Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Քաղաքական յուրաքանչյուր սեզոնի մոտենալուն զուգընթաց ՀՀ իշխանություններն ընդդիմության հանրահավաքային շարժումը հնարավորինս արգելակելուն ուղղված գործողություններ են իրականացնում եւ այս տարին բացառություն չէ: Երեկ կառավարությունը հանրահավաքների անցկացումը դժվարացնող հերթական որոշում է ընդունել, որի նպատակը ընդդիմության ցանկացած գործողություն օրենքի շրջանակից դուրս դնելու անսահմանափակ հնարավորություն ստանալն է», - արձանագրում է «Հայկական ժամանակ»-ը` մեկնաբանելով. - «Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ իշխանությունները, այուամենայնիվ, վստահ չեն ներքին կայունությունը պահպանելու իրենց հնարավորություններին եւ այս նպատակին ուղղված նորանոր ռեսուրսներ են փնտրում»: «Ցանկ չէ` ցանկապատ է» վերնագրի ներքո «Հայկական ժամանակ»-ը հրապարակել է կարեւորագույն այն օբյեկտների ցանկը, որտեղ արգելվում է հրապարակային միջոցառումներ անցկացնել, ինչպես նաեւ այն տարածքների ցանկը, որտեղ միջոցառումներ չեն կարող անցկացվել առանց իրազեկման: «Ցանկի առկայության պայմաններում հանրահավաքների մասնակիցների որսը կունենա արդեն օրինական բնույթ ու թերեւս ցանկի սահմանումը պայմանավորված է հենց դրանով», - գրում է թերթի մեկնաբանը: Ներկայացնելով այդ երկար շարքը, որի առաջին երեք տեղերում են Ազատության, Հանրապետության հրապարակները, Մատենադարանին հարող տարածքը, եւ որը, ըստ էության, ներառում է Երեւանի բոլոր հրապարակները` «Հայկական ժամանակ»-ը եզրակացնում է. - «Հայաստանում օրինական հանրահավաքներ անցկացնելու անգամ տեսական հնարավորությունը այլեւս վերացած է»: «Պաշտպանվել ընդդիմության հանրահավաքներից. սա է կառավարության հաստատած չակերտավոր կարեւորագույն օբյեկտների ցանկի նպատակը», - իր հերթին արձագանքում է «Առավոտ»-ը: Հիշեցնելով, որ «Հանրահավաքների, ցույցերի, երթերի անցկացման մասին» օրենքը արժանացել էր միջազգային կառույցների խիստ բացասական գնահատականներին, եւ որ Հայաստանի իշխանությունները պարտավորվել էին իբր բարեփոխել այն` «Առավոտ»-ը հեգնում է. - «Սակայն ստացվում է, որ ՀՀ իշխանությունները օրենքի «ունքն ուղղելու» փոխարեն այսօր պատրաստվում են դրա նաեւ «աչքը հանել»:

«Առավոտ»-ը տեղեկացնում է, որ երեկ Ծաղկաձորում անցկացված «Մարդու իրավունքների դատական պաշտպանվածությունը» թեմայով սեմինարի ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը անդրադարձել է Հայաստանից Եվրոդատարան մուտք եղած գործերին: «Առայժմ մեզ մոտ կա Հայաստանից ընդունված 104 գործ, որի 50 տոկոսը մերժվել է եվրոկոնվենցիաներին չհամապատասխանելու պատճառով», - հայտնել է Ալվինա Գյուլումյանը` ասելով, թե Եվրոդատարանը «Հայաստանի պետությունից ակնկալում է պատասխան «Ա1+»-ի ու եւս մի քաղգործով` վարչական տույժի հետ կապված»: «Պատասխանները կստացվեն հոկտեմբերի 10-ին եւ չեմ բացառում, որ մյուս տարվա սկզբին կսկսվեն այդ գործերի քննությունները», - ասել է Ալվինա Գյուլումյանը:

«Իրավունք»-ի թղթակիցը ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանից փորձել է պարզել, թե ինչու է թիվ 44 ընտրատարածքում ՀՅԴ-ն չեզոքություն պահպանում, երբ ՀՀԿ-ն որոշել է սատարել «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածուին: «Բացատրության կարիք չկա. կոալիցիան չի քննարկել հարցը: «Օրինաց երկիր» կուսակցությունը հավանաբար կարիք չի ունեցել կոալիցիայի մակարդակով խնդիրը բարձրացնելու համար», - պատասխանել է Մկրտչյանը:

Այդ ընտրատարածքում «Օրինաց երկիր»-ի թեկնածուի հիմնական մրցակից համարվող «Լավանդա» ընկերության տնօրեն Արայիկ Հայրապետյանը «Հայոց աշխարհ»-ում դժգոհում է. - «Ինձ համար անընդունելի է պետական պաշտոնյաների բազմիցս հնչեցրած պնդումը, թե թիվ 44 ընտրատարածքը «Օրինաց երկիր»-ի տեղն է: Չեմ կարծում, թե պետական ռեգիստրում սեփականաշնորհման նման փաստաթուղթ կա»:

«Կոնկրետ ՀԺԿ-ն խորհրդարան վերադառնալու մտադրություն չունի: Նույնը կարող եմ ասել մյուսների մասին: Մենք անիմաստ ենք համարում Ազգային ժողով գնալ շատ պարզ պատճառով. եթե իշխանությունները իսկապես ուզում են, որ ընդիմությունը մասնակցի օրինաստեղծ աշխատանքին, ապա որոշակի քայլեր պետք է որ արդեն արած լինեին», - «Իրավունք»-ի թղթակցին ասել է Հայաստանի ժողովրդական կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը:

«Ի՞նչ պիտի գրեն աշնանային դրոշների վրա արմատականները», - հարցնում է «Հայոց աշխարհ»-ը եւ ինքն էլ պատասխանում. - «Դե իհարկե գրելու են «իշխանափոխություն»: Հո սար ու ձոր չեն ընկնելու, պատրաստի գաղափարը թողած»:

Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը «Իրավունք»-ի հարցազրույցում հաստատում է, որ իրեն չեն հրավիրել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին: «Չնայած բարձրագոչ հայտարարվում է, թե փառատոնը տեղի է ունենում հանրապետության նախագահի բարձր հովանավորության ներքո, բայց, ինձ թվում է, դա երեւութական հովանավորություն է, գործնական նշանակություն չունեցող: Արդեն պատրաստ ձեռնարկության ժապավեն կտրելու պես մի բան», - ասում է բանաստեղծուհին` թղթակցին առաջարկելով շատ լրջացած զրույցում մի քիչ հումոր անել. - «Հենց միայն այն, որ փառատոնի կազմակերպիչներին հաջողվեց մեր հանրապետության նախագահին «Պապլավոկից» պոկել-բերել օպերայի կառավարական օթյակ` լսել տալու հայկական բարձրորակ երաժշտություն, դա էլ պակաս հաղթանակ չէր… Իսկ ինձ հրավիրել-հրավիրելը շատ երկրորդկան խնդիր է ինձ համար»:

«Ըստ 2024 թվականին գործող Սահմանադրության, Հայաստանի նախագահը ինքն է որոշում, թե քանի անգամ կարող է առաջադրվել այդ պաշտոնի համար` խորհրդակցելով իր քարտուղարուհու հետ: Իսկ խորհրդարանի անդամ կարող է դառնալ միայն այն անձը, որը դատվածություն ունի… 2024 թվականին ընդդիմության պահանջն է՝ չեղյալ հայտարարել 2003 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները». ամերիկացի լրագրող Փոլ Ռիգերի «Փախուստ ավետյաց երկրից» վիպակի այս հատվածները մեջբերել է «Առավոտ»-ը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG