Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ինչպես հայտնի է, Հայաստանի իշխանությունները լրջորեն դեմ են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, քանի որ համոզված են՝ այդ պետությունն արժանի չէ նման պատվի, քանի դեռ չի ճանաչել Ցեղասպանությունն ու չի վերացրել Հայաստանի շրջափակումը: Մի կողմից, սրա դեմ ոչինչ չես ասի: Մյուս կողմից», - ընդգծում է այսօր «Առավոտ» թերթը, - «որոշ իմաստով շահեկան է, երբ ժողովրդավարական չափանիշների հետ ոչ մի կապ չունեցող պետությանը վերապահումներով ընդունում են քաղաքակիրթ մարդկության շարքերը»: Որպես օրինակ «Առավոտ»-ը դիտարկում է Հայաստանի անդամակցությունը Եվրախորհրդին` մատնանշելով. - «Եթե ժամանակին մենք չդիմեինք այդ քայլին, ապա մեր իշխանությունների գլխին դամոկլյան սրի պես չէր կախվի Եվրախորհրդի առաջ ստանձնած ժողովրդավարական պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունը… Հիմա Ճիշտ է, Թուրքիան այնքան էլ ժողովրդավարական երկիր չէ եւ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, սակայն, ո՞վ գիտե, շատ հնարավոր է, որ Եվրամիությունը՝ իր բավական խիստ պահանջներով եւ չափորոշիչներով, ստիպի այդ երկրին քայլ անել դեպի առաջընթաց: Ամեն դեպքում, սա ավելի շուտ Հայաստանի շահերից է բխում, քան հակառակը», - կարծում է «Առավոտ» թերթը:

Հայաստան - Եվրոպա զուգահեռներում Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը «Հայոց աշխարհ» թերթում հետեւյալ պատմական համադրումն է անում. - «Անցած դարի 30-ականներին, երբ ֆաշիստական Գերմանիան ագրեսիվ քաղաքականություն էր իրագործում, 1938-ին նրան չպետք է զիջեին Չեխիան, Ավստրիան, Լեհաստանը, այլ քթին պետք է տային: Եթե Եվրոպան վճռական լիներ, ապա Երկրորդ համաշխարհայինը, տասնյակ միլիոնավոր զոհերով, ավերված երկրներով ու մարդկային ողբերգությամբ պարզապես չէր լինի»: «Մենք հիմա պետք է պինդ ու միասնական լինենք, քանի որ ոչ մեկին ոչինչ պարտք չենք: Չեմ հասկանում, թե ինչու մենք պետք է որեւէ բան զիջենք», - ասում է Վահան Հովհաննիսյանը` պատասխանելով Ֆիզուլին, Զանգելանը եւ Կուբաթլուն Ադրբեջանին հանձնելու հավանականության մասին հարցին:

«Ռոբերտ Քոչարյանի համար այժմ կարծես ամենեւին էլ լավ ժամանակներ չեն», - ձեւակերպում է այսօր «Իրավունք» թերթը: - «Միայն ռուս-վրացական շրջափակումը ճեղքելու անկարողությամբ չեն սահմանափակվում նրա առջեւ ծառացած դժվարությունները: Հասունանում է նոր սկանդալ Արցախի հարցով»: «Իրավունք»-ի մեկնաբանը հղում է անում. - «Նախագահի խոսնակ Աշոտ Քոչարյանը այդպես էլ ո’չ հերքեց եւ ո’չ էլ հաստատեց Արամ Սարգսյանի պնդումը, թե Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Ադրբեջանին վերադարձնել Զանգելանի, Ֆիզուլիի եւ Կուբաթլուի շրջանները»: «Նոր ջրբաժաններն արդեն ուրվագծվում են» վերնագրի տակ «Իրավունք»-ում մատուցվում են նաեւ այսպիսի դիտարկում-նախանշումներ. - «Հանրապետական կուսակցությունը գնալով ավելի ու ավելի է հստակորեն իրեն սահմանազատում Ռոբերտ Քոչարյանի գրեթե միակ քաղաքական հենարանից` Դաշնակցությունից: Փոխարենը արտաքին քաղաքականության մի շարք հարցերում, մասնավորապես հայ-թուրքական հարաբերություններում ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարի ասելիքները գրեթե ամբողջությամբ համընկնում են ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանի ասելիքի հետ»: «Այսպիսով, արդեն իսկ ուրվագծվում է ջրբաժանը ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ ու միաժամանակ` ընդհանրությունները «նախկինների» ճամբարի հետ: Իսկ ՀՀԿ-ի եւ մասնավորապես վարչապետ Անդրանիկ Մարգարյանի բարյացակամ հարաբերությունները ընդդիմադիր դաշտի, առաջին հերթին, «Հանրապետություն» կուսակցության հետ, հանրահայտ են», - ակնարկում է մեկնաբանը` շարունակելով. - «Խոշոր առումով, ընդդիմադիր դաշտն էլ ամբողջովին կարծես դեմ չէ Ազգային ժողովում մասնակցել Ընտրական օրենսգրքի քննարկումներին եւ հանուն դրա ընդհատել խորհրդարանի բոյկոտը: Դրանով, անշուշտ, մեծանում են մաքուր կամ առավելապես համամասնական ընտրակարգ սահմանելու հնարավորությունները»:

Վկայակոչելով ուժային կառույցներին մոտ կանգնած շրջանակներ` «Իրավունք»-ը փոխանցում է, թե վերջին շրջանում «հաճախակի են դարձել գեներալիտետի եւ զինվորական վերնախավի որոշ ներկայացուցիչների հանդիպումները թե’ նեղ շրջապատում եւ թե’ երկրապահական որոշ շրջանակների հետ». - «Զրույցներում ու հավաքներում նրանք դժգոհություն են արտահայտում երկրում տիրող «թույլ կառավարվող» իրավիճակից, իշխանական «լղոզված» կոալիցիոն` կոլեկտիվ անպատասխանատվության մթնոլորտ առաջացնող համակարգից: Կիսաօլիգարխիկ, կիսագողական, կիսաօրինական «բեսպրեդելի» կանոնները, ըստ նրանց, անխուսափելիորեն իրենց արտացոլումն են գտնում նաեւ բանակում… Ըստ նույն աղբյուրների, չի բացառվում, որ մոտ ժամանակներս հիշյալ շրջանակները դիմեն նախագահին` պահանջելով ու հորդորելով նրան կտրուկ միջոցներ ձեռնարկել երկրում «նորմալ ու կառավարելի իրավիճակ» ստեղծելու ուղղությամբ եւ կարգի հրավիրել կամ ազատվել «հաբրգած» պաշտոնյաներից ու մաֆիոզ տարրերից»: «Կռվեցին գեներալն ու գործարարը» վերնագրի տակ «Իրավունք»-ը այսօր նաեւ ներկայացնում է. - «Հոկտեմբերի 10-ի ուշ երեկոյան երեւանյան սրճարաններից մեկում հայաստանյան մի խումբ գործարարների հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաեւ գեներալ Սեյրան Սարոյանը, վերջինիս եւ պատգամավոր, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի միջեւ ծագել է վիճաբանություն, որից հետո Սարոյանի թիկնազորը Աղաբաբյանին ռեստորանից դուրս է հանել: Կռվին միջամտել են մոսկվայաբնակ «օրենքով գողեր», որոնց միջամտության շնորհիվ կռիվը դադարել է»: Պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հերքել է քաղաքական շրջանակներում տարածված լուրերը, թե գեներալ Սեյրան Սարոյանը շաբաթ օրը իրեն ծեծի է ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ: Աղաբաբյանը թղթակցին ասել է, որ իր եւ Սարոյանի միջեւ տեղի է ունեցել տաք վիճաբանություն, որը ավարտվել է միայն քաշքշոցով եւ ոչ ավելի: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ կոնֆլիկտը ծագել է այն բանից հետո, երբ Սարոյանը «ա՛յ տղա»-ով է դիմել իր հետ նույն սեղանի շուրջ նստած Աղաբաբյանին: «Այնպես որ, տեղեկությունները, թե Աղաբաբյանի եւ Սարոյանի տարաձայնությունների պատճառները Հայաստանի զարգացման ստրատեգիական ուղղությունների վերաբերյալ նրանց մոտեցումների տարբերություններն են, խիստ չափազանցված են», - հեգնանքով փաստագրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Մանավանդ որ, կոնֆլիկտը հարթված է, եւ կարելի է ասել՝ Հայաստանի ներքին կայունությանը ոչ մի լուրջ վտանգ չի սպառնում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG