Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առայժմ որեւէ թեժ աշուն չի ստացվում», - արձանագրում է «Իրավունք» թերթը: - «Մարտավարություն ընտրելու ժամանակը ձգվում է»: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը իրավիճակի բնութագիրը «Հայոց աշխարհ» թերթում խտացնում է այսպես. - «Ընդդիմության հետեւում հոծ զանգված չկա: Իշխանության դիմաց հոծ զանգված կա»: «Այս պահին իշխանություն-ընդդիմություն քաղաքական երկխոսությունը (եթե առհասարակ այդպիսին եղել է, ըստ իս, ավելի շուտ եղել է քաղաքական պիտակավորում) իրեն սպառել է», - ասում է Հրանուշ Խառատյանը: - «Շտեմարանում նոր բան չեմ տեսնում: Իշխանություն-ընդդիմություն հարաբերության մեջ հստակ է՝ ասելիքի եւ վարքի նոր հավակնություն չկա»:

«Արդարություն» դաշինքի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը «Առավոտ»-ի հարցազրույցում այսօր որոշ հստակեցումներ է անում իրենց եւ ՀՀՇ-ի հարաբերությունների առնչությամբ. - «Արդարացված չեն այն կոշտ գնահատականները, որ գործող ընդդիմությանը տալիս է ՀՀՇ-ն ու փորձում պնդել, թե, ի տարբերություն մեզ, իրենք ունեն քաղաքական հստակ ծրագրեր եւ գաղափարախոսություն, գիտեն, թե ինչ քայլեր պետք է արվեն եւ այլն… Պետք է անպայման համագործակցության անկեղծ ցանկություն լինի եւ ոչ թե շահարկումներ եւ սեփական հավակնությունները բավարարելու համար օգտագործելու փորձեր: Բացի այդ, եթե ՀՀՇ-ն ցանկանում է վերադառնալ քաղաքականություն եւ չզբաղվել միայն սեմինարային քննարկումներով, ինչը հասարակական կազմակերպության խնդիր է, նա պարտավոր է առնվազն խոստովանել իր սխալները»:

««Կամ-կամ»-ի պարտադրանքը» վերնագրով խմբագրականում «Երկիր» թերթը առանձնացնում է. - «Մեզանում յուրատեսակ «բանաձեւ» է առաջացել. եթե իշխանության մաս ես կազմում, ապա պարտավոր ես բացարձակապես անտեսել իշխանության գործողություններում առկա թերությունները, պարտավոր ես արդարացնել իշխանության ցանկացած քայլ, պարտավոր ես տեսնել միայն լավը եւ, բնականաբար, պարտավոր ես քննադատել ու խարազանել ընդդիմության կողմից հնչող ցանկացած խոսք ու առաջարկ»: Նույն տրամաբանությանն էլ, ըստ թերթի, ընդդիմության մեջ է եւ դա անխուսափելիորեն հանգեցնում է «կամ-կամ» քաղաքական ռազմավարությանը` «Կամ մենք կհաղթենք, կամ` դուք», «Կամ մեր առաջարկած օրենքը կանցնի, կամ` ձեր», «Կամ մենք կունենան ամեն ինչ, կամ` դուք»: «Նման մտածողությունը բացառում է ամեն մի երկխոսություն, բանակցություն, էլ չենք ասում` կենսական խնդիրների լուծման մեջ համագործակություն», - փաստագրում է «Երկիր»-ը:

Ըստ «Իրավունք» թերթի` կադրային լայնածավալ փոփոխությունների մասին խոսակցությունները առաջիկա երկու ամսվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, կդառնան իրականություն. - «Այդ փոփոխությունները ենթադրում են, որ կփոխվեն նաեւ նախարարական պորտֆելներ բաժանելու ներկոալիցիոն համաձայնագրով սահմանված քվոտաները կամ լավագույն դեպքում կոալիցիայի կուսակցությունների միջեւ կփոխանակվեն պատասխանատվության որոշ ոլորտներ… Պաշտոնանկ լինելու թիվ մեկ հավակնորդը տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն է: Բավականին լուրջ կասկածի տակ է նաեւ ներկայիս գլխավոր ոստիկանապետի հետագա ճակատագիրը»: Առաջնային փոփոխելի են դիտվում եւ կրթության, ազգային անվտանգության ոլորտների ղեկավարները: «Իրավունք»-ում արդեն նշվում է նաեւ, թե որպես ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնի հնարավոր թեկնածու դիտարկվում է հարկային ծառայության ներկայիս պետ Ֆելիքս Ցոլակյանը: Չի բացառվում, որ տարածքային կառավարման նախարարի` ըստ էության, փոխվարչապետի պաշտոնը կառաջարկվի նախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար Արտաշես Թումանյանին, ինչը զգալիորեն կթուլացնի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի դիրքերը»:

«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Աստանայում երեկ տեղի ունեցած երկարատեւ, մի քանի ձեւաչափերով երրորդ հանդիպումը նախորդներից գլխավորապես առանձնանում է Ռուսաստանի նախագահ Պուտինի մասնակցությամբ եւ հանդիպման շուրջ բարձրացված աղմուկով», - ի մի է բերում այսօր «Հայկական ժամանակ» թերթը: - «Փորձագետներից շատերի կարծիքով, սակայն, այս հանդիպումն էլ որեւէ էական նշանակություն չի ունենալու բանակցային գործընթացը փակուղուց հանելու առումով: Այս տեսակետի կողմնակիցները համոզված են, որ հանդիպման կարեւորության, որոշիչ դեր ունենալու եւ առհասարակ որեւէ քայլ անելու մասին հայտարարություններն ընդամենը տպավորություն ստեղծելու համար են արվում: Իսկ իրականում հակամարտող կողմերի մոտեցումներն այսօր այնքան են հեռացել իրարից, որ համաձայնության գալն անհնար է: Պարզապես Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ստիպված են համաձայնությունների, քայլերի իմիտացիա ստեղծել, քանի որ միջազգային հանրության կողմից նրանց վրա մեծ ճնշում է գործադրվում հանդիպումների նոր շարք սկսելու եւ խաղաղ բանակցությունները շարունակելու ուղղությամբ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG