Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Այս օրերին նորից խոսվում է կառավարությունում սպասվող կադրային փոփոխությունների մասին: Մասնավորապես, ասվում է, թե կա նախագահ - Սերժ Սարգսյան հակասություն, որի արդյունքում էլ պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվելու: «Եթե նման բան տեղի ունենա, չե՞ք կարծում, որ դրա վերջը ողջ կառավարության հրաժարականն է» հարցին վարչապետ Մարգարյանը, ինչպես փոխանցում է «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը, պատասխանել է. - «Ես վստահ եմ, որ հանրապետության նախագահ - Սերժ Սարգսյան հակասություն գոյություն չունի, էլ ուր մնաց՝ նման հակասության արդյունքում մինչեւ անգամ պաշտպանության նախարարի հրաժարականի հարց լինի: Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, ապա ես այդ հարցին միշտ պատասխանել եմ՝ երբ կլինի, կիմանաք»: «Տեսակետ կա, որ Սամվել Բաբայանի ազատ արձակումը քաղաքական կոնկրետ խնդիր է հետապնդում՝ ստեղծել Սերժ Սարգսյանին այլընտրանք»: Այս կապակցությամբ վարչապետը ասում է. - «Ես դրական եմ վերաբերում Սամվել Բաբայանի ազատմանը, եւ այդտեղ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում: Ես այդ մասին բազմիցս խոսել եմ Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ, ու նա ասել է, որ երբ կգա ժամանակը՝ Բաբայանն ազատ կարձակվի: Եկավ ժամանակը, ու նա ազատ արձակվեց»:

«Հայոց աշխարհ» թերթն այսօր անդրադառնում է. - «Ըստ հհշական մամուլի, Ռոբերտ Քոչարյանը եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը զօր ու գիշեր զբաղված են մեկը մյուսի տակը փորելով, մեկը մյուսի դավերին ու խարդավանքներին դիմակայելով... Այս օրերին էլ հերթական երկարաշունչ «վերլուծականն» են թխել՝ վերստին պտտելով «Սերժ Սարգսյան - Ռոբերտ Քոչարյան եւ մյուսներ» փոխադարձ սպառնալիքների եւ դավադիր նախաձեռնությունների մաշված ձայնապնակը»: Սա, ըստ «Հայոց աշխարհ»-ի, կարելի էր եւ բանի տեղ չդնել, եթե չլիներ հետեւյալ հանգամանքը. - «Հոկտեմբերի 27-ից առաջ Ռոբերտ Քոչարյան – Կարեն Դեմիրճյան – Վազգեն Սարգսյան համագործակցությունը, մասնավորապես, Դեմիրճյան - Սարգսյան տանդեմը երաշխիք էր երկիրը քաղաքական ցնցումներից զերծ պահելու համար: Այսօր այդ առաքելությունը վերապահված է քաղաքական կոալիցիային: Այն ժամանակ հհշական մամուլը, քափ-քրտինք մտած, զարգացնում էր մի կողմից` Վազգեն Սարգսյան - Կարեն Դեմիրճյան, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյան - Ռոբերտ Քոչարյան «տանդեմների» հակամարտության, փոխադարձաբար մեկը մյուսին ոչնչացնելու, մեկը մյուսի տակը փորելու կարուսելը: Ինչը պարարտ հող դարձավ՝ «27»-ի «ղարաբաղյան հետքը» զարգացնելու եւ սողացող իշխանափոխության առանցք դարձնելու համար: Այսօր նույն հհշական մամուլը զարգացնում է նույն սցենարը՝ փոխելով գլխավոր դերակատարների անունները», - ակնարկում է «Հայոց աշխարհ»-ը:

Մամուլում հրապարակումներ եղան, թե կառավարության որոշ անդամներ դժգոհ են ՀՀ դատախազությունում գործող կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի գործունեությունից, քանի որ այն գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համար դարձել է եւս մեկ քաղաքական լծակ այս կամ այն պաշտոնյայի դեմ գործեր նախապատրաստելու համար: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ զրուցից «168 ժամ» շաբաթաթերթի թղթակիցը տպավորվել է, որ նա նույնպես «խանդավառված չէ այդ բաժնի աշխատանքով»: Դավիթ Հարությունյանը մասնավորապես շեշտում է. - «Եթե դատախազությունը զբաղվում է օրենքով սահմանված կարգով, ապա ես այդտեղ խնդիր չեմ տեսնում: Իսկ եթե նրանք զբաղվում են այլ ձեւերով, որն օրենքը չի նախատեսել, դա, անշուշտ, համարում եմ ո’չ բարենպաստ եւ ո’չ ճիշտ: Առնվա’զն»: Ի պատասխան «Կարելի՞ է ենթադրել, որ դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի բաժինը նաեւ «այլ»՝ օրենքով չնախատեսված ձեւեր է կիրառում» հարցին, արդարադատության նախարարը հաստատել է. - «Տվյալներ ունենք, որ կիրառում են նաեւ այլ ձեւեր»:

«Առավոտ»-ի թղթակցի հարցերին՝ «Ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում իր ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հրապարակավ արտահայտած մի շարք դիրքորոշումներին, մասնավորապես՝ արդյոք նրա հետ համաձայնեցվա՞ծ է Գառնիկ Իսագուլյանի խոստումը, թե արվամոլ պաշտոնյաներն ազատվելու են պաշտոններից», «Արդյոք Ռոբերտ Քոչարյանն է՞լ է համաձայն իր խորհրդականի այն առաջարկին, թե ընդհանրապես չարժե ուշադրություն դարձնել, թե ինչ կասեն Թերի Դեւիսը կամ նրան հաջորդողը», նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը պատասխանել է. - «Նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը կարող է արտահայտել իր անձնական կարծիքն այս կամ այն հարցի կապակցությամբ: Կառաջարկեի ծագած հարցերին վերաբերող պարզաբանումների ու հնարավոր մեկնաբանությունների համար դիմել հենց իրեն»: Լրագրողը ենթադրում է. - «Թերեւս՝ իր այս բոլոր հայտարարություններն անելիս խորհրդականը Ռոբերտ Քոչարյանի սրտից էր խոսում եւ ասում այն, ինչ երկրի ղեկավարի պաշտոնը թույլ չէր տա ազդարարել հրապարակավ... Իսագուլյանը նման հզոր աջակցություն զգալով, ոգեւորությամբ շարունակում է խոցել այլ թիրախներ: Դրանցից մեկն, օրինակ, Եվրախորհրդում մեր պատվիրակությունն է»: Սրա հետ կապված, Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Առավոտ»-ի թղթակցին ասել է. - «Կարծում եմ՝ վերջերս արտահայտած իր պատկերացումներով եւ «խորհուրդներով» Գառնիկ Իսագուլյանը որեւէ կասկած չի թողնում, որ բացարձակապե՛ս չի պատկերացնում իր պաշտոնից բխող լիազորություններն ու պատասխանատվությունը: Ամբարտավան կեցվածքը կամ վինիպուխյան երկփեղկվածությունը չեն կարող լրացնել այդ բացը: Ինձ համար նորություն չէ, որ կան շատ մարդիկ, որոնց պատկերացումները միջազգային կառույցների մասին ուղղակի տղայական են եւ ամեն ինչ չափում են վախենալ-հերոսանալու չափանիշերով»: Ընդհանուր առմամբ, Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ընդգծում է, որ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի հետ իրենց «ճանապարհները տարբեր են եղել նախկինում եւ այժմ էլ լինելու են տարբեր»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG