Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մի երկրում, ուր իշխանությունները փորձում են հասարակությունից թաքցնել իրերի իսկական վիճակը՝ հանուն «կայունության» պահպանման, այնտեղ անխուսափելի են տհաճ իրավիճակները, իսկ հաճախ՝ նաեւ ողբերգությունները: Ռուսաստանյան պետական մեքենան վերջին տարիները վատնել Է թվացյալ բարեկեցիկ ու կայուն կյանքի տեսիլքի ստեղծման վրա», - վերջին իրադարձությունների առիթով մատնանշում է «Առավոտ» թերթը եւ համադրում. - «Մեր Հայաստանում եւս անընդհատ պնդում են «կայունության» անհրաժեշտության մասին, մեր երկրում էլ են թշնամի համարում յուրաքանչյուրին, ով փորձում է իրականությունը չթաքցնել: Մեզ անգամ թույլ չի տրվում սուլել պարտություն կրող մարզիկի ելույթի ժամանակ, քանի որ դա էլ կարող է քաղաքականացվել եւ ապակայունացնել իրավիճակը: Պաշտոնական գաղափարախոսներն իրենց պարտքն են համարում «հանուն կայունության պահպանման» հորթային խանդավառությամբ պաշտպանել իշխանությունների բոլոր գործողությունները, եթե անգամ դրանք ապաշնորհ են, ոչ պրոֆեսիոնալ, եթե անգամ իշխանությունները պարզապես խաբում են սեփական ժողովրդին: Բայց խնդիրն էլ հենց այն է, որ նման մասշտաբի բլեֆը հակառակ արդյունք է տալիս: Եվ նման վիճակում անպայման կգտնվի մեկը, որը կցանկանա ձեռքն առնել ավտոմատն ու գնալ սպանելու»: «Հոկտեմբերի 27-ից առաջ նույնպես իրավիճակը շատ կայուն էր», - ակնարկում է «Առավոտ»-ը:

Անդրադառնալով եղվարդյան ընտրական մենամարտին, «Իրավունք» թերթի մեկնաբանը ամրագրում է. - «Եթե իրականում Արթուր Բաղդասարյանի եւ Աղվան Հովսեփյանի միջեւ ընթացած այս կենաց ու մահու կռվից ինչ-որ մեկը շահող է դուրս եկել, ապա նախ եւ առաջ Ռոբերտ Քոչարյանը եւ հետո` «Օրինաց երկիր»-ի կոալիցիայի մյուս երկու գործընկերները` Հանրապետական կուսակցությունն եւ Դաշնակցությունը: «Ոչ-ոքիի» պարագայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն է ստանում դատավորի դեր խաղալ կողմերի միջեւ… Ակնհայտ էր, որ նախագահականի կողմնորոշումը այս կամ այն թեկնածուի հանդեպ լրջագույն բացասական ազդեցություն կարող է ունենալ իշխանական ամբողջ համակարգի վրա` ձեւավորելով «հաղթողների» ու«աբիժնիկների» ճամբարներ կամ խավեր իշխանական առանց այն էլ ոչ այնքան կուռ բուրգում»: Իսկ առայժմ խարդավանքների ու տուրուդմփոցի դաշտը պահպանվում է` հնարավորություն տալով նորանոր լծակներ ձեռք բերել այս կամ այն կլանի վրա»: «Այբ-Ֆե» թերթի կանխատեսմամբ, կրկնակի ընտրությունների արդյուքնում կհաղթի ապարանյան կլանը` ի դեմս «Լավանդա» հոլդինգի նախագահ Արայիկ Հայրապետյանի: Իսկ «Օրինաց երկիր»-ին նախագահը այսպես կպատժի, որովհետեւ նրա ղեկավար Բաղդասարյանը ինչ-որ շատ է շփացել: «Ընդհանուր առմամբ», - արձանագրում է «Այբ-Ֆե»-ն, - «այս ընտրությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների ինստիտուտը չի աշխատում, որ թայֆաբազությունն ու կլանը ուժեղ են պետականությունից»:

«Իշխանությունները իրենց մենթալիտետով իսկապես ի վիճակի չեն արդար ընտրություններ անցկացնել` եթե անգամ ընդդիմությունը չլինի», - գրում է այսօր «Առավոտ»-ի մեկնաբանը: - «Պարզվում է՝ նրանք ոչ թե ընդդիմությունից, այլ սեփական կլանի բարեկեցությունը կորցնելուց են ամենաշատը վախենում»: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ըստ մեկնաբանի` այն այսօրվա «անգաղափար, անլուրջ, ու իր անվերջ «որոշիչ» հանրահավաքներով դատապարտված է ընդամենը զգոն պահել հասարակությանը եւ սպասել նոր՝ 2008-ի ընտրություններին»: «Ով գիտե, գուցե այն ժամանակ իր վաստակած ձայներին տեր կանգնելու հարցում ավելի հետեւողական ընդդիմություն ձեւավորվի, գուցե այն ժամանակ ընդդիմության առաջնորդն էլ Ստեփան Դեմիրճյանը չի լինի», - նախանշվում է «Առավոտ»-ում: «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանն էլ նշում է. - «Այսօր ոչ միայն հնարավոր չէ պատկերել այն մարտավարությունը, որով «Արդարություն» դաշինքը պատրաստվում է իշխանափոխություն անել, այլեւ դժվար է ասել՝ այդ դաշինքն ընդհանրապես հավատու՞մ է իշխանափոխության հնարավորությանը: Մարտավարությունը գործող ընդդիմության միակ պրոբլեմը չէ: «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության»՝ գարնանը թեթեւակի ջերմացած հարաբերությունները վերստին սառել են, եւ ընդդիմության այս երկու թեւերի ներկայացուցիչները քամահրանքով են արտահայտվում միմյանց մասին: Նույնը կարելի է ասել նաեւ «Արդարություն» դաշինքի լիդերների մասին, որոնք ըստ էության շփվում են միայն ֆորմալ պայմաններում` նիստ, հանդիպում, քննարկում… Ակնհայտ է, որ այսպիսի ներքին ճգնաժամ ապրող քաղաքական միավորի համար շատ դժվար կլինի էական տեղաշարժ իրականացնել քաղաքական կյանքում», - տրամաբանում է մեկնաբանը:

«Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոն Քերիի` օգոստոսի 28-ի հայտարարության մեջ ամերիկահայությանը տրված խոստումների առատությունն ու հստակությունը իր նախադեպը պարզապես չունի այդ երկրի նախորդ տասնամյակների նախագահական ընտրապայքարների ողջ պատմության մեջ»: Բայց «կարդարանա՞ն արդյոք հայերի սպասումները», «Հայոց աշխարհ» թերթի տեսաբանը դեռեւս անորոշ-հարցական է տեսնում: Իսկ նման խոստումների ծագումնաբանությունը բացատրվում է այսպես. - «Ներկայիս ընտրարշավի բարդ եւ խիստ հակասական կացության մեջ Ջոն Քերիի համար կրկնակի արժեք ունեն ոչ թե ավանդաբար՝ դեմոկրատների կամ հանրապետականների, այլ կոնկրետ թեկնածուի՝ կոնկրետ խոստումների համար քվեարկող ազգային փոքրամասնությունները, որոնց թվին է պատկանում ԱՄՆ-ի մեկ միլիոնից ավելի հայ համայնքը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG