Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Արդեն 10 տարուց ավելի է՝ իշխանության ձեռքում մի գեղեցիկ թզենու տերեւ կա: Անունը «օրենսդրական դաշտ» է: Ավելի ճիշտ՝ դրա անկատարությունը: Այդ անկատարությամբ է բացատրվում ցանկացած հանցագործություն», - ընդհանրացնում է «Առավոտ» թերթը` մասնավորեցնելով. - «1995-ից ի վեր իշխանությունները՝ ուժայինների, տեղական մարմինների եւ քուչի խուժանի միջոցով ջարդում-փշրում-կեղծում են ընտրությունները, իսկ հետո ընտրական հանձնաժողովների միջոցով թվեր են նկարում: Եվ ամեն անգամ ցանկալի արդյունքի հասնելով (այսինքն՝ աթոռները պահպանելով)՝ նրանք մեծահոգաբար հայտարարում են. եկեք կատարելագործենք «Ընտրական օրենսգիրքը»: Հիմա էլ այս պահին իշխող կոալիցիան նույնպես զբաղված է այդ կառուցողական աշխատանքով»:

«Մինսկի խմբի համանախագահների ակտիվությունը ավելին է, քան սպասվում էր», - «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում այսօր ասում է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: - «Թերեւս շարժառիթներից մեկն այն է, որ 2005-ի ապրիլին նախատեսվում է Բաքու-Ջեյհան նավթամուղի գործարկումը: Այս ակտիվացումը ենթադրում է, որ նավթամուղի անվտանգության ապահովման խնդիրը հասունացած է, եւ այդ համատեքստում է անհրաժեշտ հակամարտության կարգավորումը»: Ընդհանրապես , Վազգեն Մանուկյանն այն կարծիքին է, որ «պետք է լիներ մի մարմին, կառույց, որն իր վրա կվերցներ կոնկրետ Ղարաբաղի հարցի կարգավորման ամբողջ պատասխանատվությունը, ուր ներկայացված կլինեին իշխանությունն ու ընդդիմությունը: Այնտեղ թեկուզ փակ ռեժիմով պիտի քննարկվեր Ղարաբաղի հարցը, ու խնդրի լուծման հստակ դիրքորոշումներ ձեւավորվեին»: «Դա այսօր գոյություն չունի, եւ բանակցային գործընթացում սա մեզ համար լուրջ պրոբլեմ է ստեղծելու», - նշում է ԱԺՄ նախագահը:

«Հայոց աշխարհ»-ի մեկնաբաններից մեկն էլ այսօր ուրվագծում է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին կտրուկ հայտարարությունները՝ միջնորդ երկրների կողմից Ադրբեջանին ու Հայաստանին տրված ժամանակը սպառված լինելու մասին, ներկայումս խոսքից վերածվում է գործի: «Գործը» պահանջում է գտնել Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների «ձեռքերը ոլորելու» ամենաարագ եւ ամենաարդյունավետ տարբերակները: «Իսկ ի՞նչը կարող է նպաստել այս երկմիասնական խնդրի իրականացմանը, եթե ոչ մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը Հայաստանի քաղաքական դաշտ եւ ընդդիմության համախմբումը նրա շուրջ», - բանաձեւել է մեկնաբանը:

«Առավոտ» թերթի վերլուծությամբ` Ռուսաստանի նախագահը չտեսնված ջանքեր է գործադրում ԱՊՀ-ն ռազմաքաղաքական եւ տնտեսական մի նոր համադաշնության վերածելու ուղղությամբ. - «Այդ ջանքերն այնքան բուռն ու այնքան ակնհայտ են, որ ակամայից տագնապախառը խորհրդածությունների տեղիք են տալիս: Ի՞նչ է ուզում Պուտինը», - շրջանակում է մեկնաբանը. - «հետզհետե ավելի ավտորիտար դարձող իր երկրի համար ապահովել փսեւդոհամակիրների ցա՞նց՝ այդպիսով փորձելով մեղմել վերջին շրջանում Արեւմուտքից Մոսկվայի հասցեին հնչող ուղղորդված քննադատությունը, թե՞ կյանքի կոչել Ռուսաստանի՝ բավականաչափ ակտիվացած մեծապետական ուժերի չմեռնող երազանքը՝ վերստեղծել նոր տիպի «Խորհրդային Միություն»՝ արդեն բացահայտորեն հակադրվելով ՆԱՏՕ-ի շահերին ու վերահավակնելով մոլորակի «երկրորդ բեւեռի» դերին»: Ամեն դեպքում, ըստ «Առավոտ»-ի մեկնաբանի, Ռուսաստանը թե արժեքային իմաստով, թե նյութապես, թե տեխնոլոգիապես եւ թե մի շարք այլ առումներով իր երբեմնի մերձավորներին առաջարկելու բան չունի: Բացի, թերեւս, թանկ էներգառեսուրսներից եւ էժան զենքից: Եվ դա շատ լավ հասկանում են անգամ Հայաստանում... թեեւ հետեւություններ չեն անում»:

«Պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքական կուրսը դառնում է ավելի ու ավելի կարծր ռուսամետ», - արձանագրում է «Իրավունք» թերթի մեկնաբանը: - «Այդ իրողությունը չի կարող չանդրադառնալ եւ ընդդիմադիր դաշտի վրա: Աստիճանաբար արմատավորվում է այն մտայնությունը. որ եթե ընդդիմությունը լինի ռուսամետ, ապա դա տանում է փակուղի, քանզի Մոսկվայի հիմնական հենարանը, այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանն է»: «Իրավունք»-ում կանխանշվում է. - «Իշխանությունների համար շատ կարեւոր է ընդդիմությանը վերադարձնել խորհրդարան: Այդ նպատակով կիրառվում է ինչպես մանդատներից զրկելու շանտաժը, այնպես էլ աշխատանք է տարվում աշխարհաքաղաքական սկզբունքով ընդդիմությունը տրոհելու ուղղությամբ, ինչը ենթադրում է, որ հնարավոր կլինի ընդդիմության մի մասին աշխարհաքաղաքական հարմար պատրվակով սեպտեմբերին բերել Ազգային ժողով»:

«Այսօր ամենաանուղղելի միամիտներն անգամ չեն կասկածում, որ դոլարի արժեզրկման այս գործընթացներն արհեստական բնույթ են կրում», - ընդգծվում է «Հայոց աշխարհ» թերթում: - «Սպառողական շուկայում մթերքների, առաջին անհրաժեշտության ապրանքների գները անդրդվելիորեն մնացել են նույն թանկ բարձրության վրա: Ո՛չ մի ապրանք, գոնե ձեւի համար, 1 դրամով չի էժանացել: Իսկ դա նշանակում է, որ միանգամայն կոնկրետ անձինք, գուցեեւ որոշակի շրջանակներ, մարդկանց գրպանները դատարկելու հաշվին գերշահույթ են ստանում: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի», - շաղկապում է «Հայոց աշխարհ»-ը, - «դատելով ամենից, Կենտրոնական բանկում եւ նրա շուրջ հաստատվել է քնկոտ երանություն»:

«Գյուղմթերքների թանկացումը կահագնանա, փոխանցվելով դեպի վերամշակող ձեռնարկություններ ու այլ ոլորտներ», - շարունակականություն է շեշտադրված «Ազգ» թերթում: Այստեղ բերված են գյուղատնտեսության արտադրողների կորպորացիայի նախագահ, տնտեսագետ Արսեն Պետրոսյանի մեկնաբանությունները, թե «գների այս աննախադեպ աճը փաստորեն այսօր հարստացրեց միջնորդ խավին, որը արտադրության քայքայման հաշվին սկսում է ավելի արագ ձեւավորվել. - «Ագրարային գները շուկայում այսօր մոնոպոլ սկզբունքով են հաստատվում: Մենք կորցնում ենք մեր արտադրությունը, փաստորեն կանգնելով դրսից կախյալ վիճակում հայտնվելու սպառնալիքի առաջ», - զգուշացնում է տնտեսագետը: - «Ագրարային ոլորտը տնտեսության մյուս ճյուղերի զարգացման նախապայման է, եթե այն չունենք, առհասարակ տնտեսություն ունենալ չենք կարող»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG