Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Առօրյա ընթացքից «Առավոտ» թերթը ուրվագծում է. - «Հիմա ցույցեր անելու ժամանակը չէ: Արձակուրդի ժամանակ է, երբ նախարարները, պատգամավորները, քաղաքական գործիչները (այդ թվում եւ՝ ընդդիմադիր) հանգստանում են թանկարժեք ամառանոցներում: Թերթերը եւս արձակուրդ են գնում: Նախագահը որ նախագահ է, ինքն էլ է հանգստանում՝ կատարելագործելով սերֆինգի իր վարպետությունը: Ասենք՝ կառավարությունում մի քանի հոգի աշխատում են, քաղաքապետարանում՝ եւս: Այնպես որ, Հյուսիսային պողոտայի երբեմնի բնակիչները, Դալմայի այգիների երբեմնի վարձակալները կարող են գնալ՝ բողոքելու անարդարությունների դեմ»: Իսկ չինովնիկները, ըստ թերթի, վախենում են մոտենալ կառավարության շենքի մոտ հավաքվող ցուցարարներին: Նաեւ վստահ են՝ նման ցույցերն արագ են մարում, եթե չեն ստանում հասարակական արձագանք ու աջակցություն: «Տվյալ դեպքում հարցն անգամ ընդդիմության համար այնպիսի կարեւորություն չի ներկայացնում, որ դրան կշիռ ու հնչեղություն տան: Շա՜տ մանր խնդիր է, որի համար չարժե բազմություն հավաքել Մատենադարանի մոտ եւ պահանջել նախագահի հրաժարականը: Իսկ քաղաքական պայքարի այլ ձեւերը մեր ընդդիմադիր գործիչները, ըստ երեւույթին, չեն ընդունում… Նրանք իշխանության համար պայքարում են միայն բառիս գլոբալ իմաստով», - հեգնում է «Առավոտ»-ը:

Այսօր Հայաստանի հանրությանը նետված հարցերից մեկն էլ այն է, թե ընդդիմությանը խորհրդարանի աշնանային նստաշրջանում կզրկե՞ն արդյոք մանդատներից: «Այդ սնանկ խոսակցությունները պայմանավորված են նրանով, որ երկրում չկան իրական գործընթացներ», - համոզված ասում է ԱԺ պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը «Իրավունք» թերթում: - «Հայաստանում այսօր կան նմանակումներ, քաղաքական խաղեր, բայց ոչ գործընթացներ: Այդ խաղերի դաշտն էլ ստեղծում են իշխանությունները, որոնք «զրկել-չզրկելու» տափակ գաղափարը նետել են հրապարակ ու ստիպում են քննարկել մի խնդիր, որը նորմալ միջավայրում ընդհանրապես քննարկման ենթակա չէ»:

«Թափը չի հերիքում» վերնագրի տակ «Իրավունք»-ը փոխանցում է. - «Լավատեղյակ աղբյուրների համաձայն, վերջին ամիսներին իշխանական ամենավերին օղակներում ազդեցության ոլորտների վերաբաժանում նախաձեռնողները այս փուլում անհաջողության են մատնվել: Գրեթե բոլոր դեպքերում որպես իշխանական համակարգում «անդորր խախտող» նշվում է նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանի անունը: Մամուլում բազմիցս նշվել է վերջինիս եւ նախագահի առաջին օգնականի` Արմեն Գեւորգյանի միջեւ խոր հակասությունների մասին: Մասնավորապես նոր խորհրդականի սրտով չէ Հայաստանում գերազդեցիկ դեմք դարձած երիտասարդ առաջին օգնականի գրեթե անսահմանափակ ազդեցությունը Ռոբերտ Քոչարյանի վրա»: Ըստ «Իրավունք»-ի` Գառնիկ Իսագուլյանը, որի լիազորությունների շրջանակում են նաեւ գործնական շփումները հայաստանյան քաղաքական շրջանակների հետ, «լուրջ դժգոհություններ ունի, որ իր գրեթե բոլոր նախաձեռնությունները` կապված քաղաքական կուսակցությունների ու նախագահական նստավայրի միջեւ հարաբերությունների քիչ թե շատ նորմալացման հետ, միտումնավոր կամ անձնական շահերից ելնելով, խոչընդոտվում են Արմեն Գեւորգյանի կողմից». - «Դրա արդյունքում զգալիորեն նվազել է պրն Իսագուլյանի հեղինակությունն ու վարկանիշը քաղաքական շրջանակներում, քանզի համակարգային բարեփոխումների որոշակի հայտարարություններ են արվում, խոստումներ են տրվում, որոնք ի կատար ածել խորհրդականը ապարատային խարդավանքների պատճառով ի վիճակի չէ»:

«Հնարավո՞ր է, որ ընդդիմությունը աշնանը վերադառնա խորհրդարան։ Եթե ոչ՝ ի՞նչ է սպասվում աշնանը» հարցին Միացյալ Նահանգներից օրերս վերադարձած ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Առավոտ»-ի թղթակցին պատասխանել է. - «Երկխոսություն եւ խորհրդարանական բնականոն գործունեություն հնարավոր է, եթե իշխանությունները գործում են օրենքի դաշտում։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ երկխոսությունը, եթե շինծու քրեական գործ է հարուցված դաշինքի դեմ, եւ մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել բռնություններ եւ ապօրինություններ իրականացրած անձինք։ Ընդդիմության նպատակներն ու հարցադրումները հայտնի են եւ չեն փոխվել», - աներեր է Ստեփան Դեմիրճյանը: - «Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման»։

Լրագրող Պետրոս Ղազարյանը նշանակվել է «Առավոտ» հեռուստաընկերության տնօրեն: «Առավոտ»-ի ապրանքանիշը օգոստոսի ընթացքում կհանվի հեռուստաէկրանից եւ ընկերությունը կրկին վերանվանվելու է «Կենտրոն»: Այս տեղեկությունը «Իրավունք»-ը լրացնում է «Պետրոս Ղազարյանն այսօր ամուսնանում է եւ մեկնում Եգիպտոս` հարսանեկան ճանապարհորդության» դրվագով:


Վաչե Սար•սյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG