Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ըստ «Հայկական Ժամանակ» թերթի Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի արձագանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ստիվեն Մանի ասածներին այլ կերպ, քան պատանեկան պոռթկում՝ դժվար է անվանել: Օսկանյանի վերաբերմունքը ցույց է տալիս, որ իշխանությունները ԼՂ հարցի կարգավորում չեն ցանկանում, եւ այդ խնդրի լուծումն իրենց համար առաջնային չէ: Որովհետեւ ինչ իմաստ ունի մտածել մի հարցի կարգավորման մասին, որի առկայությունը չի խոչընդոտում երկրի զարգացմանը եւ չի խոչընդոտելու առնվազն առաջիկա հարյուր տարում:

Ընդհանրապես, «Հայկական ժամանակ»-ի գնահատականով՝ մեր իշխանավորները, որոնք ներքին քաղաքականության ասպարեզում գել ու գազան են` աջուձախ ջարդելու իմաստով, արտաքին քաղաքականության ոլորտում անօգնական տղեկների են հիշեցնում: Լեռնային Ղարաբաղի հարցում, օրինակ, նրանց պատկերացումը սահմանափակվում է հետեւյալ մոտեցմամբ. Հայաստանի համար ընդունելի է ցանկացած տարբերակ, որով Ղարաբաղը սկուտեղի վրա կմատուցեն Հայաստանին: Այս ամենը, որպես խաշի սեղանի շուրջ զրույցի թեմա, իհարկե, վատ չի հնչում, բայց արտաքին քաղաքականության մեջ սրա վերջն առնվազն թղթե շերեփն է` եւ լիքը սոված մանուկներ»,- նախանշում է «Հայկական ժամանականը»:

Արմեն Ռուստամյանը, Վարդան Օսկանյանը, Վահան Հովհաննիսյանն իրար ետեւից հրապարակավ խստորեն քննադատեցին Թերի Դեւիսի զեկույցը: ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը կարծում է, որ այդ արտահայտությունները շատ ավելի վտանգավոր են, քան Թերի Դեւիսի զեկույցում առկա որոշ դրույթներ: Մենք ոչ թե պետք է մերկապարանոց կերպով ամեն ինչ ժխտենք, այլ սառը եւ հանգիստ պիտի ներկայացնենք, թե այդ զեկույցում ինչն է անընդունելի մեզ համար եւ ինչն է, որ իսկապես կարող է հիմք լինել հաջորդ զեկույցի համար: Հարցի պարզապես ժխտումն օտարների մոտ ակնհայտորեն կասկած է առաջացնելու, թե մենք ընդհանրապես ոչինչ չունենք ասելու Ղարաբաղի հարցում եւ ուղղակի փորձում ենք ավելորդ աղմուկ բարձրացնել,- «Առավոտ» թերթում ասում է Տիգրան Թորոսյանը,-
Ուղղակի մարդիկ պետք է գոնե մի անգամ կարդային այդ փաստաթուղթը եւ հետո փորձեին ինչ-ինչ մտավարժանքներ անել: Կան նաեւ կարեւոր ձեւակերպումներ, որոնք պետք է ամեն ինչ անենք, որ դառնան ապագա զեկույցի հիմք: Ուղղակի ժխտումը ոչնչի չի բերի Ղարաբաղի հարցում. ճիշտ հակառակը՝ կհանգեցնի մեզ համար շատ անցանկալի հետեւանքների»: Ի վերջո, Տիգրան Թորոսյանը առաջարկում է. «մարդիկ պետք է պարկեշտություն ունենան ու հրաժարվեն անձնական կամ խմբակային էժանագին հեղինակություն ձեռք բերելու իրենց նկրտումներից»:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննսիյանը «Այբ-Ֆե»-ի թղթակցին ասել է, ճանաչելով Ատկինսոնին եւ իմանալով թերի Դեվիսի ազդեցությունը նրա վրա, եվ ընդհանրապես Եվրոպայի Խորհրդի, պիտի ընդունենք , որ հունվարին ունենալու ենք շատ ավելի խիստ, կոշտ ու շատ ավելի ոչ հայանպաստ ձեւակերպումներով բանաձեւ:Դեւիսը նախատեսում էր իր զեկույցը կառուցել բավականին հումանիտար, նա չէր ուզում քաղաքականացնել զեկույցը, ուզում էր այն կառուցել համամարդկային արժեքների հիման վրա: Բայց ներկայացված զեկույցը էականորեն տարբերվում էր այն մտքերից ու նախագծից, որ նա ուներ 6 ամիս առաջ: Եվ սա Հովհաննես Հովհաննիսյանի ընդգծմամբ, սուբյեկտիվ կարծիք չէ: Այն, ինչ ասում է Թերի Դեւիսը՝ ասում են Մինսկի խմբի համանախագահները, նախագահող երկրները, եվրոպական այլ երկրներ, միջազգային կազմակերպությունները: -«Ուզում եք ասել, որ Ռոբերտ Քոչարյանի ոչ լեգիտիմության գինը հայ ժողովուրդը կարող է վճարել Ղարաբաղո՞վ»: «ԱՅբՖե»-ի այս հարցին պարոն Հովհաննիսյանը պատասխանում է. «Ոչ միայն Ղարավաղով: Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ Ղարաբաղը գին չունի եւ Ղարաբաղի պատճառով մենք դուրս ենք մնացել տարածաշրջանային բոլոր գործընթացներից: Իսկ նրանք հարցրե՞լ են Հայաստանի ժողովրդին. կարելի՞ է 100 տարի ապրել այսպիսի պայմաններում, իսկ Հայաստա՞նն ինչ գին ունի, եթե Օսկանյանը Ղարաբաղի գինն է դնում: Իրենք չեն կարողանում հասկանալ, որ մինչեւ Հայաստանը հզոր, ժողովրդավար, ճանաչված, միջազգային հանրության մեջ կշիռ ունեցող պետություն չլինի, Ղարաբաղի հարցը ոչ մի անգամ հայանպաստ չի լուծվի: Իրենք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցը չլուծելու մեջ չի, ինչպես իրենք են մտածում՝ ձգձգել, չլուծել, էլի մնալ, էլի նստել, հետո կործանել եւ Ղարաբաղը, եւ Հայաստանը»:

«Իրավունք» թերթն էլ «Արմատ» հասարակական կազմակերպությունից փոխանցում է հետեւյալ մեկնաբանությունը, միայն ադրբեջանական լրատվամիջոցներից պարզ դարձավ Օսկանյանի գրգռվածության պատճառը: Երբ նա ասում էր, թե «Հայաստանին հնարավոր չէ վախեցնել», թաքցնում էր, թե ստույգ ով է փորձում վախեցնել: Պարզվում է ԱՄՆ-ն է ճնշում գործադրում: Իհարկե մեզ հետ ուժային դիրքերից խոսելը պարտավոր ենք մերժել, բայց Վարդան Օսկանյանը շատ թույլ դիրքերից ելույթ ունեցավ, շատ իմպուլսիվ էր նրա ելույթը եւ խորություն չուներ: Նա պետք է փաստեր, որ Հայաստանի շրջափակման մեջ մեղավոր են այն բոլոր երկրները, որոնք այս տարիների ընթացքում չեն օգտագործել իրենց ազդեցությունը, իսկ հիմա էլ ցանկանում են մեզ լուծումներ պարտադրել», - արձագանքում են «Արմատ» կենտրոնից:

«Իրավունք»-ի մեկնաբանը ավելորդ չի համարում հիշեցնել, որ1992-ին Ստամբուլում կտրուկ հայտարարություն անելուց հետո հրաժարական էր տվել արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ուստի բավականին հավանական է, որ շուտով Ռոբերտ Քոչարյանը զոհաբերի արտգործնախարարին»:

«Աշնանային սրացումներ Հարավային Կովկասում» վերնագրով վերլուծականով «Հայոց աշխարհ» թերթում այսօր խտացված է. «Ադրբեջանի հետ շարունակվող ներկա դիմակայության պայմաններում Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների հետագա վատթարացման հեռանկարները հրամայաբար պահանջում են Հայաստանից այնպիսի ճկուն արտաքին քաղաքականության որդեգրում, որը թույլ կտա չներքաշվել որոշ տարբերակներում Վրաստանում ամենեւին էլ չբացառվող ռազմական նոր դիմակայության մեջ, բայց մյուս կողմից՝ բոլոր հնարավոր միջոցներով կանխել Ռուսաստանի հետ իր փոխգործակցությունը խորացնելու եւ տարածաշրջանում մեր երկիրը մեկուսացնելու Ադրբեջանի վերջին փորձերի հետագա ծավալումը:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG