Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Վերջին օրերի ընթացքում Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները միջազգային ահաբեկչության միջոցով տարածաշրջանային բնույթ ունեցող շատ կոնկրետ ու հստակ խնդիրներ լուծելու որոշակի եւ հստակ ռազմավարության դրսեւորումն են», - վերլուծվում է այսօր «Հայոց աշխարհ» թերթում: - «Օսերի ռուսական կողմնորոշումը եղել ու մնում է ողջ Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի տիրապետության հիմնաքարը, այնպես, ինչպես հայերինը՝ Հարավային Կովկասում: Ուստի պատահական չէ, որ վերջին տարիների ընթացքում պարբերաբար ահաբեկչական գործողություններ են կազմակերպվում հենց Հյուսիսային Օսիայի բնակչության դեմ»: Ըստ վերլուծաբանի, տվյալ դեպքում ահաբեկիչներին իջեցված պատվերը մասնավորապես հետապնդում է հետեւյալ նպատակները. - «Վրաստանում Ռուսաստանի ակտիվության հնարավորինս թուլացում՝ Հարավային Օսիայի գլխավոր թիկունքը հանդիսացող Հյուսիսային Օսիային ծանր հարված հասցնելու միջոցով,
Ռուսաստանին ծանր վիճակի մեջ դնելով՝ հակաահաբեկչական կոալիցիայով նրա գործողությունները կաշկանդելու առաջադրանքի իրականացում, այդ նպատակի ամբողջացման համար 1990-ական թվականներին բռնկված օս-ինգուշական հակամարտության վերսկսումը օսերի կողմից՝ կազակների, իսկ ինգուշների կողմից՝ չեչենների ներգրավման միջոցով, ինչը կարող է պայթեցնել Հյուսիսային Կովկասը»: «Հաջողության հասնելու պարագայում դժվար չէր նկատելիորեն թուլացած Ռուսաստանին առաջարկել պարզ աշխարհաքաղաքական գործարք՝ դուրս գալ Հարավային Կովկասի հակամարտությունների գոտիներից, վերստանալու համար խաղաղությունը Հյուսիսային Կովկասում», - ի մի է բերված «Հայոց աշխարհ»-ում: - «Բեսլանում տեղի ունեցած մեծ ողբերգությունը լիովին բացահայտեց միջազգային ահաբեկչության կապը ոչ միայն գլոբալ, այլեւ տարածաշրջանային մակարդակի վրա շարունակվող գերտերությունների դաժան մրցակցության փաստի հետ: Ակնհայտ դարձավ նաեւ, որ 21-րդ դարի ժանտախտը համարվող միջազգային ահաբեկչությունը վերածվել է գերտերությունների մրցակցության մեջ օգտագործվող գործիքի, որի պարբերական հարվածներից, ինչպես անցյալում, այնպես էլ այսօր ողբերգության են դատապարտվում փոքր ժողովուրդները»:

«Բեսլանի հետ կապված` Պուտինը հիշեց Ղարաբաղը: Չեչենական խնդրի նման զուգահեռումը ղարաբաղյան եւ այլ ողբերգությունների հետ՝ բերում է շատ պարզ եւ միանշանակ հետեւությունների», - անդրադառնում է «Առավոտ» թերթի խմբագիրը: - «Ըստ Պուտինի ստացվում է, որ եթե Ադրբեջանի իշխանություններն ավելի վճռական լինեին «հայ ահաբեկիչների» նկատմամբ, եթե ղարաբաղցիներին ավելի կոշտ դիմադրեին, ապա Ղարաբաղի ողբերգությունը տեղի չէր ունենա, եւ Ադրբեջանը բաժան-բաժան չէր արվի»: Մինչդեռ նման զուգահեռները, ըստ թերթի խմբագրի, անտեղի են. - «Իրավիճակը ԼՂՀ-ում զարգացավ բացարձակապես այլ կերպ, քան Չեչնիայում: 1994-ից Ղարաբաղի հայերը հնարավորություն ունեցան փաստացի անկախ ապրելու: 1996-ին նման հնարավորություն տրվեց նաեւ չեչեններին. Բայց Չեչնիայում սկսեցին փողոցներում մարդկանց գնդակահարել, հանրապետությունը լցվեց մահմեդական երկրներից եկած միջազգային հանցագործներով, մարդկանց առեւանգումը դարձավ սովորական բիզնես, Չեչնիան հարձակվեց հարեւան Դաղստանի վրա՝ գրավելու եւ ինչ-որ խալիֆաթ ստեղծելու մարմաջով: ԼՂՀ-ում, ի տարբերություն Չեչնիայի, ոչ ղեկավարությունը, ոչ ժողովուրդը իր մարդկային դեմքը չկորցրեց, եւ հիշատակված երեւույթներից ոչ մեկի նշույլն անգամ չկա», - ընդգծում է «Առավոտ»-ի խմբագիրը: - «Այսօր ԼՂՀ-ի ժողովրդավարության մակարդակը ոչնչով չի զիջում Հայաստանին կամ Ռուսաստանին: Մի բան էլ ավելի է. եթե Երեւանում տեղի ունենան քաղաքապետի ընտրություններ, ապա դժվար թե պարտվի իշխանության թեկնածուն, ինչպես դա եղավ Ստեփանակերտում»:

Հայաստանի քաղաքական աշունն ակնհայտորեն անցնելու է տարածաշրջանում աշխարհաքաղաքական մրցակցության արագացման պայմաններում», - գրում այսօր «Իրավունք» թերթի մեկնաբանը: - «Դրան մի կողմից նպաստում է Հյուսիսային Օսիայում իրավիճակի կտրուկ սրումը` իր բոլոր հետեւանքներով, մյուս կողմից` Ստրասբուրգում ղարաբաղյան հարցով զեկույցի առաջիկա ունկնդրումը»: Արձանագրելով, որ ընդդիմությունից նորություններ չկան, ավելին` «կարծես թե «Ազգային միաբանություն»-ն ու «Արդարություն»-ը ավելի հակված են յուրաքանչյուրը իր ճանապարհով գնալու»` մեկնաբանը նշում է. - «Ընդդիմության ակնհայտ պասսիվության պայմաններում, երբ վերջիններս ամառը չօգտագործեցին աշնանային «մարտերին» լավ նախապատրաստվելու համար, ավելի ու ավելի ցցուն են դառնում հակասությունները իշխանական դաշտում: Այժմ արդեն պարզ է, որ նույն կառավարող կոալիցիայում բոլոր երեք կուսակցությունները հետապնդում են բավականին տարբեր նպատակներ»: Գործընթացներից «Իրավունք»-ում հատկապես առանձնացված է. - «Նախագահը, ըստ էության, ուժեղացնելով Աղվան Հովսեփյանին, ստեղծում է ուժային հակակշիռ սուպերնախարար Սերժ Սարգսյանին»:

«Պահանջվում է համակ ուշադրություն» խորագրի տակ «Հայկական ժամանակ» թերթում ուշադրություն է սեւեռվում, որ Միացյալ աշխատավորական կուսակցության (ՄԱԿ) խորհրդարանական խումբը հետ վերցրեց իր ստորագրությունը սահմանադրական բարեփոխումների այն փաթեթի տակից, որին հավանություն էին տվել իշխող կոալիցիայի խմբակցությունները եւ «Ժողպատգամավոր» խումբը: Վերապահումները հիմնականում առնչվում են Ազգային ժողովի եւ հանրապետության նախագահի լիազորությունների բաշխմանը: «Հայկական ժամանակ»-ը փոխանցում է նաեւ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի տարակուսանքները, որ «Ռոբերտ Քոչարյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը որեւէ լուրջ հիմնավորում այդպես էլ չի կարողանում ներկայացնել, թե ինչու Ազգային ժողովը չպետք է Արդարադատության խորհրդում անդամ նշանակելու իրավունք ունենա, եւ թե ինչու Արդարադատության խորհրդի նախագահը պետք է մնա երկրի նախագահը»: Նաեւ` թե ինչու, ընդհանուր առմամբ, կոալիցիան ներկայացնող ուժերը ոչ մի փորձ չեն անում պայքարելու ԱԺ-ի լիազորությունների ավելացման համար: «Ուստի, թերեւս, ճիշտ է ընդդիմադիր Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ սահմանադրության բարեփոխումների այս փաթեթով մենք ստանալու ենք ամորձատած խորհրդարան», - համադրում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG