Մատչելիության հղումներ

«Հայաստանի ֆինանսական շուկան վստահություն հայտնեց Հայաստանի կառավարությանը»


Այսօր ֆինանսների նախարարությունը թողարկեց մինչեւ օրս պետական պարտատոմսերի պատմության մեջ ամենաերկարաժամկետ պարտատոմսերի առաջին խմբաքանակը: Այսպիսով, ներքին պարտքի կառուցվածքում առաջ եկան նոր տեսակի պարտատոմսեր 7-30 տարի ժամկետայնությամբ:

Այսօր տեղաբաշխվեց 7 տարի ժամկետով 1,5 միլիարդ դրամի առաջարկով պարտատոմսեր: Աճուրդին մասնակցեց մասնակցության իրավունք ունեցող գրեթե ամբողջ ֆինանսական շուկան եւ պահանջարկը՝ 4 միլիարդ 300 միլիոն դրամ, գերազանցեց առաջարկը 3 անգամ: Ֆինանսների նախարարությունը հաստատել էր արժեկտրոնի տոկսադրույքը 10 տոկոսի սահմաններում, շուկան ճշգրտեց հաշվարկը եւ արձանագրվեց 9,24 տոկոս միջին եկամտաբերության:

Մինչեւ 2000 թվականը թողարկվել են կարճաժամկետ պարտատոմսեր՝ մինչեւ 1 տարի ժամկետայնությամբ: 2000 թվականից սկսվեց միջին՝ 1-5 տարի ժամկետայնությամբ պարտատոմսերի թողարկումը: Իսկ այսօրվանից առաջ եկավ երկարաժամկետ պարտքը, որը վերջերս կառավարության հաստատած կարգի համաձայն 5-30 տարվա ժամկետայնություն կունենա: Հոկտեմբեր ամսին նախատեսվում է իրացնել միջին ժամկետով՝ 4-ամյա պարտատոմսեր, իսկ մինչեւ տրեվերջ՝ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին պետությունը նորից պարտք կներգրավի արդեն երկարաժամկետ կտրվածքով:

ֆինանսների նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը այս պարտատոմսերի թողարկումը եւ բարեհաջող տեղաբաշխումը գնահատեց որպես շահավետ գործարք պետության համար եւ ռազմավարական նշանակություն ունեցող փաստ, որով Հայաստանի ֆինանսական շուկան վստահություն հայտնեց Հայաստանի կառավարությանը:

Ֆինանսների նախարարության տվյալներով, ներքին պետական պարտքը անվանական արժեքով կազմում է մոտ 46 միլիարդ դրամ: Պետական պարտատոմսերի գծով դեֆիցիտի ֆինանսավորումը կազմում է 2 միլիարդ 303 միլիոն դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը անցած տարվա ընթացքում կազմել է 13,72 տոկոս, իսկ պարտատոմսերի միջին կշռված ժամկետայնությունը՝ 353 օր:

Ֆինանսների նախարարության համոզմամբ, երկիր արտաքին պարտքը այսօր մտահոգություն չի առաջացնում: Այն կազմում է 1 միլիարդ 97 միլիոն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 39,3 տոկոսը: 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը ձեւավորող վարկային զամբյուղը բաղկացած էր գործող 51 պայմանագրերից:

Ինչպես հայտարարեց Արշալույս Մարգարյանը, միջազգային անխտիր բոլոր գնահատականներով այսօր Հայաստանը արտաքին պարտավորությունների առումով միջին բեռնվածության ունեցող երկրների շարքից կամաց-կամաց շարժվում է դեպի ցածր, պարտքային թույլ ծանրաբեռնվածություն ունեցող երկրների շարքը:

Նրա բացատրությամբ, այսօր, երբ առկա է տնտեսական աճ, բյուջեի եկամուտների անընդհատ ավելացում եւ բյուջեի հավաքագրման ֆանտաստիկ բարելավում, եւ հիմա, երբ Հայաստանն ազատվել է ծանր պայմաններ ունեցող ռուսական եւ թուրքմենական վարկերից, պետությունն այլեւս խնդիրներ չի ունենա վարկերի սպասարկման եւ վերդարձման գործում:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG