ունենք, որոնք իբր ստանում են մինչեւ 20 հազար դրամ աշխատավարձ եւ ըստ այդմ էլ կատարում են եկամտահարկի վճարումը, սոցիալական մյուս վճարումները: Վստահաբար կարող եմ ասել, որ իրականում մասնավոր հատվածում աշխատավարձերը կազմում են այդ գումարի եռապատիկը-քառապատիկը, եւ պետական տեսչության խնդիրն է լինելու նաեւ այստեղ դաշտը բացել», - ասաց Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքերով, այդ թաքնված աշխատավարձերը բացահայտելու եւ հարկելու ընթացքում մի քանի տասնյակ միլիարդ դրամի հավելյալ մուտքեր կարող են լինել սոցիալական ապահովագրության հիմնադրամ, ինչը հնարավորություն կտա լրջորեն բարձրացնել կենսաթոշակները։

Սակայն այս հարցում օրենսդրական բնույթի մեկ դժվարություն կա. օրենքով նվազագույն աշխատավարձը հանրապետությունում 13 հազար դրամ է, եկամտահարկով չհարկվող նվազագույն շեմը՝ 20 հազար դրամ։ Եվ այդ գումարները սահմանվել են՝ հաշվի առնելով պետական հատվածի ցածր աշխատավարձերը։ Սակայն, միջազգային օրենքներով ու կոնվենցիաներով պետական եւ մասնավոր հատվածների համար այդ մինիմումները պետք է նույնը լինեն։

Ու քանի որ մեր պետության բյուջետային կարողությունները սուղ են ու պետական աշխատավարձերը կտրուկ բարձրացնելու հնարավորությունները՝ սահմանափակ, ապա նվազագույն աշխատավարձը մասնավոր հատվածում կտրուկ բարձացնելու հավանականությունը եւս խիստ ցածր է։ Այս հարցում, սակայն, նախարարը համոզված է, որ հնարավոր է նաեւ ոչ ստանդարտ լուծումների կիրառում. - «Կամ պիտի մենք գնանք արմատական քայլի, որը գուցեեւ չընդունվի միջազգային հանրության կողմից՝ ֆիքսենք նվազագույն աշխատավարձ առանձին-առանձին պետական եւ մասնավոր հատվածներում, կամ մենք պիտի գնանք վարչարարության ուժեղացման՝ տեսչության աշխատանքների իսկապես լուրջ անելիքներով, որպեսզի այստեղ էական բարելավում ապահովենք: Այլապես մենք ինքներս մեզ խաբում ենք»:

2005 թվականի պետական բյուջեի, ինչպես նաեւ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջեի նախագծերի առաջիկա քննարկումների ընթացքում չի բացառվում, որ դիտարկվեն ու ընդունվեն նաեւ կենսաթոշակային համակարգի արմատական բարելավմանը միտված լուծումները։ Չի բացառվում նաեւ, որ այդ ընթացքում նույնիսկ սոցիալական վճարներ գանձելու գործառույթը սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից փոխանցվի հարկային պետական ծառայությանը։

Միաժամանակ, հոկտեմբերի 1-ից հերթական անգամ 20 դրամով բարձրացել են աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար բազային կենսաթոշակին արվող հավելման չափը։ Այդուհանդերձ, տարեկան երկու անգամ կենսաթոշակները 700-800 դրամ բարձրացնելով հազիվ թե լուծվեն ոլորտի խնդիրները: Մինչդեռ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համար ոչ այնքան մեծ հավելումներով փոքր կենսաթոշակների ժամանակին վճարումը հետզհետե ավելի ու ավելի դժվար է դառնում։ Սեպտեմբեր ամսվա կենսաթոշակները մայրաքաղաքում վճարվել են միայն հոկտեմբերի կեսերին, իսկ հանրապետության որոշ մարզերում դրանք դեռեւս չեն հասել հասցեատերերին։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG