Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյան. «Լավ աշխատանք տանելու դեպքում նախագիծը հանրաքվեով կընդունվի»


Ազգային ժողովի եւ կոալիցիոն կուսակցություներից Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով, սահմանադրական փոփոխությունների քննարկմանը ընդդիմության մասնակցել-չմասնակցելը «էական ազդեցություն» չի ունենա նախագծի վրա:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե ընդդիմության կողմից` գարնանային նստաշրջանից սկսած բոյկոտը շարունակելը արդյո՞ք չի նշանակի, որ ընդդիմության աջակիցների ստվար զանգվածն էլ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կբոյկոտի, եւ նախագիծը չի ընդունվի, ինչպես եղավ 2003֊ին, Տիգրան Թորոսյանը, ով նաեւ օգոստոսի 6-ից խորհրդարանում շրջանառության մեջ դրված սահմանադրական փոփոխությունների քննարկումներում գլխադասային նշանակված Եվրաինտեգրման հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահն է, ասաց. - «Եթե ընդդիմությունը գա խորհրդարան, նախագիծը չի պաշտպանելու, այլ նախագծին դեմ է արտահայտվելու: Այսինքն` էական որեւէ ազդեցություն գալ-չգալը, համոզված եմ, չի ունենա այս նախագծի վրա: Եվ չարժե` եթե հանկարծ անհաջողություն լինի, պատասխանատվությունը դնել ընդդիմության վրա»:

«Լավ աշխատանք տանելու դեպքում նախագիծը հանրաքվեով կընդունվի», - ավելացրեց նա` նաեւ չհամաձայնելով, թե սահմանադրական հանրաքվեն կարելի է ինչ֊-որ տեղ վստահության հանրաքվե համարել գործող իշխանությունների համար:

Անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին` Ազգային ժողովի փոխնախագահը ասաց, որ դրանց հիմքում նախորդ` 2003 թվականի հանրաքվեով մերժված նախագիծն է` «որոշակի փոփոխություններով եւ շտկումներով»:

Թորոսյանը փոխանցեց, որ նախագահի Քոչարյանի հետ նախագծի վրա աշխատելիս չի քննարկվել գործող նախագահի` հաջորդ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորություն նախատեսելու հարցը:

«Նման հարց չի քննարկվել», - ասաց Տիգրան Թորոսյանը` ավելացնելով արդեն իր անձնական տեսակետը. - «Կարծում եմ, այս փոփոխությունները եթե ընդունվեն, ապա հանրապետության նախագահը երրորդ անգամ չի առաջադրվի… Հակառակ դեպքում ամեն անգամ կարելի է Սահմանադրության մեջ ինչ-որ մի փոքր բան փոխել եւ ամեն անգամ առաջադրվել: Այստեղ ո'չ տրամաբանություն կա, ո'չ էլ, ամենակարեւորը` իրավական հիմք», - փաստարկեց նա` դիտարկմանն էլ, թե որոշ ԱՊՀ երկրներում նման փորձ կա, հակադարձելով. - «Ես կարծում եմ, մինչ այժմ մեր աշխատանքների մեջ մեր կողմնորոշումը եղել է բոլորովին հակառակ ուղղությամբ` ոչ թե դեպի Արեւելք, այլ դեպի Արեւմուտք»:

Տիգրան Թորոսյանը հերքեց նաեւ տեղեկությունները, թե միտում կա նախագծի հետագա մշակումներում երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5 տարվա փոխարեն ամրագրել 7 տարի, ինչպես, օրինակ, ըստ մամուլի հրապարակումների, առաջարկել է Ազգային ժողովի պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը:

«Եթե որեւէ մեկը մտքով մի անգամ նման միտք անցել է, այդ որեւէ մեկը չպետք է նման միտքը ներկայացնի որպես միտում», - ասաց Թորոսյանը: - «Ազգային ժողովում եւ նախագահի նստավայրում, որքան ինձ է հայտնի, որեւէ լուրջ միտում չկա»:

Երկքաղաքացիության արգելքը, ի տարբերություն գործող Սահմանադրության, այս նախագծում չկա, եւ հարցի լուծումը թողնված է «Քաղաքացիության մասին» օրենքին:

Վենետիկի հանձնաժողովը նախորդ նախագծին տված եզրակացությամբ հատկապես կտրուկ էր Երեւանի կարգավիճակի հետ կապված հարցերում: Թեեւ նոր նախագծով ամրագրված է, որ Երեւանը համայնք է, ինքնուրույն բյուջե պետք է ունենա, մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը, այդուհանդերձ, մնում է նշանակովի: Դիտարկմանը, թե Վենետիկի հանձնաժողովը դեմ էր արտահայտվել հատկապես այդ դրույթին, Ազգային ժողովի փոխնախագահը պատասխանեց. - «Իրենք երբեք չեն ներկայացնում իրողություններն այնպես, որ իրենց բոլոր առաջարկությունները պետք է ընդունվեն»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG