Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղղությամբ «աշխատում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ»


«Մենք աշխատում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, որպեսզի ինչ-որ կերպ լուծվի Ղարաբաղի հարցը», - անցնող շաբաթ ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոլին Փաուելը USA Today թերթի խմբագրակազմի հետ հանդիպման ընթացքում։

Ամփոփելով նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի արտաքին քաղաքականության նվաճումները եւ անդրադառնալով նախկին խորհրդային հանրապետություններին, Փաուելը ասել է. - «Հազվադեպ է գրվում, որ վերջին 50 տարում ողջ Հարավային Եվրասիական գոտին, այսինքն՝ Կովկասն ու Կենտրոնական Ասիան, միշտ համարվել են նախկին Խորհրդային Միության մերձավոր արտասահմանը։ Մինչդեռ հիմա ԱՄՆ-ը ներկա է այդ «ստան»-ներից յուրաքանչյուրում», - ասել է Փաուլը՝ «ստան»-ի տակ, թերեւս, նկատի ունենալով այդ ածանցով վերջացող երկրները (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղըզստան, Թուրքմենստան): - «Եվ այդ պետություններից յուրաքանչյուրն այժմ այս կամ այն կերպ հարաբերություններ է պահպանում Միացյալ Նահանգների հետ, ինչն աներեւակայելի էր 15-20 տարի առաջ։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այս ամենը մեծ մասամբ կատարվել է Ռուսաստանի կողմից ըմբռնման, գործակցության եւ ներգրավվածության պայմաններում»։

«Սա չի նշանակում, որ ռուսները որոշ դեպքերում չեն նյարդայնացել եւ մենք ստիպված չենք եղել քննարկել այդ հարցերը», - շարունակել է ԱՄՆ-ի պետքարտուղարը։ - «Բայց փաստն այն է, որ մենք այնտեղ ենք»։

Փաուելը փաստում է, որ ռուսների հետ համագործակցությունը ակնառու կերպով դրսեւորվեց Վրաստանում անցած նոյեմբերին, երբ Շեւարդնաձեն հայտնվեց «շատ դժվար, անելանելի վիճակում»։

«Ակնհայտ էր», - ասել է նա, - «որ եթե որեւէ բան չձեռնարկվեր, Թբիլիսիում հեղափոխություն էր լինելու։ Եվ ողջ շաբաթավերջին մենք անմիջական խոսակցություններ ենք ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Իգոր Իվանովի հետ, երբ նա ուղեւորվում էր Թբիլիսի, երբ նա վայրէջք կատարեց Թբիլիսիում եւ երբ նա գնում էր Շեւարդնաձեին հանդիպելու։ Եվ Շեւարդնաձեն գիտակցեց, որ իր համար ամենալավ ելքը հեռանալն է»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG