Մատչելիության հղումներ

«Արդարություն» դաշինքի վաղվա հանրահավաքը արտոնված է, իսկ երթը՝ ոչ


Մայրաքաղաքի իշխանությունները արտոնել են ընդդիմադիր «Արդարություն» դաշինքին հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում անցկացնել «Ո’չ ահաբեկչությանը» կարգախոսով հանրահավաքը, սակայն մերժել են արտոնել հարնահավաքից հետո ծրագրված երթը դեպի Ազգային ժողովի շենք՝ ծաղկեպսակ դնելու 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հուշաքարին:

Քաղաքապետարանը, փաստարկելով, թե Պետավտոտեսչությունը նպատակահարմար չի գտել երթի անցկացումը այդ ժամին, առաջարկել է երթի մասնակիցների թիվը ենթադրվող 10-15 հազարից կրճատել մինչեւ 15 մարդ:

Հանրահավաքների, երթերի, ցույցերի անցկացման հարցերով քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, փաստարկելով երթը չարտոնելը, վկայակոչեց Պետավտոտեսչության պատասխանը իրենց հարցմանը, թե՝ «Մաշտոց, Սայաթ Նովա եւ Բաղրամյան պողոտաները դասվում են մայրաքաղաքի գերծանրաբեռնված պողոտաների շարքին, որտեղ խիստ երթեւեկության պատճառով հաճախակի են տրանսպորտային խցանումները, ուստի... երթի անցկացումը գտնում ենք ոչ նպատակահարմար»:

Հանրահավաքի անցկացման հետ կապված հարցերը այսօր քննարկվել են «Արդարություն» դաշինքի խորհրդի նիստում, որից հետո Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե չի կարծում, որ իշխանությունները կխոչընդոտեն երթի անցկացումը:

«Ես կարծում եմ, որ քաղաքային իշխանությունները այնքան խոհեմ կգտնվեն, որ որեւէ խոչընդոտ չեն ստեղծի երթի համար», - ասաց Դեմիրճյանը:

Դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը նույնպես ասաց, որ երթը անպայման անցկացվելու է:

«Այն հիմնավորումը, որով մերժվում է երթի անցկացումը, որեւէ քննադատության չի դիմանում», - ասաց նա՝ պնդելով, թե մերժումը հակասում «Հանրահավաքների, երթերի եւ ցույցերի անցկացման մասին» օրենքին:


Ռուզաննա Ստեփանյան եւ Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG