Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգային ժողովում սեռական փոքրամասնության թեմայով քննարկումները կարծես թե թեւակոխում են քրեական ոլորտ,- անդրադառնում է «Առավոտ» թերթը:- Որոշ մեկնաբաններ հակված են կարծելու, թե քաղաքական էլիտայում արվամոլների՝ իբր գոյություն ունեցող ցուցակի մասին այս ողջ պատմությունը մտածված եւ շրջանառության մեջ դրված սադրանք է: Ընդ որում, ըստ մեկ վարկածի՝ այն մտածված է ներսում, մյուսի համաձայն՝ պատվիրված է դրսից: Երբեմն իշխանության ներսում միմյանց դեմ լարված կողմերը փաստերի սով էին զգում: Հակառակորդիդ մեղադրես կոռուպցիայի մեջ՝ նա էլ քեզ նույն կերպ կպատասխանի: Մեղադրես պետական միջոցների ոչ նպատակային գործածության մեջ՝ նա քեզ մատնացույց կանի Մոնտե Կարլոյում կրված գումարդ: Հայրենական իշխանությունների ներկայացուցիչների մեծ մասը չուներ ա՛յն հաղթաթուղթը, որով կարող էր ջախջախիչ պարտության մատնել հակառակորդին: Եվ, ո՜վ հաջողություն, գտնվե՜ց մեր խորհրդարանի մտավոր ներուժին համարժեք հրաշալի զբաղմունք՝ իրենց ներսում փնտրել եւ գտնել արվամոլներին, իսկ հետո նրանց հետ տղամարդավարի հաշիվ մաքրել»:

«Եթե մեր հասարակության մեջ իրականում գործում են գողական օրենքներ,- ինչպես պնդում են շատերը, ուրեմն, բխեցնում է այսօր «Հայոց աշխարհ» թերթը,- եթե մեկը մեղադրում է մեկ ուրիշին արվամոլության մեջ, բայց ապացույցներ չի ներկայացնում, ապա ինքն է այդպիսին»: Այս բանաձեւ-ակնարկը «Հայոց աշխարհ»-ը ուղղում է Հայ արիների» առաջնորդ Արմեն Ավետիսյանին:

«Իրար հետ «հատուկ» հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց ցանկացած ներթափանցում իշխանական կառույց պետության համար մահացու սպառնալիք կարող է լինել»,- շեշտում է այսօր «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը:

Վերջինիս դեղատոմսով այսօրինակ վտանգներով պիտի զբաղվեն ազգային անվտանգության մարմինները, իսկ եթե նրանց հանդեպ վստահություն չկա, կարող են ներգրավվել անկախ փորձագետներ, որոնց կողմնորոշումը կասկած չի հարուցում:

«Իրավունք» թերթի տեղեկություններով, Դաշնակցությունը վերջին ասուլիսում պատրաստվում էր շատ կոնկրետ հայտարարություններով եւ պահանջներով հանդես գալ: Պետք է ներկայացվեին իշխանական ամենավերին՝ գործադիր, օրենսդիր եւ իրավապահ օղակներում գտնվող կոռուպցիոներների անուններ եւ, բնականաբար, կադրային ու որոշ կառուցվածքային փոփոխությունների շուրջ առաջարկություններ: Սակայն, ըստ ՀՅԴ վերնախավին մոտ կանգնած աղբյուրների, ասուլիսից բառացիորեն մի քանի օր առաջ անսպասելիորեն ընտրվեց դաշնակցական «դեմարշի» այսպես կոչված փափուկ կամ ավելի ճիշտ արդեն ավանդական դարձած «լղոզված» տարբերակը:

Ըստ հիշյալ աղբյուրների, ՀՅԴ-ի ծրագրերի փոփոխությունը ամենեւին էլ պայմանավորված չէր վարչապետի գործոնով, այլ պարզապես նրանով, որ ՀՀ նախագահի նստավայրից ՀՅԴ-ի վերնախավին նույնպես խիստ կոնֆիդենցիալ հավաստիացրել են, որ մոտ ժամանակներս ՀՀ նախագահը դաշնակցության ուզած փոփոխությունները իրականացնելու է: ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներին հաջողվել է դաշնակցականներին համոզել, որ այժմ ավելորդ աղմուկը եւ ավելորդ ճնշումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ նկատի ունենալով ՀՀ նախագահի խառնվածքը, կարող են պարզապես վիժեցնել բարեփոխումների գործընթացը:

«Իրավունք»-ի մեկնաբանը ենթադրում է, որ Գերագույն ժողովից առաջ ասուլիս հրավիրելու ՀՅԴ-ի առաջին հայացքից անտրամաբանական որոշումը իրականում հեռու գնացող գործնական նպատակներ էր հետապնդում՝ ըստ էության Ռոբերտ Քոչարյանին ժամանակ տալով «գործ անել», իհարկե, առաջին հերթին կյանքի կոչելով ՀՅԴ որոշ կադրային նկրտումները: Ըստ վերլուծաբանների, հակառակ դեպքում զգալիորեն կսասանվեն ՀՅԴ ղեկավարության այն մասի դիրքերը, որոնք արդեն 6-7 տարի է խիստ իշխանամետ քաղաքական կուրսի կրողներն են:

Ակնհայտ է, որ երկրում չկա քաղաքական որեւէ ուժ, որն ի վիճակի լինի ստանալ ժողովրդի վստահության քվեն, ստանձնել երկրի ապագայի կերտման պատասխանատվությունը եւ պատվով դուրս գալ այդ պատասխանատվության տակից,- այս ելակետից «Հայկական ժամանակ» թերթը այսօրվանից սկսում է այսպես ասած «երազանքի թիմ» ուրվագծելու նախագիծ, նշելով.«Օրըստօրե հանրության ավելի ու ավելի լայն շերտեր են համոզվում, որ ստեղծված վիճակից կարելի է դուրս գալ մեր քաղաքական, իրավական, տնտեսական դաշտի իրապես ողջ պոտենցիալը օգտագործելով: Ասել է թե՝ մենք մտածում կամ գուցե արդեն երազում ենք մի պետական գործող էլիտայի մասին, որում ընդգրկված կլինեն քաղաքական դաշտի բոլոր կարող ուժերը, որոնց իշխանությունը գուցե կլինի ժամանակավոր, բայց՝ բեկումնային, եւ այդ իշխանության օրոք մենք կկարողանանք կողմնորոշվել երկրի ապագայի մասին մեր պատկերացումներում: Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում այդ խորագրի ներքո մենք կներկայացնենք քաղաքական, հասարակական, պետական գործիչների եւ ընդհանրապես մարդկանց, որոնք, մեր կարծիքով, կարող են պիտանի լինել երկիրը ստեղծված վիճակից հանելու գործին»:

Ենթադրվում է, որ ցուցակում լինելու են դաշնակցականներ եւ ՀՀՇ-ականներ, ՀԺԿ-ականներ եւ ՀՀԿ-ականներ, ինտելեկտուալներ եւ ոչ այնքան, ներկա ու նախկին պաշտոնյաներ, անգամ այնպիսիները, ովքեր գուցե համարվում են, ասենք, կաշառակեր:

Առաջինը այս ցուցակում «Հայկական ժամանակ»-ը ամրագրել է Վազգեն Մանուկյանին, մասնավորապես բնութագրելով՝ լայնախոհ է, խարիզմատիկ, քաղաքական փորձառության մեծ պաշարներ ունի: Թերություններից նշված է. սեւեռուն ամբիցիաների եւ սեւեռուն տեսակետների կրող է:

Մամուլի ավելի ու ավելի շատ հրապարակումներում արձանագրվում է, որ Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները կասկածի տակ են դրվում: - Համենայն դեպս, Հայաստանի սերտ բարեկամ, ռազմավարական եւ միակ դաշնակիցը համարվող Մոսկվան Երեւանին դրել է մի վիճակի մեջ, որն աննախադեպ է վերջին 13 տարիների համար,- գրում է «Ազգ» թերթի մեկնաբանը:- Շուտով կլրանա մեկ ամիսը, ինչ ռուս-վրացական սահմանը շարունակում է մնալ կողպված, այսինքն՝ անուղղակիորեն Ռուսաստանը շրջափակման մեջ է պահում Հայաստանին: Մոսկվան իր այս քայլով դժգոհություն է արտահայտում Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելու քաղաքականությունից: Սակայն Հայաստանին պատժելու այն եղանակը, որ ընտրել է Ռուսաստանը, երկար ժամանակահատվածի համար արդարացված չէ: Եթե իրոք Ռուսաստանը ցանկություն ունի Հայաստանի քաղաքական շրջանակներում, հասարակության մեջ առաջ բերել հակառուսական տրամադրություններ, ապա նա կարող է շարունակել կողպեքի տակ պահել ռուս-վրացական սահմանը, այսինքն՝ շրջափակման մեջ պահել Հայաստանին,- ակնարկում է «Ազգ»-ի մեկնաբանը՝ «Ռուսաստանը միանում է թուրք-ադրբեջանական շրջափակմանը» վերնագրի տակ:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG