Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 18-ը սեպտեմբերի)

«Հայկական ժամանակ» թերթի արժեվորմամբ, երեկվա սենսացիոն իրադարձությունը` Սամվել Բաբայանի ազատության մեջ հայտնվելը, քաղաքական իրադարձություն է: «Բայց տվյալ դեպքում այս անսպասելի լուրը դրսեւորվում է նախեւառաջ մարդկային տեսանկյունից: Հայաստանցիների եւ ղարաբաղցիների ճնշող մեծամասնությունը Սամվել Բաբայանի ազատության մեջ հայտնվելը ուրախալի լուր կհամարի՝ անկախ նրանից, թե ինչպես է նախկինում վերաբերվել այս մարդուն եւ նրա գործունեությանը», - վստահ է «Հայկական ժամանակ»-ը: - «Չի բացառվում, որ Բաբայանի ազատության մեջ հայտնվելը ինչ-որ կերպ կապված է Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ստեղծված իրավիճակի հետ»:

«Անկախ պետականության այս տարիներին կարելի էր գոնե որոշ չափով քաղաքականապես աճել: Հասկանալ, որ հեղափոխությունների ժամանակներն անցել են», - խրատում է «Առավոտ» թերթը սահմանադրական փոփոխությունների նկրտումների առնչությամբ: - «Այսօր առավել հրատապ է ոչ թե իշխանության կամ օրենքների փոփոխությունը, որքան գործող իշխանություններին ստիպելը կատարել գործող օրենքներն ու գործող Սահմանադրությունը: Ահա սա՛ է պետականության զարգացման այս փուլում ամենահրատապ խնդիրը»:

«Մեզանում հավատում են հատկապես ասեկոսեներին։ Էլ ոչնչի, իսկ ամենագլխավորը՝ էլ ոչ մեկի։ Իսկ ամենից շատ չեն հավատում նրանց, ովքեր փորձում են ասեկոսեները հերքել», - անդրադառնում է այսօր «Հայոց աշխարհ» թերթը։ - «Հիմա մեր հայրենակիցների շրջանում, որոնք ձանձրույթից մեռնում են, քանզի օլիմպիական խաղերը վաղուց ավարտվել են, իսկ հեռուստատեսությամբ նայելու բան չկա, ասեկոսեներ են տարածվում կառավարության կազմում մոտ ժամանակներս սպասվող լուրջ փոփոխությունների մասին։ Պաշտոնանկ կարվի նախարարների եւ գերատեսչությունների ղեկավարների գրեթե կեսը։ Ասում են նաեւ, որ շատ բարձրաստիճան մի չինովնիկ խստորեն արտահայտվել է կառավարության մեջ բնական ընտրության օգտին։ Այժմ արդեն ամեն ինչ հասկանալի է», - բխեցնում է «Հայոց աշխարհ»-ը։ - «Առաջիկայում նախարարների շարքից կպակասեն նրանք, ում կհաջողվի հասնել, բռնել, պատառոտել եւ ուտել։ Իսկ ով կփախչի՝ թող շարունակի ապրել։ Այսպես է սովորաբար կատարվում բնական ընտրությունը»։

Սեպտեմբերի 21-ին ընդառաջ «Առավոտ»-ի խմբագիրը առաջարկում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք «կնպաստեն պատմական արդարության վերականգնմանը եւ մատաղ սերնդի դաստիարակությանը». - «Հայաստանի անկախության տոնը նշել ոչ թե սեպտեմբերի 21-ին, այլ փետրվարի 4-ին, քանի որ հենց այդ օրը 1998-ին իշխանության եկան պարկեշտ եւ ազգային ուժերը: Հայրենի գլխավոր օլիգարխներին վերանվանել Խելացի Գագիկ եւ Կոկիկ Սամվել: Երկնիշ տնտեսական աճն առավել ցցուն դարձնելու համար պարտադրել բոլոր օլիգարխներին՝ փողոցներում իրենց ուղեկցող «Ջիպերի» քանակը հասցնել 50-ի: Հիմնադրել Կուկուի անվան մարդու իրավունքների շքանշան եւ դրանով պարգեւատրել երկրի կայունության հիմնական երաշխավոր Ալրաղացի Լյովին: Կայունամետ քարոզչությանը նոր թափ հաղորդելու նպատակով քաղմասներում խոշտանգվող հանրահավաքների մասնակիցներին՝ ծեծն ընդմիջելով կարդալ Յեժի Յասկերնիայի զեկույցը՝ Հայաստանում ժողովրդավարության հաղթարշավի մասին: 2005 թվականը հռչակել Գիտելիքների եւ Բարձր ճաշակի տարի, որի շրջանակներում պարտադրել Հայաստանի քաղաքացիներին օրական առնվազն 3 ժամ դիտել ԱԼՄ հեռուստաընկերությունը»:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, երեկ Ռոբերտ Քոչարյանը ընդունել է ՀՅԴ վերնախավին: Վերջիններս եւս մեկ անգամ Քոչարյանին հասկացրել են, որ լուրջ համակարգային եւ կադրային փոփոխություններ անելու ժամանակն է: Բացի այդ, Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Քոչարյանին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հարցով նախկին զեկուցող Դեւիսի զեկույցի առթիվ իր մտահոգությունն ու առաջարկել է ուղիներ փնտրել՝ Եվրախորհրդում մեր պառլամենտական աշխատանքը այլ մարտավարությամբ կազմակերպելու համար: Լսելով Փարիզից վերադարձած Տիգրան Թորոսյանին, տպավորություն է ստացվում, որ «նա եւ Արմեն Ռուստամյանը եղել են տարբեր փարիզներում»: Վերջինս Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստից, որտեղ լսվել է Լեռնային Ղարաբաղի հարցով նախկին զեկուցող Թերրի Դեւիսի խիստ ոչ հայանպաստ զեկույցը, վերադարձել է չափազանց մտահոգ: «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում Արմեն Ռուստամյանը կիսվում է մի շարք մտահոգություններով. - «Քանի որ Դեւիսը արդեն Եվրախորհրդի գլխավոր քարտուղարն է, բնական է, որ իր տեսակետը, իր խոսքի հեղինակությունն այնքան մեծ է, որ կարող է էապես ազդել հետագա զեկույցի եւ ԼՂ հարցի հետագա քննարկումների վրա: Եթե այս մոտեցումներով ներկայացվի հիմնական զեկույցը, ապա այն իր մեջ մի քանի լուրջ վտանգ է պարունակելու։ Դա նշանակելու է, որ Ադրբեջանն ուղղակիորեն օգտագործելով այդ տեսակետները, որը նա համարելու է Եվրախորհրդի միասնական տեսակետը, լրացուցիչ ճնշում է գործադրելու՝ իր խնդիրները լուծելու համար։ Խիստ հավանական է, որ Ադրբեջանում այս զեկույցից հետո նոր թափ ստանան ռազմատենչ հայտարարությունները: Եթե նման զեկույց ներկայացվի հունվարին՝ այն, բնականաբար, չի կարող կյանքի կոչվել եւ կբերի տարածաշրջանում իրավիճակի սրման… նոր խոչընդոտներ կառաջացնի բանակցային գործընթացում՝ լրջագույն խնդիրներ դնելով համանախագահների առջեւ», - կանխանշում է Արմեն Ռուստամյանը։

«Ռուսաստանի ղեկավարության կտրուկ ակտիվացումը երկրի ներսում տրամաբանական շարունակություն է ստանում նաեւ բացահայտ մղումով` ցույց տալ, թե ով է իրական տերը Կովկասում», - արձանագրում է «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը` այս ֆոնին տեղավորելով եւ Աստանայում օրերս կայացած հանդիպման ժամանակ Կրեմլի հրապարակած առաջարկ-բանաձեւը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Մեկնաբանի տպավորությամբ, այդ տարբերակի` ի սկզբանե կողմերի համար անընդունելի լինելու դատապարտվածությունը հանգեցնում է այն մտքին, որ Ռուսաստանը, կարգավորման սեփական բանաձեւ շրջանառության մեջ դնելով, ոչ թե խնդիրի իրական լուծման նպատակ է հետապնդում, այլ պարզապես ձգտում է ցույց տալ, որ նախկինի պես առանցքային դեր է խաղում Հարավային Կովկասի խաղաղարար գործընթացներում: Ամեն դեպքում, ըստ «Գոլոս Արմենիի»-ի, Ռուսաստանի ավանդական աշխարհաքաղաքական ազդեցության գոտիներում եւս «զգացվելու են նրա ներքին նոր խմորումների հետեւանքներ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG