Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պրյախին. «ԵԱՀԿ-ի քննադատությունը երեւանյան գրասենյակին չի վերաբերում»


Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, թե ԵԱՀԿ-ին ուղղված քննադատությունը, որը հրապարակվել էր այս ամիս ավելի վաղ ԱՊՀ մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի կողմից ստորագրված հայտարարությամբ, չի վերաբերում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությանը:

ԱՊՀ 9 երկրների կողմից ստորագրված հայտարարության մեջ ԵԱՀԿ-ն մեղադրվում է այդ պետությունների ներքին գործերին միջամտելու մեջ:

«Ես կարծում եմ, որ այդ հայտարարության քննադատական ուղղվածությունը չի վերաբերում մեր գրասենյակին: Մենք չենք միջամտում Հայաստանի ներքին գործերին եւ մեր գործունեության մեջ չկան այն անհամամասնությունները, որոնց մասին խոսվում է այդ հայտարարության մեջ», - ասաց դեսպան Պրյախինը: - «Մեր գործողությունները նպատակ ունեն աջակցել Հայաստանին` ժողովրդավարական եւ քաղացիական ինտիտուտների ձեւավորման հարցում»:

Վլադիմիր Պրյախինը հրաժարվեց մեկնաբանել Հայաստանի` նշված հայտարարությունը միանալու դրդապատճառները:

«Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, քանի որ այդ հարցը հենց վերաբերում է Հայաստանի սուվերենությանը, իսկ մենք չենք միջամտում Հայաստանի ներքին գործերին», - ասաց նա:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» ոչ կառավարական կազմակերպությունների ֆորումը այս շաբաթ ավելի վաղ տարակուսանք ու մտահոգություն էր հայտնել ԵԱՀԿ գործունեության վերաբերյալ հայտարարությանը Հայաստանի միանալու կապակցությամբ` նշելով, թե դա հակասում է մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը եւ չի բխում Հայաստանի շահերից:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ուրբաթ օրը պաշտպանել է պաշտոնական դիրքորոշումը` նշելով, որ անկախ խնդրո առարկա հայտարարությունից, ԵԱՀԿ-ում հայկական պատվիրակությունն «արդեն շուրջ մեկ տարի ԵԱՀԿ բարեփոխմանը նվիրված աշխատանքային խմբում եւ համապատասխան այլ մարմիններում բարձրացնում է այդ հարցերը, որոնք ընդունվում են լրջորեն»:

«Մենք կարեւորում ենք ԵԱՀԿ դերը անվտանգության, հակամարտությունների կարգավորման, տնտեսության, բնապահպանության, ինչպես նաեւ մարդկային իրավունքների պաշտպանության ուղղություններով, ուստի շահագրգռված ենք կազմակերպության կանոնավոր գործունեությամբ, ուր անդամ երկրներին վերապահված կլինեն հավասար իրավունքներ եւ որոշումների ընդունման մեջ լիարժեք մասնակցություն», - ասված է արտգործնախարարության խոսնակի պատասխանում: - «Այս առումով այսօր Հայաստանն ունի մտահոգություններ, որ մենք ներկայացնում ենք ԵԱՀԿ ղեկավարությանն ու համապատասխան մարմիններին: Դրանք իսկապես ելնում են Հայաստանի շահերից` որպես անցումային տնտեսության փուլում գտնվող, երկրում ժողովրդավարական ինստիտուտները զարգացնող երկիր»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG