Մատչելիության հղումներ

Քննարկվեցին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին ներկայացվելիք առաջարկները


Հայաստանի կառավարությունը մինչեւ հուլիսի վերջը ավարտելու է Միացյալ Նահանգների «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին երկրի մասնակցության հիմքում դրվելիք առաջարկների մշակումը: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում, որտեղ հավաքվում ու ի մի են բերվում առաջարկները, չորեքշաբթի օրը հասարակական կազմակերպությունների, գիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին ներկայացված առաջարկները:

«Ինչպես եւ մենք նախատեսում էինք` գյուղ, ոռոգում, ջրամբարներ, ճանապարհներ», - ներկայացվելիք առաջարկները հիմնական ուղղվածությունը շրջանակեց ֆինանսների եւ էկոնոմիկա նախարար Վարդան Խաչատրյանը:

Նման ուշադրությունը գյուղական խնդիրներին, ըստ նախարարության պատասխանատուների, պայմանավորված է ամերիկացիների հստակ պահանջով՝ ծրագրի իրականացումը պետք է նպաստի տնտեսական աճին ու աղքատության դեմ պայքարին:

«Գյուղական խնդիրը այսօր ավելի ակտուալ է աղքատության տեսակետից», - ասաց ֆինանսների եւ էկոնոմիկային նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Հայրապետյանը` պարզաբանելով. - «Գյուղաբնակները այսօր ավելի աղքատ են գնահատվում, քան քաղաքաբնակները»:

Առաջարկների ներկայացման առումով թե’ տեղական իշխանությունները, թե’ հասարակական կազմակերպությունները աչքի չեն ընկել մեծ ակտիվությամբ: Օրինակ, մի ամիս առաջ, երբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ ընթանում էր «Հազարամյակի մարտահրավերներ» հայաստանյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, հայաստանցի պաշտոնյաները զարմանքով իմացան,որ ծրագրի վերաբերյալ ընդամենը երկու կոնկրետ առաջարկ է եկել: Այսօր առաջարկների թիվը, անշուշտ, աճել է:

«Ճիշտն ասած, մեր սպասումներն ավելին էին»,- այդուհանդերձ ասաց Հայրապետյանը` դժվարանալով բացատրել տեղական իշխանությունների եւ հասարակական կազմակերպությունների պասիվ մասնակցությունը:

Ինչեւէ, ստացված առաջարկները կամփոփվեն օգոստոս ամսին, իսկ սեպտեմբերին արդեն կներկայացվեն «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի բարձրագույն խորհրդին:

Դեռ մայիս ամսին, երբ Երեւանում էին կորպորացիայի ղեկավարները, ամերիկյան կողմից ենթադրություն հնչեց, թե ի վերջո տարեկան կտրվածքով հայկական կողմին կարող է հատկացվել 50-60 միլիոն դոլար: Հայկական կողմը, մինչդեռ, նշում է 700 միլիոն գումարը` երեք տարվա համար:

«Մենք մեր գործն ենք անում` ծրագիր ենք ներկայացնում», - այս առումով ասաց նախարար Վարդան Խաչատրյանը: - «Թե ինչ կորոշի ամերիկյան կողմը, կերեւա որոշումն ըդունելուց հետո»:

Քննարկումներին այսօր մասնակցում էր սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը, ով ծանոթանալով ծրագրի մանրամասներին, հանգել է հետեւության, թե լավ է, որ ամերիկացիները մեզ համարում են գոնե ինչ-ինչ նվազագույն ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող երկիր, բայց չպետք է մոռանալ, որ դրան զուգահեռ նրանք մեզ համարում են նաեւ աղքատ երկիր:

«Ես շատ կուզենայի, որ Հայաստանը այս ցուցակում չլիներ: Ես վաղուց երազում եմ, թե երբ է գալու այն օրը, երբ «աղքատ» պիտակը Հայաստանի վրայից հանվի վերջապես», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հարությունյանը` «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրն էլ դիտարկելով, որպես քաղաքական գործընթաց. - «Քաղաքական գործընթաց, որը երկրին ստիպում է քայլել շարքում: Եվ պատասխանատու լինել ու կախված լինել: Այս առումով, ես մեծ ոգեւորություն այս կապակցությամբ չեմ ապրում: Սակայն կարծում եմ, որ հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը որոշակի հարց է լուծում է այն առումով, որ հասարակությունը տեղյակ է այս ամեն ինչից»:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG