Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը «Հայաստանի Հանրապետություն» թերթում պնդում է, որ ընդդիմության 21 պատգամավորների բացակայությունները պետք է անհարգելի համարվեն: Նշելով, որ վերջնական որոշումը պետք է կայացվի Ազգային ժողովի նիստում, նա, այդուհանդերձ, կարծիք է հայտնում, թե «ճիշտ մտածելու դեպքում պատգամավորներն իրենց գործընկերների 156-ից ավելի բացակայություններն անհարգելի համարելուն կողմ կքվեարկեն». - «Եթե չքվեարկեն, նշանակում է գտնում են, որ կարելի է չորս տարի պատգամավոր լինել, ժողովրդի վճարած հարկերի հաշվին աշխատավարձ ստանալ, մեկնել գործուղումների, բայց ոչինչ չանել: Այդ դեպքում ոչ միայն ԱԺ-ն է վարկաբեկվում, այլեւ պետությունն է ֆինանսապես տուժում»:

«Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում անդրադառնալով խորհրդարան վերադառնալու հնարավորությանը, ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) նախագահ Վազգեն Մանուկյանը ընդգծում է. - «Այդ գործընթացն ունի երկու ճանապարհ. կա’մ բոյկոտը կդառնա 100 տոկոսանոց, այսինքն ընդհանրապես ցած կդրվեն մանդատները, կա’մ` վերադառանալ, երբ կլուծվեն մեր առաջադրած խնդիրները»: «Ընդդիմությունը խորհրդարան չի գնալու, եւ թող չփորձեն ոստիկանական մեթոդներով կամ տարբեր քաղաքական շանտաժներով մեզ վախեցնել», - «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում էլ շեշտում է Արամ Զավենի Սարգսյանը:

Պատգամավորական թափուր տեղի համար թիվ 44 ընտրատարածքում առաջիկա կիրակի օրը կայանալիք ընտրություններին վերաբերող հոդվածը «Առավոտ» օրաթերթը վերանգրել է «Աղվան Հովսեփյանը «Օրինաց երկիր»-ի դեմ»: Իսկ «Գոլոս Արմենիի»-ում նույն թեմայով հրապարակումը վերնագրված է «Օրինաց երկիր»-ը ընդդեմ «Նիգ Ապարանի»: «Ընտրարշավի խոհանոցին լավ ծանոթ մեր աղբյուների գնահատմամբ», - գրում է «Առավոտ»-ը, - «հավանական է, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի թեկնածու Արայիկ Հայրապետյանին աջակցում է Ռոբերտ Քոչարյանը»: Փաստարկն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը ուզում է «տեղը դնել» «Օրինաց երկիր»-ի ու Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին` դեռեւս ապրիլի լույս 13-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ տված «չափից դուրս ազատամիտ ու ժողովրդավար գնահատականների համար»: «Գոլոս Արմենիի»-ի բնորոշմամբ` թիվ 44-ում ընտրությունները բավականին հատկանշական կլինեն ինչպես ներկոալիցիոն հարաբերությունների, այնպես էլ ուժի ցուցադրման տեսանկյունից: «Ըստ լուրերի, Արթուր Բաղդասարյանը իբր հայտարարել է, որ իրենց կուսակցության թեկնածուի պարտության դեպքում «Օրինաց երկիր»-ը դուրս կգա կոալիցիայից», - ընդգծված է «Գոլոս Արմենիի»-ում:

«Մեր օլիմպիական հավաքականը հաստատուն քայլերով մոտենում է լիակատար տապալման», - արձանագրում է «Հայկական ժամանակ»-ը` մատնանշելով պատճառները. - «Սպորտային չինովնիկները զբաղված են քաղաքական ինտրիգներով, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին քծնելով եւ պետբյուջեից կոպեկներ փախցնելով»:

«Հայկական ժամանակ»-ը անդրադառնում է վերջերս ստեղծված ՀՀ պետական պահպանության ծառայությանը: Թերթը մտավախություն է հայտնում, որ այն կդառնա մի սուպերկառույց, գաղտնի ոստիկանություն, որը «հսկողություն կհաստատի բոլոր ուժային կառույցների վրա եւ որից կախված կլինի Հայաստանի ներքաղաքական կյանքն ամբողջությամբ»:
Ծառայության պետ Գրիշա Սարկիսյանը, ով անընդմեջ ղեկավարել է Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը, թղթակցի հետ զրույցում, անտեղի համարելով նման մտավախությունները, նաեւ ասել է. - «Ռոբերտ Քոչարյանը անձամբ մանրամասն ուսումնասիրել է իրեն ներկայացված հաստիքացուցակը, եւ դրա արդյունքում առաջարկված թվակազմը մոտ 20 տոկոսով կրճատվել է»: Թե քանի հաստիք է մնացել, րիշա Սարկիսյանը չի կոնկրետացրել: Նշել է միայն, որ ունենալու է մի քանի հարյուր ծառայող:

«Սպիտակ Արծիվ» թիկնապահների դպրոցի տնօրեն Արսեն Դավթյանը «Հայոց աշխարհ»-ում ընդգծում է. - «Մեզ մոտ թիկնապահի թշնամին լրագրողն է… Մեզ մոտ թիկնազոր են հավաքում չափերը նկատի ունենալով, քանի որ ընտրում են ծեծ ու ջարդի ապագա մասնակիցների: Վաղ թե ուշ թիկնազորին շեֆը քսի է տալու ինչ-որ մեկի վրա»:


«Ազգ» թերթի ճակատին ընդգծված է. - «Լրագրողների նկատմամբ բռնությունների մթնոլորտը չկանխելու պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է»: «Հայաստանի ղեկավարի լռությունն ուղղակիորեն պարարտ հող է ստեղծում հաջորդ բռնարարքների համար», - գրում է թերթը: «Առավոտ»-ի խմբագրականը, զուգահեռներ անցկացնելով Ֆիլիպ Կիրկորովի` շոու բիզնեսը թողնելու որոշման ու Ծաղկաձորի միջադեպի միջեւ, գրում է. - «Հասարակության բոյկոտը ազդեց նույնիսկ այնպիսի անպատկառ անձնավորության վրա, ինչպիսին Ֆիլյան է… Փորձենք, օրինակ, բոյկոտ հայտարարել նշանավոր օրենսդիր Ալրաղացի Լյովին կամ նույնքան նշանավոր ոստիկան Արմեն Երիցյանին: Նրանք հնարավորություն ունեն շատ ավելի ցինիկ լինել, քան Կիրկորովը, որովհետեւ մեզանից որեւէ կախում չունեն։ Որովհետեւ «ընտրություններ» կոչվող միջոցառումը մեզ մոտ բացարձակ ֆիկցիա է… Մեզ մոտ թքած ունեն այդ կարծիքի վրա։ Եվ՝ ընտրողի կամքի վրա։ Մեր իշխանությունն ինքն իրեն է ծնում, իսկ մենք ստատիստի դեր ենք կատարում։ Դրա համար են նրանք այդ աստիճան ցինիկ եւ անպատկառ»։ «Հայոց Աշխարհ»-ի ձեւակերպմամբ, արտառոցն այն է, որ այսօր փաստորեն բնությունը ոչնչացնող «բոյ-բոյների» ախորժակը զսպողը մնացել է միայն չորրորդ իշխանությունը. - «Մի իշխանություն, որը սրանց ու իրենց «գամփռների» համար իսկի տասներորդական նշանակություն չունի: Ոճ են որդեգրել՝ խաթրին կպար՝ հսկող սափրագլուխներին քսի կտան լրագրողների վրա»:


Հրաչ Մելքումյան


(Չորեքշաբթի, 25-ի օգոստոսի)

Ծաղկաձորից ռեպորտաժը «Առավոտ»-ը տպագրել է դատարկ շրջանակներով, որտեղ պետք է լինեին ոչնչացված լուսանկարները:
«Այսօր մեր թերթում պիտի լուսանկարչական ռեպորտաժ հրապարակվեր, թե ինչպես են նորահարուստները, Երեւանում կանաչ տարածությունները վերացման եզրին հասցնելուց հետո, այժմ էլ Ծաղկաձոր փոխանցել իրենց ավերիչ գործելակերպը: Սակայն պարզվեց, որ նրանք այնտեղ են փոխանցել նաեւ իրենց պահնորդների միջոցով լրագրողների հետ հաշվեհարդար տեսնելու գործելակերպը», - ընդգծված է թերթում: «Առավոտ»-ը մտադիր էր հրապարակել ոստիկանության պետի տեղակալ, 6-րդ վարչության նախկին պետ Արմեն Երիցյանի, մաքսատան աշխատակից Կարեն Ջանոյաի, ոմն Սեֆիլյանի առանձնատները, Ազգային ժողովի պատգմավոր, «Մուլտի գրուպ» ընկերության նախագահ Գագիկ Ծառուկյանի` 20 հետկար կազմող պարսպապատված կալվածքը, մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի, Ալրաղացի Լյովի՝ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի առանձնատները, անտառի միջով բացված այն 9 մետրանոց ճանապարը, որը բացվել է հատուկ Ռոբերտ Քոչարյանի համար. - «Նա սովորություն ունի ձմեռներն այդ ստորոտին «Բուրան» քշել, եւ, ահա, որպեսզի մեր «լեգիտիմ» նախագահի սլացքին եւ ոչ մի ճյուղ չխոչընդոտի՝ տրակտորով դրել ու ճանապարհ են հարթել»: «Առավոտ»-ի տեղեկություններով, «Ֆոտոլուր»-ի լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանից բռնությամբ վերցված չիպը անմիջապես հասցրել էին Երեւանի Նալբանդյան փողոցի վրա գտնվող հաստատությունը (Ազգային անվտանգության ծառայություն) ու ուսումնասիրում էին, թե հատկապես ինչ է լուսանկարվել.

«Սափրագլուխների երկիր». այսպես է վերնագրված է «Առավոտ»-ի խմբագրականը: Ըստ մեկնաբանի, ապրիլի 5-ի միջադեպի եւ Ծաղկաձորում երեկ տեղի ունեցածի միջեւ կապն անմիջական է. - «Ապրիլի 5-ի հանրահավաքին լրագրողների վրա հարձակված «հերոսները» իրենց սափրած գլուխներն ազատեցին մի թեթեւ պատիժով միայն: Դատարանը սահմանափակվեց սիմվոլիկ տուգանքով, եւ հարցը փակվեց… Այդ տրամաբանությամբ են լրագրողներին ծեծում, նրանցից խլում տեսախցիկներ, որ վախենան եւ չխցկվեն այնտեղ, ուր պետք չէ: Դե, իսկ եթե լրագրողները վախեցողներից չեն եւ դիմում են դատարան, ապա այդ լրագրողներին խելքի բերելու գործին միջամտում է հայրենի Ֆեմիդան: Նա այնպիսի վճիռներ է կայացնում, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ի վերջո հասկանան, թե ովքեր են այս երկրի տերերը», - արձանագրում է մեկնաբանը:

«Հայկական ժամանակ»-ը եւս, առաջին էջում անդրադառնալով երեկվա միջադեպին, նշում է. - «Ուշագրավ է, որ ե՛ւ Մխիթար Խաչատրյանը, ե՛ւ Աննա Իսրայելյանը չեն դիմել իրավապահ մարմիններին… Եթե հաշվի ենք առնում, որ Հովհաննես Վարյանը դեռ ազատության մեջ է, լրագրողների դիրքրոշումը ոչ միայն հասկանալի է, այլեւ ընդունելի»:

«Հայոց աշխարհ»-ում ընդգծված է. - «Տվյալ պարագայում բացարձակապես ակնհայտ է, որ լրագրողի վրա կատարված հարձակումն անմիջապես կապված է նրա մասնագիտական օրինական գործունեության հետ եւ ոկրաջարդները նպատակ, գուցեեւ հանձնարարություն ունեցել ամեն գնով խոչընդոտել լրագրողի աշխատանքը»: Թերթի լրագրողը առաջարկում է. - «Արժե բոլոր լրատվամիջոցների թղթակիցներով գնալ Ծաղկաձոր ու նկարահանել թե’ շքեղ «դաչաները», թե հատվող անտառները»:

«Ազգ»-ում տպագրված է Հայաստանի ժուռնալիստների միության եւ Երեւանի մամուլի ակումբի համատեղ հայտարարությունը. - «Կրկին փաստում ենք, որ լրագրողի նկատմամբ բռնարարքները եւ նրանց աշխատանքին խոչնդոտելը նախորդ միջադեպերի մեղավորներին չպատժելու հետեւանք են: Խստորեն դատապարտելով իր մասնագիտական պարտքը կատարելիս ժուռնալիստի նկատմամբ հերթական բռնարարքը, մենք իրավապահ մարմիններից պահանջում ենք կոնկրետ միջամտություն մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու համար»:

«Առավոտ»-ի տեղեկություններով, երկուշաբթի գիշերը «Բելաջիո» նորակառույց համալիրում հերթական միջադեպն է տեղի ունեցել բարձրաստիճան պաշտոնյայի, այս անգամ գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանի որդու՝ Գեւորգ Փայտյանի անմիջական մասնակցությամբ: «Մեր աղբյուրների պնդմամբ», - գրում է «Առավոտ»-ը, - «մի աղջկա շուրջ ծագած վեճի արդյունքում «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Հայրապետ Հայրապետյանը կրակել է Գեւորգ Փայտյանի ոտքերին: Վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ»:

Հակադարձելով Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե Ռուսաստանը պատրաստ է լինել երաշխավոր եւ միջնորդ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում` «Ազգ»-ը ընդգծված ներկայացնում է. - «Լեռնային Ղարաբաղի երաշխավորը Արցախի հայ ժողովուրդն է եւ Հայաստանի պետությունը: Իսկ Ռուսաստանից Հայաստանն ակնկալում է ներդրումներ, ինչն առայժմ չկա»:

Հարցը, թե ո՞վ կհաղթի Եղվարդի ընտրատարածքում «Հայոց աշխարհ»-ը ինչ-որ տեղ հռետորական է համարում. - «Քանզի հաղթողի անունն այնքան էլ էական չէ: Էականն այն է, որ Եղվարդի թիվ 44 ընտրատարածքում ծավալվող իրադարձությունների օրինակով համոզվեցինք, որ վերջին խորհրդարանական ընտրություններին հաջորդած մեկ տարվա ընթացքում Հայոց աշխարհում ոչինչ չի փոխվել»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG