Մատչելիության հղումներ

Նոր նշանակումները դատախազության համակարգում սոսկ «վերադասավորումներ» չեն


Երկուշաբթի օրը հրապարակված` նախագահ Քոչարյանի հրամանագրով մի շարք կադրային նշանակումներ են կատարվել դատախազության համակարգում: Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր «Ազատություն» ռադոիկայանի հետ հարցազրույցում չհամաձայնեց, թե դրանք «վերադասավորումներ» են:

«Որովհետեւ կատարվեցին նաեւ կադրային փոփոխություններ, եւ մեր համակարգի համար, եթե նկատի ունենանք դատախազների քանակը, դա էական տոկոս է կազմում», - փաստարկեց նա` դրանց նպատակի մասին էլ ասելով. - «Դատախազներին կարողանանք հեռու պահել տեղային ազդեցություններից: Ակնհայտ է, որ եթե դատախազները տարիներ շարունակ նույն տարածքում են աշխատում, բնականաբար, ի հայտ են գալիս տարբեր կապեր, տեղային ազդեցություններ եւ այլն: Կփորձենք հետագայում նույնպես ռոտացիաների կարգով այդ հարցերը լուծել»:

Գլխավոր դատախազը «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանեց Երեւանի քաղաքային դատախազությունում անցկացրած նիստից հետո, որի ընթացքում քննարկվել էին մայրաքաղաքի դատախազության աշխատանքի այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները:

«Թերություններ ունենք հատկապես պետական ունեցվածքի պաշտպանության բնագավառում: Քաղաքում են կենտրոնացված մեր պետության գույքային շահերի գրեթե երկու երրորդը: Քաղաքի դատախազությունը զգալի անելիքներ ունի այս բնագավառում», - ասաց Հովսեփյանը:

Պատասխանելով մի քանի ամիս առաջ Գլխավոր դատախազության կազմում ստեղծված եւ համակարգի ներսում կոռուպցիայի դեմ պայքարելու կոչված կառույցին վերաբերող հարցին, Աղվան Հովսեփյանը ասաց. - «Բաժինը շատ արդյունավետ աշխատանքներ է տանում: Արդեն այսօր այդ բաժնի վարույթում կան կոնկրետ նյութեր, գործեր, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն դատախազության պայքարը կոռուպցիայի դրսեւորումների դեմ»:

«Արդյունքների մասին կիմանաք մեր ամենօրյա գործունեությունից», - ավելացրեց նա:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG