Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հսկայական եւ բնական պաշարներով գերհարուստ Խորհրդային Միության փլուզման հիմնական պատճառներից մեկն տնտեսականն էր, հիշեցնում է «Առավոտ» թերթը՝ այդ ֆոնի վրա առավել քան տարօրինակ որակելով ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի երեկվա հայտարարությունը, թե Հայաստանն արդեն ապացուցել է, որ կարող է ոչ միայն գոյատեւել, այլեւ զարգանալ «առանց այդ ծրագրերի»՝ նկատի ունենալով Կարս-Գյումրի- Թբիլիսի երկաթուղու գործարկման հարցում վրաց-թուրքական նոր նախագիծը, որտեղ Հայաստանի մասնակցությունը չի ենթադրվում:
«Ավելին, ունենալ նման չափերի հասնող արտաքին պարտք, ընդ որում՝ նաեւ ԱՄՆ-ին, եւ ի լուր աշխարհի հայտարարել, թե մեր երկիրն ապացուցել է, թե կարող է գոյատեւել եւ զարգանալ առանց ամեն կարգի տարածաշրջանային ծրագրերի, նշանակում է կրակին յուղ լցնել: Հանկարծ ու Համաշխարհային բանկը կամ միջազգային ֆինանսական այլ կառույց որոշի, որ եթե Հայաստանն այդքան հզոր ու տնտեսապես անկախ երկիր է, ուրեմն նա կարող է յոլա գնալ նաեւ առանց վարկային տրանշների: Նման տղայական հայտարարությունները կարող են բերել նրան, որ Լեռնային Ղարաբաղի համար արդեն ստիպված լինենք կոնկրետ գին նշանակել»:

«Ներկա քաղաքական աշունը հայրենի ընդդիմությունը դիմավորում է անորոշ հայտարարություններով եւ նույնքան անորոշ հեռանկարներ խոստացող համաժողովներով արձանագրում է այսօր «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը: Ընդդիմադիրները պատկերացում անգամ չունեն սեփական անելիքի մասին: «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» առաջնորդների հիմնական ուշադրությունն ուղղվել է զանազան մեծ ու փոքր փաստաթղթեր, մեղադրագրեր, սեփական ընդարձակ ճառերի ժողովածուներ կազմելու եւ դրանք մամուլում տպագրելու նպատակին»:

«Հայոց աշխարհ»-ի մեկնաբանի հայացքով,- «Այսպիսով, առաջին անգամ առանց լուրջ ընդդիմության քաղաքական աշունը դիմավորող իշխանությունները ստացել են եզակի շանս՝ հասարակության համախմբմանն ուղղված գործնական ու հստակ քայլերի դիմելու համար: Արմատականության հոգարքի արդյունքում առաջացած ներկա վակուումը կարելի է «լցնել» վերեւից եւ ապացուցել, որ այն, ինչի մասին սոսկ խոսում է ընդդիմությունը, իրականացվում է իշխանության կողմից՝ առանց ավելորդ աղմուկ-աղաղակի»:

«Ընտրություններն ավարտված են մոռացեք...» վերնագրի տակ «Գոլոս Արմենիի» թերթում ամրագրված է, որ համատարած կաշառքի ու վախի մթնոլորտում կատարված «ընտրությունների» արդյունքում հայոց խորհրդարանում ավելացավ եւս մեկ մականունով հաստափոր: Այս առումով ընդգծվում է, որ նրան հովանավորող «Օրինաց երկիր» կուսակցության չափանիշներով, եթե մեկն անդամագրվում է իրենց՝ փողոցայինից միանգամից «դառնում է» քաղաքական գործիչ: Այս իրավիճակում կուսակցության «Օրինաց երկիր» անվանումը դիտվում է արդեն որպես հեգնանք:

«Հայ արիական միաբանությունը արդեն բավական երկար ժամանակ հայտարարում է, որ հրապարակելու է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների ցանկը: Խոսքը արվամոլների կամ, ինչպես ընդունված է նրանց անվանել, գեյերի մասին է: Գուցե այն մեթոդաբանությունը, որով ՀԱՄ-ը տեղեկություններ է հավաքում իշխանավոր գեյերի մասին՝ օրենքի իմաստով մի փոքր կասկածելի է, բայց մյուս կողմից՝ սա մի խնդիր է, որ օր օրի ավելի է ահագնանում Հայաստանում,- անդրադառնում է «Հայկական ժամանակ» թերթը,- տպավորություն է ստեղծվում, որ գեյ լինելը շատ մոդայիկ է դարձել մեր իշխանական վերնախավում, եւ իսկապես հանրությունը իրավունք ունի իմանալու` ովքեր են նրանք:

«Հայկական ժամանակը» առաջարկում է. «Նրանք պետք է հանրությանը ներկայանան այնպես, ինչպես կան եւ բացատրեն իրենց ով լինելը: Եւ հանրությունը այս պարագայում ինքը պետք է որոշի՝ արդյո՞ք գեյ լինելը արգելք է որեւէ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու համար»:

«Հայ արիական միաբանություն» կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է, թե «արդեն 100 տոկոսանոց ճշտված փաստեր եւ լուսանկարներ ունի երկու նախարարի, երկու պատգամավորի եւ երեք բարձրաստիճան պաշտոնյայի հոմոսեքսուալ կապերի մասին, իսկ եւս մեկ պատգամավորի ու երկու այլ բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերյալ, որոնք, ըստ Արմեն Ավետիսյանի, շատ լուրջ ոլորտներ են համակարգում, ստացված օպերատիվ տեղեկությունն այս պահին ճշտվում է: Դրանից հետո կուսակցության նախագահը հանդես կգա ասուլիսով եւ բաց կինո-ֆոտոդիտում կկազմակերպի լրագրողների համար:

Սամվել Բաբայանին ներում շնորհելուց հետո ամենուրեք քննարկվում ու տարբեր վարկածներ են առաջ քաշվում նրան ազատ արձակելու որոշման իրական պատճառների վերաբերյալ: Մինչ լուրեր են շրջում այս կամ այն քաղաքական գործչի՝ Սամվել Բաբայանի հետ հանդիպումների մասին: Հայաստանի քաղաքական գործիչներն այս հարցի շուրջ զգուշավոր են արտահայտվում, քանի դեռ վերջնականապես չեն պարզել կատարվածի բուն նպատակը, որպեսզի իրենք էլ կողմնորոշվեն: Ով եւ ինչու ազատեց Բաբայանին հարցերի շուրջ ուրվագիծը «168 ժամ» թերթում ներառում է նաեւ հետեւյալ դիտակումները.«Սամվել բաբայանի առողջական վատ վիճակը, ներկայիս կարգավիճակում նրա՝ պաշտոններ զբաղեցնելու անհնարինությունը, մյուս կողմից՝ զինվորական բարձր կոչումներից զրկված լինելու հանգամանքը քիչ հավանական են դարձնում մոտական ժամանակներումս նրա ակտիվ քաղաքականություն վերադառնալը: Թերեւս ավելի հավանական է, որ նրա վրա Հայաստանի ներիշխանական հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու ֆունկցիա է դառնում»:

«Հայոց աշխարհ» թերթն էլ « Անտեղի իրարանցում» բնորոշման ներքո մատուցում է՝ «Սամվել Բաբայանի ազատ արձակվելու փաստը գտնվում է հենց մարդ արարածին բնորոշ՝ ներելու, փոխադարձ հանդուրժողականության աստվածաշնչյան պատգամների տիրույթում: ԼՂՀ նախագահի մարդասիրական քայլը մեր հասարակության համախմբման համար անհրաժեշտ դրական լիցքերի կուտակման, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորման նախադրյալ է»:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG