Մատչելիության հղումներ

Ֆինանսների նախարարը չի բացառում դրամի փոխարժեքի տատանումների արհեստածին ծագումը


Եթե մի քանի օր առաջ Հայաստանի Կենտրոնական բանկի ներկայացուցիչները վստահորեն պնդում էին, որ դոլարի փոխարժեքի վերջին տատանումների պատճառը միմիայն արտահանման ծավալների ու արտերկրից ստացվող մասնավոր փոխանցումների աճն է, ապա այսօր արդեն գործադիր իշխանությունը չի բացառում, որ ֆինանսական շուկայի վերջին զարգացումները արհեստածին ծագում ունեին:

Ֆինանսերի եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը այսօր հրավիրած ասուլիսում նշեց, որ թեեւ մի շարք ոլորտներում առաջընթացն ակնհայտ է (ներդրումների ծավալը աճել է 27 մլն դոլարով, մասնավոր տրանսֆերտները` 20 միլիոնով), սակայն դա հազիվ թե խթաներ նման կտրուկ տատանումներ:

«Իսկապես մեծ ծավալի գումարներ Հայաստան մտել են, բայց` ոչ միանգամից: Այս վերջին երկու շաբաթվա կտրուկ տատանումները մեզ, իհարկե, մտածելու տեղիք են տալիս: Լուրջ անալիզի խնդիր կա», - ասաց Վարդան Խաչատրյանը:

Ստեղծված կացությունը երեկ ուշ երեկոյան քննարկվել է նախագահ Քոչարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են ֆինանսների եւ էկոնոմիկայի, առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարները, Կենտրոնական բանկի եւ մաքսային պետական կոմիտեի նախագահները:

Քննարկումների արդյունքում, ինչպես տեղեկացրել է նախագահի մամլո գրասենյակը, Ռոբերտ Քոչարյանը «համապատասխան կառույցներին տվել է կոնկրետ հանձնարարականներ»:

Վարդան Խաչատրյանի փոխանցմամբ, ողջ խորհրդակցության ընթացքում իրենք փորձել են հասկանալ, թե ինչ է կատարվում երկրի ֆինանսական շուկայում:

Քննարկման գլխավոր արդյունքը կարելի է համարել այն, որ հայաստանցի պաշտոնյաները վերջապես սկսեցին խոսել, թե փոխարժեքի տատանումները կարող են սպեկուլյատիվ գործարքների արդյունք լինել:

«Մեզ շատ հետաքրքրում է` արդյոք շուկայում սպեկուլյատիվ ինչ-որ գործարքներ կատարվո՞ւմ են, թե՞ ոչ», - ասաց նախարարը: - «Քանի որ այն ցուցանիշները, որոնց մենք տիրապետում ենք պաշտոնապես, դրանք, իհարկե, պետք է բերեին որոշ կայունացման, եւ ամեն տարի էլ այս հատվածում որոշ կայունացում եղել է»:

Իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում կատարվածին անդրադառնալով` նախարարը հայտարարեց. - «Մենք նույնպես մտածում ենք, որ հնարավոր է, որ սպեկուլյատիվ գործարքներ են շուկայում կատարվում… Եթե մեր ուժերով նույնիսկ չկարողանանք` հրավիրել օտարերկրյա մասնագետներ` որպեսզի հասկանան: Ամենակարեւորը հասկանալն է: Լուծումները ավելի հեշտ են»:

Խաչատրյանի փոխանցմամբ, նախագահ Քոչարյանը հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում պարզել ստեղծված իրավիճակի պատճառները: Իսկ առաջին քայլը այդ ճանապարհին, ըստ երեւույթին, կդառնա բանկային համակարգի նկատմամբ հաստատվող խիստ հսկողությունը:

«Նախագահը հանձնարարեց, որպեսզի ավելի մանրամասն կարողանանք ուսումնասիրել բոլոր բանկերի [գործունությունը]` օրական գործարքներով», - ասաց Վարդան Խաչատրյանը:

Վարդան Խաչատրյանը նշեց, որ եթե այս ճգնաժամը երկարի, բյուջեի եկամուտների անկումը կդառնա անխուսափելի:

«Եկամուտների պակաս կլինի, իհարկե` եթե այսպես շարունակվի», - ենթադրեց նա: - «Կարճաժամկետ այս փոփոխությունը ազդեցություն չի ունենա բյուջեի վրա»:

Հրավիրված ասուլիսի բուն նպատակը անցած կես տարում երկրում արձանագրված տնտեսական ցուցանիշները ներկայացնելն էր: Նախարարի` մոտ կես ժամ տեւած զեկույցը, որ ընդհանուր առմամբ լավատեսական տոնայնություն ուներ, հիմնականում կազմված էր թվային տվայլներից. Համախառն ներքին արդյունքի աճը վեց ամսում կազմել է 9,1 տոկոս, բյուջեի դեֆիցիտի փոխարեն ավելցուկ կա, տնտեսական աճը երկրում 2004 թվականին, ըստ ամենայնի, կկազմի մոտ 7 տոկոս:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG