Մատչելիության հղումներ

Դրամի արժեվորումը «չի ազդի հարկահավաքի վրա»


Անցնող ամռանը արձանագրված դրամի կտրուկ արժեվորումը Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի պնդմամբ, չի ազդի այս տարի բավական հաջող ընթացող հարկահավաքի վրա:

«Այս ամիսներին նկատված փոխարժեքի անկումը` եթե անգամ դա շարունակվի մինչեւ տարեվերջ, չի ազդի բյուջեի եկամուտների ամբողջական կատարման վրա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Արմեն Ալավերդյանը` «անհեթեթ» որակելով պնդումները, թե դոլարի փոխարժեքի կտրուկ անկումը իբր բյուջեի կատարման հետ է կապված. հարկերը վճարելու պահին գործարարները խիստ մեծացնում են դրամի նկատմամբ պահանջարկը, այդ պատճառով դրամի դեֆիցիտ է առաջանում եւ, իբրեւ հետեւանք, դրամն արժեվորվում է։

«Փորձը ցույց է տալիս, որ տվյալ դեպքում դրամը կարող է արժեվորվել առավելագույնը 3-4 դրամով եւ ոչ թե 60-70 դրամով, ինչպես եղավ հունիսի 25-ին հաջորդած երկու շաբաթների ընթացքում», - ասաց նա:

Հարկային պետական ծառայության պետի տեղակալը փոխանցեց, որ օգոստոսին եւս հարկերը նորմալ են հավաքվում ու այսպես շարունակվելու դեպքում մինչեւ տարեվերջ բյուջեն հարկային մուտքերի առումով խնդիրներ չի ունենա: Այս տարվա առաջին 7 ամիսներին հավաքվել է բյուջեով ծրագրված հարկային եկամուտների 50 տոկոսը։

Այս տարվա հարկահավաքի բնորոշ գիծն այն է, որ խիստ մեծացել են այսպես կոչված ուղղակի հարկերի՝ շահութահարկի եւ եկամտահարկի գծով հավաքագրումները պետական բյուջե։ Վերջին 4-5 տարիների ընթացքում, փաստորեն, առաջին անգամ շահութահարկի գծով բյուջետային առաջադրանքները ոչ միայն կատարվում, այլեւ գերակատարվում են։

«Մենք վեց ամիսների ընթացքում շահութահարկի գծով ունեցանք մուտքեր, որը գերազանցում է անցած տարվա 10 ամիսների մուտքը», - փոխանցեց Արմեն Ալավերդյանը` դա բացատրելով հիմնականում վերջին տարիների տնտեսական աճով, երբ գործարարները շարունակաբար շահույթներ են ցույց տալիս, եւ ընդհակառակը՝ նվազեցնում իրենց հաշվետվություններում ցույց տրվող վնասները։ 2003 թվականի վերջի դրությամբ, գործարարների հայտարարագրած վնասների ընդհանուր ծավալը մոտ 200 միլիարդ դրամ էր, մինչդեռ այժմ դրանք մոտ 40 միլիարդ դրամով պակաս են։

Կեղծ վնասները, անշուշտ, պակասել են նաեւ այս տարվա ապրիլից հարկային նորամուծության կիրառման հետեւանքով, ըստ որի` անկախ նրանից, թե գործարարը շահույթ ստացել է թե ոչ, պարտավոր է իր հասույթի 1 տոկոսի չափով շահութահարկի կանխավճար մուծել պետությանը։

Հարկային այս փոփոխությունը, որ սվիններով ընդունվեց հատկապես խոշոր բիզնեսի կողմից, այդուհանդերձ, սկսել է գործել ու արդյունք տալ։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG