Մատչելիության հղումներ

Թբիլիսիի բնակիչների կարծիքով, հայ-վրացական հարաբերությունները պետք է «լավագույնը լինեն»


Թբիլիսիի բնակիչները՝ ինչպես վրացի, այնպես էլ հայ, հարեւան ժողովուրդների միջեւ հարաբերությունների ներկա վիճակը բարվոք գնահատելով հանդերձ, համարում են, որ դրանք էլ ավելի խորանալու ու զարգանալու կարիք ունեն:

«Ես միշտ կողմ եմ եղել, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ լինի բարեկամություն եւ լավ հարաբերություններ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Թբիլիսիի մի բնակիչ: - «Որպեսզի ապրենք լավ հարեւանների պես»:

Վրացի մի երիտասարդ ասաց, թե Հայաստանի հետ պրոբլեմներ չեն եղել եւ չեն էլ լինի: Իսկ 70-ամյա Լեւան Բելվաձեի կարծիքով, Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները «պետք է ամենալավը լինեն», ինչին, ըստ նրա, ոչինչ չի խանգարում:

Վրաստանի մայրաքաղաքում ապրող հայերը նույնպես գտնում են, որ հայ-վրացական հարաբերությունները պատշաճ մակարդակի վրա են, սակայն, ըստ նրանց՝ դրանք զարգացնելու կարիք կա:

«Պետք է զարգացնել: Բավարար երբեք չի լինի... Միշտ զարգացնելու տեղ կլինի», - ասաց Էդուարդ Մուրադյանը: «Մենք, իհարկե, կուզենք, որ ամեն ինչ լավ լինի», - Մուրադյանին լրացրեց մի կին: - «Մենք հուսով ենք, որ Սահակաշվիլին՝ մեր նոր նախագահը, ամեն ինչով կբավարարի մեր այստեղի հայ ժողովրդին եւ այնպես կանի, որ հայ եւ վրաց ժողովուրդների հարաբերությունները լավանան»:

Իսկ 74-ամյա Գիվի Կալխիաշվիլին, ում հայրը վրացի էր, իսկ մայրը՝ հայ, դժգոհ է. - «Չեմ գոհանում, որովհետեւ այնպես չէ, ինչպես պետք է [լինի]: Ես այնպես եմ մեծացել, որ չեմ իմացել հայը ով է, վրացին ով է, օսը ով է, աբխազը՝ ով»: Իսկ հիմա, նրա խոսքերով, երկու մարդ զրուցելիս առաջին հերթին պարզում են միմյանց ազգությունը:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը թբիլիսցիների հետ զրուցել է նախագահ Քոչարյանի Վրաստան կատարած եռօրյա պաշտոնական այցի շրջանակներում, երբ շաբաթ օրը երկու երկրների նախագահները մասնակցեցին նաեւ Վրաստանի մայրաքաղաքի տոնին՝ Թբիլիսոբային:

Երկու նախագահներին ջերմորեն դիմավորեցին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի դերասանները, ովքեր «Պեպո»-ից հատվածներ էին ներկայացնում հենց փողոցում:

Թբիլիսիում շարունակում է գործել 145-ամյա հայկական թատրոնը, հայերեն թերթ է լույս տեսնում, կա ռադիոժամ, իսկ դեկտեմբերի 1-ից հեռուստատեսությամբ ամեն օր կհեռարձակվեն հայերեն լեզվով լուրեր:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG