Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Երեկ Ռոբերտ Քոչարյանը իր մոտ է հրավիրել ՀՀ գլխավոր դատախազ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Աղվան Հովսեփյանին եւ հանձնարարել Եղվարդի թիվ 44 ընտրատարածքում սեպտեմբերի 19-ին նշանակված վերաքվեարկությունից առաջ դադարեցնել «Նիգ-Ապարան»-ի նախընտրական գործունեությունը եւ ԱԺ պատգամավոր դառնալու հնարավորություն տալ «Օրինաց երկիր»-ի թեկնածու Արտակ Սարգսյանին: Այս լուրի հետքերով «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը ավելացնում է. - «Ռոբերտ Քոչարյանի այդ հանձնարարականն ի կատար ածելու համար հրավիրվել էր Հայրապետյանի նախընտրական շտաբի նիստը, որի անդամներն այդպես էլ վերջնական որոշում չեն կայացրել: Շտաբի անդամների մի մասը կողմ է եղել մասնակցությանը, մնացածները՝ դեմ: Անձամբ թեկնածուն` Արայիկ Հայրապետյանը, դեմ է եղել չմասնակցելուն եւ շտաբի նիստի ավարտից հետո կրկին վստահեցրել է, որ վճռականորեն է տրամադրված ընտրությունների մասնակցության հարցում, զիջելու մտադրություն ամենեւին էլ չունի: Ուրբաթ կամ շաբաթ օրը տեղի է ունենալու «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նիստը, եւ այդ կազմակերպությունը, որի անդամ է Արայիկ Հայրապետյանը, եւս կարող է որոշում կայացնել՝ չպաշտպանել իր անդամին: Կամ», - ակնարկում է մեկնաբանը, - «գուցե կա ինչ-որ այլ տիպի, ոչ տեսանելի պայմանավորվածություն, ըստ որի՝ Արայիկ Հայրապետյանը ընտրություններում հանդես է գալու առանց դատախազական աջակցության եւ փորձելու է ինքնուրույն հաղթել»:

Ըստ «Հայոց աշխարհ» թերթի` եթե պետական ինստիտուտները Հայաստանում, կադրային քաղաքականության տեղ-տեղ «անհասկանալի», երբեմն ուղղակի անհեթեթ դրսեւորումներով հանդերձ, այս կամ այն չափով կայացել են, քաղաքական համակարգը շարունակում է մնալ նախաստեղծ քաոսի վիճակում: «Խնդիրը բարդանում է նրանով, որ կոալիցիոն եռյակը շարունակում է «տապակվել սեփական յուղի մեջ»՝ համառորեն շրջանցելով համագործակցության դաշտն ընդլայնելու հրամայականը», - շեշտադրում է մեկնաբանը` հերթական անգամ հնչեցնելով հետեւյալ հարցը. - «Ո՞վ ասաց, թե հանրության ամբողջ մտավոր եւ քաղաքական ներուժը կենտրոնացած է ԱԺ-ում, եւ քաղաքական մեծամասնության՝ ՀՀԿ, «Օրինաց երկիր», ՀՅԴ խմբակցությունների, լավագույն դեպքում՝ ՄԱԿ-ի եւ «Ժողպատգամավոր» խմբի անդամ-պատգամավորներից զատ, որեւէ մեկը չի կարող իր լուման ներդնել պետության համար առանցքային հարցերում արդյունավետ մոտեցումներ որդեգրելու գործում»:

Իսկ կադրեր կան ամենուրեք: «Առավոտ» թերթի առաջին էջին դրանցից մեկի մեծ լուսանկարն է. - «Աշոտ Մանուչարյանը ճանաչել է իր վրա հարձակվողներից մեկին»: Այս տարվա ապրիլին Մանուչարյանի դեմ բռնարարքի փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի վարույթը, սակայն, երկու ամիս անց կասեցվեց: Մանուչարյանի համակիրներն էլ սեփական հետաքննությունն են անցկացրել, եւ արդյունքում նա ճանաչել է իր վրա հարձակվողներին: Լուսանկարի երիտասարդը մասնակցել է նաեւ ապրիլի 5-ին «Նաիրի» կինոթատրոնի դիմաց լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններին: Այսինքն` հին կադր է:

«Հայկական ժամանակ»-ի լրատվությամբ, առաջիկայում կադրային լայնածավալ փոփոխություններ են սպասվում ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում. փոխնախարար է նշանակվելու Գեղամ Ղարիբջանյանը, որը շուտով կավարտի իր առաքելությունը՝ որպես Իրանում Հայաստանի դեսպան: Փոխնախարարի պաշտոն կստանա նաեւ ներկայումս Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Բայբուրդյանը, որը եւս շուտով թողնելու է այդ պաշտոնը: Ներկայումս փոխնախարարի պաշտոն զբաղեցնող Ռուբեն Շուգարյանը կնշանակվի Իտալիայում ՀՀ դեսպան ու կհամատեղի նաեւ Իսպանիայում եւ Պորտուգալիայում ՀՀ դեսպանի պաշտոնը: Փոխարտգործնախարար Թաթուլ Մարգարյանը կստանձնի ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը: ԱԳՆ-ում ծրագրվում են կադրային այլ փոփոխություններ եւս: Բայց ամենամեծ ինտրիգը, «Հայկական ժամանակ»-ի որակմամբ, այն է` թե արդյոք արտաքին գործերի փոխնախարար կդառնա Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Լեւորն Սարգսյանը, որը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եղբայրն է:

Ուսումնասիրելով 2001-2003թթ. ՀՀ պետական բյուջեի երիտասարդական տողով իրականացված ծախսերն ու ծրագրերը, «Նոր Հայաստան» հասարակական կազմակերպությունը «Առավոտ» թերթում ներկայացվող վերլուծականում ընդգծում է. - «Հայաստանի վերջին ժամանակների զարգացումներից ակնհայտ է դառնում, որ գաղափարական, քաղաքական, տնտեսական գործընթացների եւ դրանց բազմաբնույթ հետեւանքների համար այլեւս անիմաստ է մեղադրել առանձին անհատների՝ մենք գործ ունենք հստակ ձեւավորված համակարգի հետ, եւ այդ համակարգը ներսից հնարավոր չէ ո'չ բացատրել եւ ո'չ էլ քանդել: Այդ մարդիկ ուրիշ համակարգ պարզապես չեն էլ պատկերացնում եւ չեն էլ կարող լքել այն՝ կապված լինելով սեփական բազմաթիվ «կեղտերով», բարեկամական կապերով եւ այլն»: Որպես մի անքակտելի մաս էլ այդ համակարգ են ժամանակի ընթացքում ներառվել երիտասարդական այն կառույցներն ու դրանց ղեկավարները, որոնք հասցնում են արագ փոխել քաղաքական դիրքորոշումները եւ միշտ հարմարվել իրավիճակին` տվյալ պահի ամենաուժեղի հովանու ներքո: Տրվում են անուններ` Վահրամ Բարսեղյան (նախագահի ներկայիս վերահսկողության ծառայության պետ), Մանվել Բադալյան (Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ), Վազգեն Խաչիկյան (ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ), Վահագն Մկրտչյան եւ այլն: «Նոր Հայաստան» կազմակերպությունը վերլուծական պնդումներ ունի, թե երիտասարդության խնդիրներին բյուջեից ուղղվող զգալի գումարներ մսխվում են:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG