Մատչելիության հղումներ

Սպանվել են ԱԺ նախկին պատգամավորը, նրա որդին եւ ազգականը


Օգոստոսի 3-ին ժամը 16.30-ի սահմաններում Վանաձորից դեպի Ալավերդի տանող ճանապարհի առաջին կիլոմետրի հատվածում, ինչպես չորեքշաբթի օրը լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը, անհայտ անձինք ավտոմատներից ու ատրճանակից կրակ են բացել Վանաձորի բնակիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդիկ Մարտիրոսյանի «Նիսսան-պատրոլ» ավտոմեքենայի վրա: Քրեական շրջանակներում որոշ հեղինակություն հանդիսացող «Ճաճոյի Էդո» մականունով Էդիկ Մարտիրոսյանը, նրա որդին` ժորա Մարտիրոսըանը եւ ազգականը` Ռուդիկ Խաչատրյանը սպանվել են: Մեքենայի 4-րդ ուղեւորը` Աշոտ Ջանջուղազյանը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյաքին վտանգ չի սպառնում:

Մահտեսյանը ավելացրեց, որ ավտոմեքենայի վրա կրակողները երկու կամ երեք հոգի են եղել: Ձերբակալվածներ առայժմ չկան:

«Անձը, որի [դեմ] ուղղված է եղել, ըստ մեզ, այս հանցագործությունը, որոշ շփումներ ունի, որոշ հեղինակություն ունի հանցավոր աշխարհում, նույնիսկ այսպես ասեմ` Ճաճոյի Էդո անունով: Եվ Վանաձորում նախկինում եւս մենք ունեցել ենք քրեական գործեր, որտեղ նրա դեմ ուղղված որոշակի հանցագործություններ են եղել: Վարկածները բազմազան են եւ անգամ` Հայաստանի Հանրապետության շրջանակներից դուրս եկող»:

Փոխոստիկանապետը ո’չ բացառեց, ո’չ էլ հաստատեց, թե երեկվա սպանությունը կարող է որեւէ կապ ունենալ անցած ամիս Երեւանում կատարված հանցագործության հետ, երբ սպանվել էր մեկ այլ վանաձորցի` քրեական աշխարհում հեղինակություն վայելող Գոգա Առաքելյանը:

Մահտեսյանը փոխանցեց, որ Վանաձոր է մեկնել Հայաստանի ոստիկանության կենտրոնական ապարատի օպերատիվ խումբը` փոխոստիկանապետ Հունանյանի գլխավորությամբ:

1990-ականների կեսերին, երբ ներքին գործերի նախարարը Վանո Սիրադեղյանն էր, Էդիկ Մարտիրոսյանը ձերբակալվել էր, սակայն գործը այն ժամանակ դատարան չհասավ: Իսկ 1996 թվականին Վանաձորից ընտրված ԱԺ պատգամավոր Բորիս Մխիթարյանի սպանությունից հետո առաջացած թափուր տեղի համար անցկացված ընտրություններում Մարտիրոսյանը դարձել էր խորհրդարանի անդամ:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG