Մատչելիության հղումներ

Կենտրոնական բանկի նախագահը պնդում է, որ արտարժույթի փոխարժեքի տատանումները պայմանավորված էին մասնավոր տրանսֆերտների աճով


Հայաստանի գլխավոր դրամատունը մեկ անգամ եւս վերահաստատեց դեռեւս մեկ շաբաթ առաջ հնչեցրած տեսակետը, թե ֆինանսական շուկայում տեղի ունեցող վերջին գործընթացները նախեւառաջ մասնավոր տրանսֆերտների աճի արդյունք են: Որպես ապացույց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում նշեց, որ այդ ցուցանիշը 2003-ի առաջին կիսամյակի համեմատությամբ աճել է 46 տոկոսով:

Սարգսյանի պնդմամբ, միայն բանկային համակարգով Հայաստան եկած մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է 300 միլիոն դոլար: Զգալիորեն աճել են նաեւ վճարային համակարգերով` «Վեստերն Յունիոն»-ով կամ «Մանի Գրամ»-ով արված փոխանցումները:

Փոխարժեքի տատանման շուրջ ստեղծված աժիոտաժի ընթացքում Տիգրան Սարգսյանը արձակուրդում էր, ինչը, սակայն, նրան չխանգարեց մանրակրկիտ կերպով անդրադառնալ այդ օրերի մամուլի բոլոր հրապարակումներին: Տպավորությունն էլ այնպիսին էր, որ ԿԲ-ի նախագահի` ասուլիս հրավիրելու գլխավոր նպատակ լրատվամիջոցների կողմից հնչեցրած քննդատությանը հակադարձելն էր:

Տիգրան Սարգսյանը չի ընդունում պնդումները, թե ԿԲ-ն պետք է միջամտեր գործընթացներին՝ թույլ չտալով, որ դոլարի դիրքերը հայկական շուկայում թուլանան:

Նրա խոսքերով, եթե Կենտրոնական բանկը մտներ շուկա, հայտարարեր, որ արտարժույթ է գնելու, դա կնշանակեր ընդունել «այդ մարդկանց խաղը, ովքեր կազմակերպել էին»:

«Նրանց նպատակը այն էր, որ Կենտրոնական բանկի վրա իրենց էժան գնած դոլարները թանկ ծախեն», - ասաց Տիգրան Սարգսյանը` դրանով իսկ ոչ ուղղակիորեն ընդունելով, որ ֆինանսական շուկայում որոշակի սպեկուլյատիվ խաղ եղել է:

Անցած շաբաթ այդ մասին խոսեց նաեւ Ֆինանսերի եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Ի տարբերություն նախարարի, սակայն, Տիգրան Սարգսյանը նախ խնդրեց հստակեցնել, թե ինչ է նշանակում սպեկուլյացիա՝ շուկայական տնտեսության պայմաններում:

«Կենտրոնական բանկից պահանջում են, որ մենք թույլ չտանք սպեկուլյատիվ գործառնություններ: Սա նույնպես նոնսենս է եւ աբսուրդ է», - հայտարարեց ԿԲ-ի նախագահը` շարունակելով. - «Շուկայական տնտեսության պայմաններում ի՞նչ է իրենից ներկայացնում արտարժութային շուկայում առք ու վաճառքի սպեկուլյացիան: Արդյո՞ք առք ու վաճառքի կանոնները խախտվել են մեզանում: Եղե՞լ են դեպքեր, երբ շուկայի մասնակիցները խախտել են օրենսդրությունը: Մենք պատրաստում ենք տեղեկանք կառավարության համար եւ նախագահի համար, որտեղ կներկայացնենք մանրակրկիտ վերլուծություն, թե ինչպիսին է եղել առեւտրային բանկերի վարքագիծը այդ երկու շաբաթների ընթացքում եւ արդյոք արձանագրվել է օրենսդրության խախտում»:

Տիգրան Սարգսյանի խոսքերով, փոխարժեքի տատանումներից տուժեցին հազարավոր մարդիկ, ում խնայողությունները դոլարով էին: Սա, սակայն, ըստ Սարգսյանի, մեծ ողբերգություն չէ, քանի որ եթե արժեվորվեր ոչ թե դրամը, այլ դոլարը, (իսկ դրամի արժեվորման ցուցանիշը նրա խոսքով կես տարում կազմել է 6,5 տոկոս), ապա տուժողների թիվը անհամեմատ ավելի մեծ կլիներ:

«Հարյուր հազարավոր մարդիկ վնասներ կկրեն, եթե մենք թույլ չտանք, որ դոլարը իր դիրքերը թուլացնի: Եվ մեր խնդիրն է ու մեր առաջնային պատասխանատվությունն է պաշտպանել այդ մարդկանց շահերը, ովքեր ունեն դրամային եկամուտներ», - ասաց Սարգսյանը` ավելացնելով. - «Ցավոք սրտի, այդ մարդկանց ձայնը այս ամսվա ընթացքում չլսվեց, որովհետեւ այդ մարդիկ ակտիվ քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում, դոլարային եկամուտներ չեն ստանում, պատվերներ չեն տալիս, սպեկուլյացիաներով չեն զբաղվում»:

Արդյո՞ք հայաստանյան բանկերը մեծ կորուստներ են կրել մոտ երկու շաբաթ տեւած գործընթացների արդյունքում: Ըստ Տիգրան Սարգսյանի, դա կախված է, թե որ բանկն ինչ սպասելիք ուներ այս ամենից:

«Այն բանկերը, որոնք ունեն երկար արժութային դիրք` այսինքն նրանց ակտիվները ավելի շատ դոլարիզացված են, իսկ պարտավորությունները դրամով են, այդ բանկերը տուժում են», - բացատրեց նա: - «Կենտրոնական բանկը նույնպես տուժում է. Կենտրոնական բանկի համախառն ակտիվները ամբողջությամբ արտարժույթով են, մեր պարտավորությունները` դրամով»:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG