Մատչելիության հղումներ

Հայաստանը կտրուկ է արձագանքում Ադրբեջանի նոր ռազմատենչ հայտարարությանը


Չորեքշաբթի օրը հրապարակվել է Հայաստանի անսովոր կտրուկ արձագանքը Ադրբեջանի կողմից կրկին հնչեցված սպառնալիքին` վերսկսել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում` եթե խաղաղ բանակցությունները չհանգեցնեն Ադրբեջանի համար ցանկալի արդյունքի:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հանլետ Գասպարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` երեքշաբթի օրը արած հայտարարությանը, թե` «եթե բանակցությունների ուղին արդյունք չտա, Ադրբեջանն իր տարածքները կազատի` օգտագործելով բոլոր միջոցները, այդ թվում` ռազմական ուղիով», կասկածի տակ է առել պաշտոնական Բաքվի` խաղաղ բանակցություններով հարցը կարգավորելու հանձնառությունը:

«Սա եւս մեկ անգամ վկայում է, որ իրականում Ադրբեջանի մոտ ցանկություն չկա Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով եւ հույսը դնում է ուժային լուծման վրա», - պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին, ասել է Գասպարյանը: - «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցի ուժային լուծման որեւէ փորձի դեպքում հետեւանքները աղետալի կլինեն ողջ տարածաշրջանի, առաջին հերթին` Ադրբեջանի համար»:

Իլհամ Ալիեւը հայտարարությունն արել է Ադրբեջանի` արտերկրում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում:

Ալիեւը, ադրբեջանական լրատվամիջոցների մեջբերմամբ, նաեւ ավելացրել է. - «Միջազգային օրենքը մեր կողմում է: Տնտեսական պոտենցիալը եւ այլ հարցերը նույնպես մեր օգտին են»:

Ռազմատենչ այս հայտարարությունները հակասում են Ադրբեջանի արտգործնախարարի ավելի հաշտվողական հայտարարություններին: Էլմար Մամեդյարովը չորեքշաբթի օրը ադրբեջանական թերթերից մեկի հարցազրույցում պնդել է, թե «մինչեւ վերջ» ձգտելու են հասնել խաղաղ կարգավորման:

«Ես կարծում եմ, որ ռազմական լուծումը հակամարտությունը կարգավորելու լավագույն ուղին չէ», - ասել է արտգործնախարար Մամեդյարովը: - «Կարծում եմ, որ հիմնախնդրի խաղաղ հնարավորությունները դեռ սպառված չեն»:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG