Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ավարտվող շաբաթվա վերլուծականում անդրադառնալով Իրանի նախագահի այցին` «Իրավունք» թերթի մեկնաբանը նշում է. - «Թեեւ այս պահին Իրանը շահագրգռված է Հայաստանի ներքաղաքական կայունությամբ ու օբյեկտիվորեն նեցուկ է կանգնում Ռոբերտ Քոչարյանին, այնուամենայնիվ, այդ խոշոր պետությունը միաժամանակ ձգտում է գործնական հարաբերություններ ունենալ քաղաքական այն ուժերի հետ, որոնք ամենեւին էլ չեն նույնանում Քոչարյանի հետ, բայց օժտված են զգալի ներուժով»: Թերթի պատկերավորմամբ` իշխանական ճամբարում զարգացումներն ավելի ու ավելի սրընթաց ու հետաքրքրաշարժ բնույթ են ստանում, եւ դրան նպաստում է ընդդիմության պասսիվությունը: Բայց «եթե ընդդիմությունը կրկին սկսի հեղափոխական բնույթի գործողություններ, ապա իշխանական ճամբարը նորից կհամախմբվի»: Սրա կողքին «Իրավունք»-ում տրվում է մեկ այլ վերլուծական, ըստ որի «Դաշնակցության եւ Ռոբերտ Քոչարյանի հայացքները, կոալիցիայի ապագայի վերաբերյալ սեփական ու որոշ ընդհանուր նկատառումներից ելնելով, այլեւս իրարից շատ չեն տարբերվում. երկուսն էլ դեմ չէին լինի պատեհ առիթի դեպքում նպաստել կոալիցիայի փլուզմանը կամ գոնե դրա հնարավորինս թուլացմանը»: «Չի բացառվում, որ մոտ օրերս նախագահը իր մոտ հերթական անգամ հրավիրի կոալիցիայի ներկայացուցիչներին ու նորից պահանջի կոշտ դիրքորոշում ցուցաբերել խորհրդարանի աշխատանքները բոյկոտող ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ: Ու եթե այս հարցի շուրջ կոալիցիայում տարաձայնություններ առաջանան, թե’ նախագահականում եւ թե’ Դաշնակցությունում կարող են փորձել սրել ներկոալիցիոն եւ կոալիցիոն ուժերի ու նախագահի միջեւ ծագած տարաձայնությունները», - ենթադրում է «Իրավունք»-ի մեկնաբանը:

Քաղաքական շրջանակներն այսօր քննարկում են երկու սպասվող իրադարձություն, որոնք կարող են կոալիցիայի փլուզման կամ առնվազն կոալիցիոն լուրջ ցնցման պատճառ դառնալ։ Դրանցից մեկը սեպտեմբերի 19-ին Կոտայքի մարզում կայանալիք թիվ 44 ընտրատարածքի պատգամավորական ընտրությունների վերաքվեարկությունն է, երկրորդը՝ «Խնայբանկերի» ավանդների վերադարձման հարցը, որն այսօր պետք է քննարկվի ԱԺ ֆինանսավարկային մշտական հանձնաժողովում: «Եթե հանձնաժողովը որոշի ավանդների վերադարձի մասին օրենքի նախագիծը չներառել առաջիկա եռօրյայի օրակարգ, ապա մեծապես վտանգվում է «Օրինաց երկրի» իմիջը: Մյուս կողմից», - բացվածքն է ցուցադրում «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, - «ակնհայտ է, որ հանուն «Օրինաց երկիր»-ի իմիջի՝ ՀՀԿ-ն չի կարող վտանգել իրեն պատկանող վարչապետի աթոռը, քանզի եթե 2005-ի բյուջեի վրա նման ծանր բեռ է դրվում, ինչպիսին ավանդների վերադարձն է, ապա դրա չկատարման պատասխանատուն առաջին հերթին լինելու է հանրապետական վարչապետը»։

«Իշխանության ներքին գզվռտոցը չի բերելու իշխանության որակի փոփոխության», - «Առավոտ»-ի հարցազրույցում ասում է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։ - «Այս վիճակի շարունակության դեպքում ոչ մի ընդդիմություն էլ իշխանության չի գալու։ Իշխանությունն ինքն իր միջից կառաջացնի փոխարինող։ Կամ՝ Ռոբերտ Քոչարյանը կմնա։ Այնպես չէ, որ ընդդիմությունը հեսա-հեսա պատրաստվում է գալ իշխանության եւ խանդով է վերաբերում, թե մեկն ուզում է իր փոխարեն գալ։ Դաշտը ազատ է, մեկը մյուսին չի էլ կարող խանգարել, ով կարող է՝ թող հասարակությանը տանի իր ետեւից»,- «նախկինների» հետ հեռակա բանավեճի մտնելով ընդգծում է Վազգեն Մանուկյանը:

«Քանի դեռ հասարակության սոցիալ-տնտեսական շերտավորումը չի ընթանում բնականոն ճանապարհով, անօրինական ճանապարհով հարստացած սոցիալական վերնախավի մի զգալի մասի քաղաքական հնարավորությունները գերազանցում են նրանց բարոյական ու ինտելեկտուալ ընդունակություններին», - արձանագրում է այսօր «Երկիր» թերթի խմբագրականը: - «Այդ պատճառով էլ նրան, որպես կանոն, քաղաքական համակարգի եւ իշխանության հետ կապվում են ոչ այնքան գաղափարական-աշխարհայացքային համոզմունքներով, ինչքան օգտապաշտ քաղքենու ժամանակավոր հավատարմությամբ, եւ ամեն անգամ, երբ ցնցվում են իշխանության հիմքերը, նրանք քաղաքական նոր «տանիք» են փնտրում»:

Սեպտեմբերի 11-ի ողբերգության երրորդ տարելիցի շեմին «Հայոց աշխարհ» թերթը խտացրել է. - «Երեք տարի առաջ «Մենք բոլորս հիմա նյույորքցիներ ենք» դրույթը հռչակում էին մարդիկ եւ ազգեր, որոնք բնավ ջերմ սիրով չէին տոգորված ԱՄՆ-ի հանդեպ, բայց հասկանում էին, որ սեպտեմբերի 11-ն իրականացնողների թիրախը ոչ միայն Միացյալ Նահանգներն է, այլեւ ողջ աշխարհակարգը: Պաշտպանելով այդ թեկուզեւ անկատար, բայց այնուամենայնիվ կարգուկանոնը հարձակման անցած մթին քաոսից, միանգամայն բնական է, որ զգաս քեզ նյույորքցի: Իսկ երբ քաոսի դեմ պայքարի պատվար իրեն հռչակած տերությունն ինքը սկսում է սերմանել այդ քաոսը, տեղի են ունենում կերպարանափոխումներ, եւ ընկալումներն այսօր արդեն ուրիշ են»:

«Առավոտ»-ի հարցազրույցում Վազգեն Մանուկյանն ասում է. - «Ես դեմ եմ, որ Հայաստանից մարդիկ ուղարկվեն Իրաք։ Իհարկե, պետք է պայքարել ահաբեկչության դեմ, իհարկե, պետք է օգնել հարեւան ժողովուրդներին։ Բայց ես գտնում եմ, որ այդ պայմանագրով, առանց մեծ օգուտ բերելու համամարդկային ընդհանուր պայքարին, մենք մեծ վտանգի տակ ենք դնում մեր ժողովրդին, որովհետեւ, այնուամենայնիվ, ի տարբերություն վրացիների եւ ադրբեջանցիների, մենք բազմաթիվ հայրենակիցներ ունենք ե՛ւ Իրաքում, ե՛ւ արաբական այլ երկրներում»։ «Իրավունք»-ը դիմել է պաշտպանության նախարարի խոսնակ Սեյրան Շահսուվարյանին` մեկնաբանելու պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովի քննադատությունը Իրաք հայ ռազմական մասնագետների ուղարկելու առնչությամբ: Արձագանքն այսպիսին է. - «Սերժ Սարգսյանն այժմ գտնվում է Լիտվայում: Այդ պատճառով ոչինչ ասել չեմ կարող: Նախարարը վերադառնալուն պես այդ մասին իր կարծիքը կարտահայտի, բայց նշեմ, որ Յուրի Խաչատուրովը միայն իր կարծիքն է հայտնել»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG