Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովը անհարգելի համարեց ընդդիմադիր պատգամավորների բացակայությունները


Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ուրբաթ օրը անհարգելի համարեց գարնանային նստաշրջանում անցկացված քվեարկությունների կեսից ավելիից բացակայած՝ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների բոլոր 23, ինչպես նաեւ բոյկոտի ընթացքում «Ազգային միաբանություն»-ից դուրս եկած եւ անկախ պատգամավորի կարգավիճակ ստացած Հմայակ Հովհաննիսյանի բացակայությունները: Հանձնաժողովականները «իրավական» են համարում իրենց որոշումը. «քաղաքական» որոշումը պետք է ընդունի Ազգային ժողովը` սեպտեմբերի 13-ին սկսվող աշնանային նստաշրջանի առաջին եռօրյայի ընթացքում:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, որը միայն քվեարկության պահին սկզբունքորեն դուրս եկավ սրահից, ասաց. -
«Որեւէ խնդիր չունենք` եթե դուք մեր բացակայությունները համարեք անհարգելի: Ես ուղղակի պարտավոր էի ե’ւ մարդկային առումով, ե’ւ մասնագիտական առումով ձեզ թյուրիմացության մեջ չգցելու համար ներկայացնել համապատասխան պարզաբանումներ»:

Դալլաքյանը ընթերցեց պահանջվող ժամկետում հանձնաժողովի նախագահին ուղղված իր՝ «Արդարություն» խմբակցության քարտուղարի, նամակը խմբակցության պատգամավորների բացակայությունները քաղաքական բոյկոտով պատճառաբանելու մասին: Նույնպիսի գրություն է ուղարկել նաեւ «Ազգային միաբանություն» խորհրդարանական խմբակցության քարտուղարը:

Հանձնաժողովականների ճնշող մասը փաստորեն գրությունները որպես հիմք չընդունեց` վկայակոչելով կանոնակարգը: «Պատգամավո'րը կարող է մեկ ամսվա ընթացքում տեղեկանք ներկայացնել եւ ոչ թե քաղաքական խմբակցությունը», - փաստարկեց Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Վիկտոր Դալլաքյանը իրենց քաղաքական բոյկոտի երեք հանգամանք վկայակոչեց՝ հայտարարելով, որ դրանք լուծվելու դեպքում ընդդիմությունը պատրաստ է վերադառնալ խորհրդարան:

«[Բոյկոտը պայմանավորված է] վստահության հանրաքվեի հետ կապված օրենքի նախագիծը անօրինական դուրս մղելու փորձով: Ազգային ժողովի տարածքը վերածել են կազարմայի հրոսակների համար, որոնք հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա ապրիլի 13-ին. պատասխանատվության որեւէ մեկը չի ենթարկվել: Եվ պատասխանատվության չեն ենթարկվել «Արդարություն» դաշինքի նկատմամբ հարուցվել է շինծու քրեական գործ հարուցողները», - ասաց Դալլաքյանը` ավելացնելով, թե իրենք պատրաստ են քննարկել ասվածի շուրջ առաջարկությունները:

Հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի հարցին, թե կարո՞ղ է ընդդիմությունը չորս տարի շարունակ բոյկոտել օրենսդրական աշխատանքը, Վիկտոր Դալլաքյանը պատասխանեց՝ կարող է:

Ու թեեւ հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը [ընդունված որոշմանը միակ դեմ քվեարկողը] պնդում, թե ընդդիմության բոյկոտը քաղաքական է, հաղթեց Գալուստ Սահակյանի դիրքորոշումը, թե «բոլոր սցենարները պատգամավորի իրավունքների վերաբերյալ կարող են որոշել քաղաքական ուժերը»:

«Հանձնաժողովը պիտի օրենքի տառը պարտադիր կերպով կիրառի», - ասաց Սահակյանը:

«Իրավական» այս որոշումը որպես նախագիծ կընդգրկվի սեպտեմբերի 13-16-ի եռօրյայի օրակարգ եւ փակ, գաղտնի քվեարկությամբ՝ 24 պատգամավորներից յուրաքանչյուրի համար առանձին, Ազգային Ժողովը «քաղաքական» որոշում կկայացնի՝ բացակայությունները հարգելի՞ են, թե՞ անհարգելի: Որեւէ մեկինը անհարգելի ճանաչվելու դեպքում պատգամավորը վայր է դնելու մանդատը:

«Ազգային միաբանության» պատգամավորները հանձնաժողովի որոշման կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ:

«Յուրաքանչյուրիս պատգամավորական մանդատից զրկելու դեպքում բոլորս կհրաժարվենք պատգամավորական մանդատներից, որի քաղաքական եւ քաղաքացիական հետեւանքների ողջ պատասխանատվությունը կկրեն Ռոբերտ Քոչարյանը եւ նրան սատարող խորհրդարանական ուժերը», - գրում են նրանք:

Խորհրդարանական բոյկոտի հարցում «Ազգային միաբանության» դիրքորոշմանը առանձին հայտարարությամբ խոստացել է հետեւել նաեւ «Ազգային միաբանության» համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված, իսկ գարնանը իր բնորոշմամբ` «կուսակցության ղեկավարների հետ փոխհամաձայնության արդյունքում անկախ պատգամավորի կարգավիճակ» ձեռք բերած Հմայակ Հովհաննիսյանը:

Առանձին հայտարարությամբ հանդես են եկել «Ազգային միաբանության» համամասնական ցուցակում ընդգրկված 68 թեկնածուները` տեղյակ պահելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որ եթե կուսակցության գործող պատգամավորներն այնուամենայնիվ զրկվեն մանդատներից, իրենք թափուր տեղերը չեն զբաղեցնի:

Մանդատների շուրջ աղմուկը, սակայն, ըստ Արտաշես Գեղամյանի, հրահրված է հենց նախագահականից, քանի որ նպատակ ունի քաղաքականապես ակտիվ զանգվածի ուշադրությունը շեղել շատ ավելի կարեւոր խնդիրներից:


Ռուզան Խաչատրյան եւ Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG