Մատչելիության հղումներ

Գործադիրը որոշեց օգնել քաղաքացիներին ազատվել անպետք ավտոմեքենաներից


Հայաստանում 50 հազարից ավելի ավտոմեքենա կա, որոնք միայն փաստաթղթով գոյություն ունեն, վաղուց արդեն դրանց ավտոմեքենա համարել չի կարելի՝ տարբեր բակերում, գյուղերում, տարիներով լքված մեքենաներ` փչացած, երբեմն արդեն ժանգոտած կամ առանց անվադողերի: Բայց այդ գույքը հաշվառված է, դրանց համար պետք է ինչ-որ գումարներ վճարվեն, պետք է տարեկան տեխնիկական զննում անցկացվի:

Այսպիսի մեքենաների տերերը բնակչության այն խավն է, որ ժամանակին ավտոմեքենա է ունեցել, բայց հետո չի կարողացել այն պահպանել, վերանորոգել, օգտագործել, կամ էլ այդ մեքենաներն այնքան հին են, որ դարձել են անօգտագործելի:

Իսկ տարիներով կուտակված պարտքերը, միեւնույնն է, չեն փակվի, դրանք մնալու են թղթի վրա, տարեցտարի ավելանալով:

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ներկայացավ ՀՀ տարածքային կառավարման եվ արտադրական ենթակառույցների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Նա ասաց, որ գույքահարկի օրենքում փոփոխություն է առաջարկվում:

Օրենքում փոփոխության իմաստն այն է, որ այդպիսի մեքենայի տերը, չվճարելով կուտակաված պարտքերը, կարող են դիմել համապատասխան մարմիններին, որպեսզի իրենց մեքենաները խոտան համարվեն: Այդ դեպքում պետք է ոստիկանությանը վերադարձնեն մեքենայի տեխնիկական անձնագիրն ու համարանիշները եւ այլեւս կարող են համարել, որ մեքենա չունեն:

Հիշեցնենք, որ գույքահարկը հիմա հավաքում են համայնքները, եւ իրենց տեղական բյուջեներում հաշվի են առնում, այդ գումարները, թե իբրեւ պետք է մուծվեն ու հավաքվեն՝ գումարած չվճարված հարկերի տույժերն ու տուգանքները: Մինչդեռ դրանք անիրական սպասումներ եւ ոչ ռեալ հաշվարկներ, չնայած հենց այդ բյուջեն կազմողները շատ լավ էլ գիտեն, որ այդ հատկացումները չեն լինելու:

Եվ ահա կառավարությունը այժմ որոշել է ձերբազատվել միայն թղթերի վրա կուտակած այդ գումարներից:

Այսօր կառավարության նիստում հավանության է արժանացել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերը:
Ինչպես ծանուցում է կառավարության լրատվական ծառայությունը, առաջարկվող փոփոխությունների շարքում նշվում է, որ ?ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով 2005-2006 թթ. ընթացքում խոտանման դեպքում, գույքահարկի պարտավորությունը դադարում է այդ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից սկսած: Նույն որոշմամբ ՀՀ ոստիկանապետին հանձնարարվել է՝ իրավասու նախարարությունների եւ այլ պետական կառավարման մարմինների հետ համատեղ, նշված օրենքները ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել ?ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի խոտանման կարգը:

Վաչե Տերտերյանի խոսքերով, այս խնդրի լուծումը մեծ հնչեղություն կունենա, որովհետեւ շատ մարդիկ են առնչվում այդ պրոբլեմի հետ:

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը եւ Երեւանի՝ տեղափոխման ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակը: Նշվել է, որ դեռեւս 1983թ. Հայկական ՍՍՀ մինիստրների խորհրդի որոշմամբ հաստատված այդ հուշարձանների ցուցակը ներկայումս չի համապատասխանում հանրապետության վարչատարածքային բաժանմանը, հուշարձանների արժեւորման չափանիշներին եւ տեղեկատվության մշակման ու ինտեգրացման կից մեթոդներին, միասնական կադաստրավորման պահանջներին:

Ցուցակում 850 պատմամշկութային հուշաձան է ընդգրկվել: Ցուցակում փոփոխություններ կան, քանի որ ինչպես բացատրվեց, երեկվա պատմական արժեքներից շատերը, հիմա այեւս այդպիսին չեն՝ փոխվել է արժեքների ընկալումը, եւ որոշ նախկին արժեքներ այժմ դուրս են մնացել ցանկից: Կան նաեւ ցանկում նոր ավելացված պատմամշակութային հուշարձաններ:

Գծվելու է նաեւ հուշարձանների պահպանման գոտիները, քանի որ Երեւանի կենտրոնի քաղաքաշինական նոր լուծումները ոչնչացնում են հազվադեպ պահպանված հին շենքերը:

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG