Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը փոխելու է պայքարի մարտավարությունը


Ավարտին մոտեցող ամռան այս օրերին հայաստանյան քաղաքական շրջանակներում առանցքային հարցերից մեկը աշնանը ընդդիմության սպասվող ակտիվության մարտավարությունն է: Ակնհայտ է, որ մարտավարության փոփոխության հարցը ընդդիմության օրակարգում է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դրան են անդրադառնում ընդդիմադիր որոշ առաջնորդներ:

Ըստ «Սահմանադրական իրավունք» միության (ՍԻՄ) նախագահ Հրանտ Խաչատրյանի՝ քաղաքական դաշտում այսօր ստեղծված վիճակը կարելի է բնորոշել որպես «փխրուն հավասարակշռություն»:

«Այն [հավասարակշռությունը] հիմնված է իշխանության կողմից ուժային քայլերի կիրառման հետեւանքների վրա եւ ընդդիմության կողմից պայքարի նոր ձեւերի, մեթոդների փնտրտուքի վրա», - ասաց Խաչատրյանը` ավելացնելով. - «Ակնհայտ է, որ ե’ւ իշխանությունները, ե’ւ ընդդիմությունը խնդիր ունեն մարտավարությունը փոխելու»:

«Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանի փոխանցմամբ, իրենք պատրաստվում են առաջիկա պայքարի մարտավարության հարցը քննարկել կուսակցության` օգոստոսի 25-ին կայանալիք նախագահության նիստում եւ սեպտեմբերի 3-ին` ակտիվիստների ընդլայնված հավաքում:

«Բնականաբար, մեր մարտավարությունը որոշակի փոփոխության կենթարկենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արտաշես Գեղամյանը` պարզաբանելով. - «Եթե անում ենք հանրահավաք, ապա դա պետք է լինի մեկ կամ երկու հանրահավաք եւ` իրականանա իշխանափոխություն, այլ ոչ թե ամեն շաբաթ կամ տասը օրը մեկ մարդկանց տանջել, թեկուզեւ` ճշմարտությունը ասել: Բայց այդ ճշմարտությունը լսելուց հետո մարդիկ ձեռնունայն վերադառնում էին տները եւ, բնականաբար, փոքր-ինչ հիասթափություն էին նաեւ ապրում»:

Անդրադառնալով անցած ամսվա վերջին Ազգային ժողովրդավարների դաշինք (ԱԺԴ) կուսակցության համագումարում Արշակ Սադոյանի հնչեցրած առաջարկին`որդեգրել իշխանափոխության «երկարաժամկետ սցենար», Արտաշես Գեղամյանը դա որակեց «մարդկանց ուշադրությունը շեղելու միջոց»:

ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը կուսակցության համագումարի ամբիոնից առաջարկել էր սահմանադրական բարեփոխումների վրա հիմնված իշխանափոխության սցենար. - «Կատարվում են սահմանադրական արմատական փոփոխություններ. մշակվում է Սահմանադրության փոխհամաձայնեցված տարբերակ եւ տարեվերջին դրվում է հանրաքվեի: Դրանից հետո` նոր լիազորություններով նախագահի եւ խորհրդարանի ընտրություններ»:

Հենց այդ օրերին առաջարկը փաստորեն մերժվել էր միացյալ ընդդիմության ղեկավարներից «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Ընդդիմադիր մեկ այն գործչի` ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանի կարծիքով, այն, ինչ առաջարկում է Արշակ Սադոյանը հազիվ թե կարելի է իրականանալի սցենար անվանել:

«Հույս դնել, որ կարելի է պայքարի մնացած ձեւերը մի կողմ թողնել եւ իշխանությունների հետ համագործակցելով կամ նրանց պարտադրելով ընդունել նորմալ Սահմանադրություն, այս իշխանության օրոք միամտություն է», - ասաց Շավարշ Քոչարյանը:

Հարցին էլ, թե ընդդիմությունը չի՞ պատրաստվում շրջանառության մեջ դնել Սահմանադրության իր տարբերակը, որը վաղուց պատրաստ է եւ առաջարկում է երկրի պետական համակարգի առջեւ կանգնած խնդիրների այլընտրանքային լուծումներ, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, թե սահմանադրական բարեփոխումների պաշտոնական տարբերակի ֆոնին այս հարցին վերադառնալն այնքան էլ ճիշտ չէ:

«Իհարկե, կարելի է ներկայացնել, գնալ, խոսել, բայց… չի անցնի», - ավելացրեց նա: - «Սահմանադրության այն նախագիծը, որ մենք ներկայացրել ենք, ցույց է տալիս, թե ինչպիսին ենք մենք տեսնում Հայաստան պետությունը: Եվ ավելին` մենք հասկանում ենք, որ այդպիսի Հայաստան ներկա իշխանություններին պետք չէ: Իրենց նախագիծը ցույց է տալիս, թե ինչպիսին են իրենք տեսնում Հայաստանը»:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG