Մատչելիության հղումներ

Ադրբեջանի խորհրդարանականները ձախողում չեն համարում ՆԱՏՕ-ի զորավարժությունները չեղյալ հայտարարելը


Ադրբեջանի առաջատար քաղաքական գործիչները երեքշաբթի օրը, անտեսելով իրենց տարածքում «Լավագույն համատեղ ջանք -2004» զորավարժությունները չեղյալ հայտարարելու մասին ՆԱՏՕ-ի որոշման բացասական նշանակությունը երկրի համար, ասել են, թե ավելի կարեւոր էր այն, որ հայ զինվորականներին ոտքը չդիպավ ադրբեջանական հողին:

Բազմազգ այդ զորավարժությունները չեղյալ հայտարարվեցին երեկ այն բանից հետո, երբ 5 հայ սպաներին այդպես էլ թույլ չտրվեց ժամանել Բաքու:

«Մենք բողոքում էինք նրանց այցելության դեմ, ովքեր զավթել են մեր հողերը եւ հեղել են մեր ժողովրդի արյունը: Եվ մենք հասանք մեր նպատակին», - լրատվամիջոցների փոխանցմամբ, պատգամավորների առջեւ իր ելույթում ասել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովը:

Պատգամավորներից մեկը` Իբրահիմ Իսաեւը մեղադրել է ՆԱՏՕ-ին` ասելով, թե դաշինքը թույլ է տվել հայերին մոլորեցնել իրեն: «Մեզ, մինչդեռ, հաջողվեց արգելել հայերի ժամանումը Բաքու, ուստի թույլ տվեք շնորհավորել ձեզ այդ կապակցությամբ», - դիմել է նա իր գործընկերներին:

Ավելին` մեկ այլ պատգամավոր` Քուդրաթ Հասանկուլիեւը ՆԱՏՕ-ի պատժիչ որոշումը բնութագրել է որպես Ադրբեջանի «խոշոր նվաճում»:

Ամենախանդավառ արձագանքը ադրեջանական Ղարաբաղի ազատագրության կազմակերպության արձագանքն է: Այս կազմակերպությունը ամիսներ շարունակ բողոքի ցույցեր էր կազմակերպում զորավարժություններին հայերի մասնակցության դեմ: «Թուրան» գործակալության փոխանցմամբ, կազմակերպությունը ՆԱՏՕ-ի որոշումը գնահատել է որպես «մի փոքր քայլ դեպի Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատագրումը»:

Զորավարժությունների պլանավորման կոնֆերանսներից մեկի ժամանակ` անցած հուլիսին, այդ կազմակերպության ներկայացուցիչները, բողոքելով երկու հայ սպաների մասնակցության դեմ, ներխուժել էին Բաքվի «Եվրոպա» հյուրանոցի նախասրահը եւ խանգարել կոնֆերանսի աշխատանքը: Ներխուժողներից վեցը, այդ թվում կազմակերպության ղեկավարը, ձերբակալվել, իսկ այնուհետեւ դատարանի որոշմամբ դատապարվել են ազատազրկման:

Այս ընդհանուր հակահայկական ալիքին իր անհամաձայնությունն է հնչեցրել հայտնի քաղաքական գործիչ Զարդուշտ Ալիզադեն: «Հայերը կարող էին ժամանել կամ ոչ, եւ դա որեւէ կերպ չէր ազդի Ղարաբաղի խնդրի լուծման վրա», - «Զերկալո» թերթի մեջերմամբ, ասել է Ալիզադեն:

«Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի (որի շրջանակներում պետք է անցկացվեին զորավարժությունները) կանոններով, հյուրընկալող երկիրը չի կարող թույլ չտալ որեւէ մասնակցի ժամանումը, եթե վերջինիս հրավիրել է ՆԱՏՕ-ի հրամանատարությունը: ՆԱՏՕ-ի ղեկավարության որոշումը խրախուսել է Միացյալ Նահանգները. պետքարտուղարության հայտարարության մեջ «խորը ափսոսանք է» է արտահայտված հայերին մուտքի արտոնագրեր չտալու մասին պաշտոնական Բաքվի որոշման կապակցությամբ:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG