Մատչելիության հղումներ

Աղքատությունը 2003 թվականին «նկատելիորեն նահանջել է»


Ազգային վիճակագրական ծառայության կողմից 6720 տնային տնտեսություններում անցկացրած հետազոտությունների նախնական արդյունքների համաձայն, աղքատության մակարդակը Հայաստանում 2003 թվականի արդյունքներով կազմել է 42,9 տոկոս` նախորդ տարվա 49,7 տոկոսի դիմաց։

«2003 թվականին աղքատությունը նկատելիորեն թեթեւացել է, իսկ մինչ այդ այն նահանջում էր շատ փոքր տեմպերով», «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեքշաբթի օրը ասաց Ազգային վիճակագրական ծառայության տնային տնտեսությունների հետազոտության բաժնի գլխավոր տնտեսագետ Դիանա Մարտիրոսովան: - «Թեեւ աղքատության մակարդակի այս վերջին տվյալը խիստ նախնական գնահատական է, սակայն, փոփոխությունը իսկապես խիստ շոշափելի է»։

Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի համաձայն 2003 թվականի վերջին աղքատության մակարդակը հանրապետությում պետք է կազմեր 46,2 տոկոս։ Այսինքն` աղքատությունը փաստացի ավելի արագ է նահանջում, քան կառավարությունը կանխատեսել է իր ծրագրում։

«Արդեն մի քանի տարիների ընթացքում տնտեսությունը բավականին դինամիկ զարգանում է բարձր տեմպերով: Թերեւս հենց սա է հանգեցրել աղքատության մակարդակի ցանկալի իջեցմանը», - անդրադառնալով մեկ տարվա ընթացքում շուրջ 7 տոկոսով աղքատության մակարդակի նահանջին, ասաց Մարտիրոսովան:

Նրա խոսքերով, ինչպես անցյալ տարվա ընթացքում, այնպես էլ այս տարվա առաջին կիսամյակում զգալիորեն աճել են բնակչության ինչպես եկամուտները, այնպես էլ ծախսերը։

Անցյալ տարվա ընթացքում բնակչության եկամուտներն աճել են 36 տոկոսով, այս տարվա առաջին 7 ամիսներին՝ մոտ 18 տոկոսով։ Անցած մեկ տարվա ընթացում ընդհանուր առմամբ դրամական աշխատավարձերն աճել են շուրջ 35 տոկոսով, եւ այսօր Հայաստանում միջին աշխատավարձը մոտ 43 հազար դրամ է։

Բնակչության դրամական եկամուտների աճը պայմանավորված է նաեւ արտասահմանում, հատկապես Ռուսաստանի Դաշնությունում աշխատող մեր հայրենակիցների մասնավոր դրամական փոխանցումների աճով. դրանք կտրուկ աճել են այս տարվա ընթացքում։ Ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատումների համաձայն, հետազոտված տնային տնտեսությունների մեկ շնչի հաշվով դրսից փոխանցել է 2863 դրամին համարժեք արտարժույթ, այնինչ, անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել է 2113 դրամ: Ընդհանուր առմամբ, մասնավոր տրանսֆերտներն աճել են մոտ 35 տոկոսով` անցյալ տարվա 24 տոկոսի դիմաց։

Ազգային վիճակագրական ծառայությունը բնակչության կենսամակարդակի եւ աղքատության ցուցանիշները գնահատում է` ելնելով առաջին հերթին տնային տնտեսությունների ծախսերից։ 1 տնային տնտեսության կատարած միջին ամսական ծախսերը այս տարվա հուլիսի վերջի դրությամբ կազմել են 58.138 դրամ, անցյալ տարվա միջին ամսական 50.321 դրամի դիմաց. աճը կազմում է շուրջ 15 տոկոս։

«Ցավոք, մեր երկրներում տնային տնտեսությունները ավելի մեծ չափով ծախսում են սննդի վրա, ընդ որում դրանք վերջին երկու տարիներին կազմում են ընդհանուր ծախսերի 67 տոկոսը», - ասաց Մարտիրոսովան։

Հարկ է նշել, որ հարուստ երկրներում ընտանիքները սննդի վրա միջին հաշվով ծախսում են իրենց բյուջի առավելագույնը 25 տոկոսը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG