Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը, «Հայոց աշխարհ» թերթում անդրադառնալով դատախազության կադրային քաղաքականության նոր մոտեցումներին եւ Կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի գործունեությանը, առաջին հերթին նկատում է. - «Երկու հարցերն էլ պետք է դիտարկել նպատակային նույն համատեքստում որոշակիորեն շաղկապված, այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարի քայլերի շրջանակներում»: Նշելով մի քանի կոնկրետ դեպքեր, երբ դատախազության աշխատակիցները զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, Դանիելյանը ընդգծում է. - «Կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ խնդիրը խորքային է, շատ ավելի ցավալի երանգներ է ձեռք բերել։ Հարցն այն է, որ այդ մարդիկ ոչ թե գոյատեւելու խնդիր են լուծում, այլ լուրջ, ակտիվ ձեռնարկատիրությամբ են զբաղվում, իսկ դատախազությունում աշխատելն իրենց համար որպես տանիք պիտի ծառայեր, ինչը թույլ տալ չենք կարող»։

«Հայկական ժամանակ»-ը, վկայակոչելով կոալիցիային մոտ կանգնած աղբյուրներ, գրում է. - «Իշխանությունները որոշել են ընդդիմադիր պատգամավորներին մանդատից չզրկել: Որոշված է իրականացնել հետեւյալ սցենարը. սեպտեմբերի սկզբին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քվեարկությամբ անհարգելի կհամարի «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների պատգամավորների բացակայությունը, եւ նրանց մանդատից զրկելու հարցը կմտնի օրակարգ՝ փակ, գաղտնի քվեարկության: Սակայն, համաձայն իշխանությունների կայացրած որոշման, փակ, գաղտնի քվեարկությամբ պատգամավորներն ընդդիմադիր իրենց գործընկերներին չեն զրկի պատգամավորական մանդատից»:

«Գոլոս Արմենիի»-ի հարցազրույցում անդրադառնալով երկրի նախագահի լիազորությունները մինչեւ 7 տարի երկարաձգելու խոսակցություններին, Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը հստակեցնում է. - «Տեսականորեն ցանկացած օրինագծում ամեն ինչ հնարավոր է, բայց սահմանադրական բարեփոխումների այս փաթեթը հիմնված է նախորդի վրա, որտեղ այդպիսի ոչ մի բան չկա: Չկա եւ նոր նախագծում: Ավելին` ո’չ նախորդ նախագծի, ո’չ այս փաթեթի քննարկումներում այդպիսի մտքեր չեն հնչել»:

«Չնայած Ռոբերտ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, թե նախագահի պաշտոնում երրորդ անգամ չի առաջադրելու իր թեկնածությունը, սակայն ընդդիմության ճամբարում առանձնապես լուրջ չեն վերաբերում նրա նմանօրինակ հայտարարություններին»: Այս նախաբանով «Հայկական ժամանակ»-ը մեջբերում է Շավարշ Քոչարյանի խոսքերը. - «Հիշեք բոլոր բռնապետերին. բոլորն էլ սկզբում բացառել են, հետո առաջադրվել են՝ ասելով, թե ժողովուրդը խնդրում է: Եվ, ի դեպ, Ռոբերտ Քոչարյանին ազգովի խնդրողներ հաստատ կգտնվեն. կսկսեն կոլեկտիվներով նամակներ գրել, մտավորականները կդիմեն ուղերձներով եւ արցունքներով: Ուստի, Քոչարյանի դեպքում ոչինչ բացառել հնարավոր չէ»: Թերթի հարցազրույցում անդրադառնալով նաեւ սահմանադրական բարեփոխումների փաթեթին` ընդդիմադիր պատգամավորը շեշտադրում է. - «Սահմանադրական բարեփոխումների այդ նոր փաթեթը բացահայտ բռնապետության հաստատման փորձ է»:

«Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանի գնահատմամբ, «Տրիումֆ» սրճարանի միջադեպի դատավարության ելքը անսպասելի չէր. - «Այդօրինակ արդարադատությանը այլ կերպ չես անվանի, քան ծաղր հանրային կարծիքի եւ օրենքի նկատմամբ»: «Երկակի ստանդարտների այս հերթական ցուցադրությունը հենց հիմնքից անիմաստ է դարձնում օրենքը հարգելու` հանրությանն ուղղված բոլոր կոչերը: Օրենքի նկատմամբ հարգանքը սկսվում է վերեւներից եւ հաստատվում անձնական օրինակով: Իսկ երբ հասարակ մարդիկ ամենուր տեսնում են, որ իշխանությունը իր մարդկանց չի նեղացնում, ապա նաեւ ներքեւների մեծամասնությունն իրեն իրավունք է վերապահում խախտելու օրենքը», - գրում է թերթի մեկնաբանը` գնահատելով. - «Քանի դեռ հեղինակավոր հայրերի տղաները իրենց անպատիժ են զգում, այսպիսի կործանարար իրականությունում չի կարող իրավական զարգացում լինել»:

«Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը այնքան էլ նպատակահարմար չի համարում, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում քննարկվի Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքը: «Մոնիտթորինգի հանձնաժողովում առաջարկվելու է երկու բանաձեւերի կատարման ընթացքը միաժամանակ քննարկել. այն պարտավորությունները, որոնք ամրագրվել են այս տարվա հունվարյան եւ ապրիլյան նստաշրջաններում ընդունված բանաձեւերով», - հայտնում է նա` նշելով. - «Այստեղ պրոբլեմ կա այն առումով, որ հունվարյան նստաշրջանի ընթացքում ընդունված բանաձեւում ամրագրված պարտավորությունների մի մասի կատարման ժամկետները ավարտվում են այս տարվա վերջին: Ըստ այդմ՝ հազիվ թե նպատակահարմար է դրանք հոկտեմբերին քննարկելը: Տրամաբանական կլինի, որ այդ ժամկետները լրանալուց հետո պարտավորությունների կատարման վերաբերյալ քննարկումը կազմակերպվի գալիք տարվա հունվարյան նստաշրջանում: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ հանձնաժողովը առաջնորդվի այս տարբերակով»:

«Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը, չհամաձայնելով այն պնդումներին, թե Հայաստանում այդպես էլ ձեւավորված չէ միջին խավը, գրում է. - «Իրականում մեր միջին խավը ոչ միայն ծաղկում է, այլեւ սեփական պայմաններն է թելադրում հասարակությանը։ Ահավասիկ խաչմերուկում կանգնած ավտոտեսուչը, որտեղ նա դատավոր է, դատախազ, մաքսավոր ու խնայդրամարկղ՝ մեկ անձի մեջ. ո՞վ է նա։ Դատելով աշխատավարձից՝ աղքատ։ Ճիշտ այդպես էլ ոչ ոք չի կարող պատկերացնել նման անհեթեթություն դատախազների, դատավորների, նախարարությունների, գերատեսչությունների, քաղաքապետարանների չինովնիկների եւ այլոց պարագայում։ Նրանցից շատերը բավական ունեւոր մարդիկ են, հայրենի միջին խավ։ Այո, անլեգալ, այո, ստվերային, այո, կաշառքներով ու անօրինական գործարքներով սնվող, բայց տիպիկ միջին խավ»։ Մեկնաբանն ընդհանրացնում-որակում է. - «Կոռումպացված մեծամասնության ընդերքից ծնվում է Հայաստանի նորմալ միջին խավը։ Սա չափազանց հետաքրքիր պատմական հայտնագործություն է. մենք` հայերս, նոր խոսք ասացինք համաշխարհային տնտեսության մեջ»։


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG