Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Սեպտեմբերի 14-ին Փարիզում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական խորհրդի նիստին Լեռնային Ղարաբաղի երբեմնի զեկուցող, իսկ այժմ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը, անդրադառնալով, մասնավորապես, Հայաստանի կողմից վերահսկվող վիճելի տարածքներին եւ փախստականների խնդիրներին, գործածել էր Հայաստանի համար ոչ ցանկալի ձեւակերպումներ: ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ընդգծում է, որ այդ փաստաթուղթն իրավական ուժ չունի: Բայց հնչած ձեւակերպումները, ընդհանուր առմամբ, վկայում են Լեռնային Ղարաբաղի հարցում Եվրախորհրդի կոշտ վերաբերմունքի մասին: Եթե սրան ավելացնենք երեկ Յեժի Յասկերնիայի մոնիտորինգային ելույթը Եվրախորհրդի առաջ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման մասին, որն, ի զարմանս ընդդիմության եւ հուրախություն իշխանությունների, բավական բարեհոգի էր, պատկերն առավել պարզ կդառնա», - շաղկապում է «Առավոտ» թերթը: - «Այն, որ Յասկերնիան նախընտրել է աչք փակել ժողովրդավարական չափանիշներն արհամարհելու՝ հայաստանյան իշխանությունների վարած քաղաքականության վրա, կարելի է գնահատել որպես իրենց՝ եվրոպական կոմպլեմենտարիզմի դրսեւորում: ԵԽԽՎ-ի ցուցադրած մոտեցումը ղարաբաղյան խնդրի լուծման հարցում եւ Հայաստանի ստանձնած ժողովրդավարական պարտավորությունների հարցում դրսեւորած մեղմությունը վկայում են, որ եվրոպացիներն այժմ բացահայտ առեւտուր են սկսել՝ հասկացնելով, որ կարող են «մոռանալ» մեր ընտրությունները, Հայաստանում մարդկանց իրավունքների եւ ազատությունների ոտնահարումները, ապօրինի ձերբակալությունները եւ այլն, եթե դրա դիմաց ստանան Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանից պահանջվող զիջումները: Հիմա ԵԽԽՎ-ն Հայաստանին ճնշելու իրական լծակներ ունի: Ցավալին այն է, որ այդ հաղթաթուղթը եվրոպացիներին տվել են հայաստանյան իշխանությունները», - եզրափակում է «Առավոտ»-ը: «Հայկական ժամանակ» թերթը նույնպես արձանագրում է, որ Եվրախորհրդի Հայաստանի հարցով մոնիտորինգի խմբի զեկույցը համահունչ է Հայաստանի գործող իշխանությունների տեսակետներին: Այստեղ, ինչպես եւ «Առավոտ»-ում, հարցազրույց է ներկայացվում պատգամավոր Շավարշ Քոչարյանի հետ, ով բանաձեւի նախագիծը «ոչ օբյեկտիվ» գնահատելով` միաժամանակ ամփոփում է . - «Այդ բոլորը սպասելի էր: Ի վերջո, երբեք Եվրախորհուրդն ու եվրոպական մյուս կառույցները իրենց վրա չեն վերցնի այն հարցերի լուծումը, որոնք պետք է լուծվեն երկրի ներսում»:

Իսկ երկրի ներսում այս օրերին ամենաուշագրավը թիվ 44 ընտրատարածքի շուրջ ներիշխանական կրքերն էին. ԱԺ պատգամավորի թեկնածու Արայիկ Հայրապետյանի նախընտրական շտաբը երեկ հանդես է եկել հայտարարությամբ` Հայրապետյանը հրաժարվում է այդ ընտրատարածքում պատգամավորի մանդատի համար հետագա պայքարից: «Ակնհայտ է, որ Արայիկ Հայրապետյանը այս որոշումն ինքնակամ չի կայացրել եւ դա արել է ՀՀ գլխավոր դատախազ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Աղվան Հովսեփյանի ճնշումների ներքո: Իսկ Հովսեփյանն էլ ստիպված էր ճնշել իր հայրենակցին, քանի որ իրեն այդպիսի հանձնարարական է տվել անձամբ Ռոբերտ Քոչարյանը», - մեկնաբանում է «Հայկական ժամանակ»-ը` շեշտադրելով. - «Այս ամբողջ պատմության ամենակարեւոր հետեւությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանին անգամ ապօրինի, ընտրակաշառքներով եւ սպառնալիքներով լի ընտրությունները Հայաստանի համար ավելորդ ճոխություն են թվում… Հայրապետյանը որպես ԱԺ պատգամավոր, իհարկե, ոչնչով ավելի արժեքավոր չէր լինելու մեր երկրի կամ թիվ 44 ընտրատարածքի հետագա ճակատագրի համար, բայց այստեղ արդեն իրավունքի խնդիր է: Չնայած, ինչ արած, սրանք նաեւ Աղվան Հովսեփյանի եւ Արայիկ Հայրապետյանի ստեղծած կարգերն են»: «Ազգային ժողովի նախագահը հաղթեց գլխավոր դատախազին: Ապարանցիները հանձնվեցին առանց լուրջ դիմադրության» խտացումների կողքին «Հայկական ժամանակ»-ում նշվում է նաեւ, որ ընտրությունների վերաքվեարկությանը չմասնակցելու` գլխավոր դատախազի որոշումից խիստ դժգոհ են «Նիգ-Ապարան» հայրենակցական միության բազմաթիվ անդամներ, որոնք առաջիկայում խոստացել են խոսել այդ մասին: Արայիկ Հայրապետյանն էլ, կարծես թե, առաջիկա օրերին պատրաստվում է լքել Հայաստանը: Ինչպեսեւ՝ խոստացել էր: «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը տարակուսած համադրում է, որ ընդամենը մեկ օր առաջ Արայիկ Հայրապետյանը հայտարարում էր, թե վճռական է տրամադրված, ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մտադրություն չունի։ «Չի՞ վկայում այս ամենը նրա մասին, որ թեկնածուին պարզապես «խորհուրդ են տվել» դուրս գալ ընտրապայքարից», - բխեցվում է «Հայոց աշխարհ»-ում: - ««Օրինաց երկրի» ներկայացուցիչ Արտակ Սարգսյանը կարող է պատգամավոր դառնալ գրեթե առանց պայքարի»:

«168 ժամ» շաբաթաթերթը այսօր լույս տեսած իր երկրորդ համարում ամրագրում է. - «Քաղաքական աշունը իսկապես թեժ է, բայց պայքարն ընթանում է ոչ թե իշխանությունների եւ ընդդիմության միջեւ, այլ իշխանության ներսում»: Այս առումով առանձին ուշադրություն է սեւեռվում, թե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հակասությունները գնալով սրվում են: Թերթի` նախագահականին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ ներկայումս Քոչարյանը այդ հակասությունը կարծես միտումնավոր տանում է առճակատման: Նա մինչեւ որեւէ քայլի դիմելը կամ որոշում կայացնելը, որպես կանոն, հող է նախապատրաստում դրա համար. - «Ասում են, թե Քոչարյանը դա անելու է մոտ մեկ ամիս առաջ պետական պահպանության ծառայության պետ նշանակված Գրիշա Սարկիսյանի եւ նախագահի վերահսկողության ծառայության պետ Վահրամ Բարսեղյանի միջոցով»: «168 ժամ»-ի մատուցմամբ, այս իրավիճակից «ավելի շատ մտահոգված են օլիգարխները, քանզի Քոչարյան – Սարգսյան հակասությունների արդյունքում սպասվում են տնտեսական ոլորտների վերաբաշխումներ»: Մեկնաբանները նաեւ ձեւակերպում են. - «Արդյունքում կարող է պարզվել, որ Քոչարյանի նպատակը ոչ թե Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելն է, այլ ընդամենը նրան «շարքային նախարար» դարձնելը… Ջիգիթը երեք բան չի կարող կիսել` կնոջը, ձիուն եւ իշխանությունը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG