Մատչելիության հղումներ

Ընտրախախտները, ամենայն հավանականությամբ, անպատիժ կմնան


Անցյալ տարի Հայաստանում կայացած նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրախախտումներ եւ ընտրակեղծիքներ թույլ տված անձանց պատասխանատվության ենթակելու անհրաժեշտությունը բազմիցս բարձրաձայնել էին ինչպես հայաստանյան ընդդիմությունը, այնպես էլ միջազգային կազմակերպությունները: Շոշափելի արդյունքներ, սակայն, չգրանցվեցին:

Հայաստանի Գլխավոր դատախազության կազմած համապատասխան տեղեկանքը ուղարկվեց Ազգային ժողով, տրամադրվեց միջազգային կազմակերպություններին, եւ դրանով էլ գործը, ըստ էության, ավարտված համարվեց:

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ուրբաթ օրը լրագրողներին չներկայացրեց այդ տեղեկանքի մանրամասները, փոխարենը պարզաբանեց, թե ինչու է իրավապահ մարմինների աշխատանքն այդ ուղղությամբ անարդյունավետ:


Նրա խոսքերով, իրավապահները հատկապես մարզերում որոշակի դժվարություններ ունեն` հատկապես ընտրություններից հետո, երբ լարվածությունը վերացել է.

«Ընտրությունների ժամանակ նույնիսկ եղբայրը եղբոր հետ ուներ խնդիրներ», - ասաց Աղվան Հովսեփյանը: - «Բայց ընտրություններից հետո, երբ լարվածությունը վերանում է, քննիչները շատ մեծ դժվարությամբ են համապատասխան ցուցմունքներ ձեռք բերում այդ անձանցից: Բնականաբար, ապացույցների ոչ բավարարության պայմաններում մենք չենք կարող համապատասխան գործեր ուղարկել դատարան»:

Հովսեփյանի պնդմամբ, քննիչները` «գիտակցելով, որ դրանից հետո գյուղում հարեւանները, բարեկամները, հարազատները իրար հետ պետք է լուռ թշնամություն ունենան», չեն կարող ստիպել, որ այս կամ այն անձը ընտրախախտումների վերաբերյալ ցուցմունքներ տա:

«Յուրաքանչյուր ընտրությունից հետո, Փառք Աստծո, ստացվում է այնպես, որ լարվածությունը գյուղերում, տարածաշրջաններում գոնե մարում է», - ավելացրեց նա:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG