Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Սպանություն` օրը ցերեկով». այսպես են գրեթե բոլոր թերթերը վերնագրել երեկ Երեւանում արձանագրվածը: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած հավաստի աղբյուրներ վկայակոչելով` առավել մանրամասն տեղեկություններ փոխանցում է «Հայոց աշխարհ» թերթը, ըստ որի սպանվածը մինչ այդ իր ուղեկցի հետ մտել է «Հայէկոնոմբանկ»-ի Արաբկիրի մասնաճյուղ, ապա որոշ ժամանակ անց երկուսով այնտեղից դուրս են եկել։ Առաքելյանը նստել է վարորդի տեղում եւ ինչ-որ թուղթ է կարդալիս եղել, իսկ նրա ուղեկիցը նստելիս է եղել ավտոմեքենան։ Հենց այդ պահին էլ մեքենային մոտեցել են հանցագործները (ըստ երեւույթին երկու հոգի), որոնցից մեկը կրակել է Առաքելյանի վրա։ Վերջինիս ուղեկիցը, որի հագուստն էլ է արյունոտված եղել, վազելով հեռացել է դեպի Կոմիտասի փողոց: Նույն աղբյուրների համաձայն` հարձակման զոհ դարձած Առաքելյանը վանաձորցի է, սպորտսմեն, որոշակի շրջանակներում հայտնի է որպես «Կիրովականցի Գոգա» եւ համարվում է լուրջ «հեղինակություն»։ Նշվում է, որ նա վերջին տարիներին հիմնականում Մոսկվայում էր բնակվում եւ այնտեղ տնտեսական բնույթի ինչ-որ գործունեություն է ունեցել։ «Կատարվածի որոշակի հանգամանքներ հուշում են, որ գործել է քիլեր, իսկ սպանությունն էլ պատվիրված է», - եզրափակված է «Հայոց աշխարհ»-ում: «Ազգ» թերթում նշում կա, թե սպանվածն ինքը վարձու մարդասպան է եղել:

Մամուլի ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ դրամադոլարային խաղերը: «Մասնագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ այսչափ կտրուկ ու մեծ տատանումները տնտեսական հիմք ունենալ չեն կարող, արհեստածին են եւ սպեկուլյատիվ խաղերի արտահայտություն», - գրում է այսօր «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը: - «Դրամի փոխարժեքի այսպիսի բարձրացումն արդեն իսկ շոշափելի վնաս է հասցրել շատերին: Բնականաբար, ոմանք էլ այս ընթացքում շահեցին ու հսկայական գումարներ աշխատեցին»: Առանձնացվում է եւ, որ Կենտրոնական բանկը, որը, որպես շուկայի մասնակից, կարող էր ազդել իրավիճակի վրա, նախընտրեց դիտորդի դերում լինել. - «Դրամի փոխարժեքի արհեստածին բարձրացումը տեղի ունեցավ նրա լռելյայն համաձայնության եւ թողտվության պայմաններում»:

Փաստագրելով, որ փոխարժեքի աննախադեպ ու անհասկանալի փոփոխությունները «ամենից ցավագին հարվածում են շարքային քաղաքացու գրպանին»` «Երկիր» թերթը ներկայացնում է Դաշնակցության բյուրոյի տնտեսական հարցերով խորհրդական, տնտեսագիտության թեկնածու Արա Նռանյանի պարզաբանումները: «Ինչո՞վ կբացատրեք տարադրամի շուկայի վերջին կտրուկ փոփոխությունները» հարցին վերջինս պատասխանում է. - «Ես կցանկանայի զերծ մնալ որեւէ պատճառի մատնանշումից»: Նռանյանը նաեւ ասում է. - «Անկախ նրանից, թե ովքեր են այս խաղի մասնակիցները, պետությունը պարտավոր է իր վճռական խոսքն ասել նման պայմաններում»:

Տնտեսագետ Էդվարդ Աղաջանովը երեկ «Իրավունք»-ի թղթակցին ասել է. - «Մեկ օրվա ընթացքում 4 տոկոսանոց տատանումը եւս մեկ անգամ ապացուցում է, որ այդ գործընթացները եղել են կառավարելի կա’մ խոշոր ներկրողների, կա’մ էլ նրանց կողմից, ովքեր ներմուծել են կասկածելի ծագում ունեցող դոլարներ»: Մատնանշելով բազմաթիվ ֆինանսական տեխնոլոգիաներ, որոնց կիրառմամբ Կենտրոնական բանկը կարող էր թույլ չտալ այս վայրիվերումները` տնտեսագետը խտացնում է. - «Կենտրոնական բանկը իր հիմնական պարտականությունը` դրամի կայունության պահպանումը չի իրականացնում: Իմ կարծիքով, դա նշանակում է, որ Հայաստան միլիոնավոր կասկածելի ծագումով դոլարներ են մուտք գործում եւ այստեղ «լվացվում»: Գուցե Կենտրոնական բանկը հասկանում է, որ ի վիճակի չէ այդ հսկայական գումարները չեզոքացնել եւ ըստ այդմ էլ քայլեր չի ձեռնարկում: Չի բացառվում նաեւ, որ այդ կառույցին պարզապես արգելել են որեւէ ձեւով միջամտել»: «Իրավունք»-ի մեկնաբանը այսօր համադրում է. - «Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին խիստ քննադատության են ենթարկում ոչ միայն ընդդիմադիր ու չեզոք, այլեւ իշխանամետ լրատվամիջոցները, իսկ վերջին հանգամանքը ենթադրում է, որ կա «քլնգելու դաբրո»: Մինչդեռ ակնհայտ է, որ ներքին շուկայում դոլարների հսկայական զանգվածի հայտնությունը սկզբունքորեն անհնար էր առանց ամենաբարձր մակարդակի համաձայնության»: «Ընդհանուր առմամբ, տարադրամային այս ցնցումներն էլ մի շարք լարվածություններ են առաջացնում, որոնք գումարվելով ներքաղաքական, մասնավորապես ներիշխանական խմորումներին, էլ ավելի անհանգիստ են դարձնելու առաջիկա աշունը», - նախանշվում է «Իրավունք»-ում:

«Վերաքննիչ դատարանի վճռով Հայաստանի գրողների միությունից խլեցին քնարական «Մագնոլիա» անունը կրող պոլիկլինիկան: Եվ հենց այդ ժամանակ էլ պարզվեց, որ զուր չի ասված, թե սեփական շապիկը մարմնիդ ավելի մոտ է», - անդրադառնում է «Առավոտ» թերթը: - «Միայն «Մագնոլիան» կորցնելուց հետո ազգի խիղճը, այսինքն՝ գրողները հանկարծ խիստ անհանգստացան պետության ճակատագրով եւ մեր երկրում տիրող անօրինականությունների աճով՝ հայտարարելով, թե իրենց համբերությունն արդեն սպառվում է: Գրողները նիստեր չեն գումարում եւ հայտարարություններ չեն անում, երբ իրենց պետությունում սատանան գիտե՝ ինչեր են կատարվում, երբ ոտնահարվում են մարդկանց իրավունքներն ու օրենքները, տեղի են ունենում անարդար դատավարություններ: Սակայն երբ գործը հասավ իրենց անձնական շահերին, տեսեք, թե ինչպիսի քաղաքացիական ջիղ արթնացավ նրանց անաղարտ պոետական հոգիներում, ինչպիսի պաթոսով սկսեցին տեր կանգնել իրենց ոտնահարված իրավունքներին, ի՜նչ ազնիվ ցասումով սկսեցին քննադատել հայրենական դատական համակարգը: Այստեղ են ասել՝ ինչ ցանես, այն էլ կհնձես», - ի մի է բերում «Առավոտ»-ը: - « Մենք ենք այս երկիրը այսպիսին դարձրել՝ մեր անտարբերությամբ, քաղաքացիական դիրքորոշում ու սկզբունքներ չունենալով, շառուփորձանքից հեռու մնալու, միշտ ուժեղի կողմը բռնելու սովորությամբ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG