Մատչելիության հղումներ

Ներկայացուցիչների տունը հաստատում է Շիֆֆի լրացումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ


Ամերիկյան Հայ Դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության համաձայն, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեկ երեկոյան հաստատել է երկու հայանպաստ օրինագծեր։ Առաջին ուղղումը, որի հեղինակներ հանրապետական կոնգրեսականներ Ադամ Շիֆֆն ու Ֆրենկ Փալոունն են, փոփոխություն է նախատեսում ԱՄՆ «Արտաքին օգնության օրենքում», որով Թուրքիային արգելվում է ԱՄՆ-ից ստացած արտաքին օգնությունն օգտագործել «Հայոց ցեղասպանության բանաձեւի» դեմ լոբբինգի նպատակներով։

«Այսօր ես առաջարկում եմ մի պարզ լրացում, որը հարգանքի տուրք կդառնա 1915-1923 թվականներին Հայոց Ցեղասպանության զոհ դարձած 1,5 միլիոն հայերի հիշատակին: Ես սուրբ պարտավորություն են համարում երաշխավորելը, որ Հայոց ցեղասպանության զոհերը չեն մոռացվի պատմության համար եւ որ այս Կոնգրեսը չֆինանսավորի տեղի ունեցած Ցեղասպանությունը ժխտելու ամոթալի ջանքերը», - օրինագծի ընդունման կապակցությամբ ասել է Ադամ Շիֆֆը: - «Մենք եւս մեկ քայլ արեցինք 1,5 միլիոն հայերի ցեղասպանության փաստը ժխտողների ձայնը լռեցնելու ուղղությամբ»։

Ֆրենկ Փալոունը, այդ ուղղման հաստատումը որակելով իբրեւ «խոշոր հաղթանակ», շեշտել է. - «Ցեղասպանության բանաձեւի այդ լրացումը պարզորոշ կերպով Թուրքիային հասկացնել է տալիս, որ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը չի հանդուրժի այդ երկրի լոբբիստական գործողությունները ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման»։

Ներկայացուցիչների պալատի ընդունած երկրորդ ուղղման համաձայն, որի հեղինակը հանրապետական Ջո Նոլլենբերգն է, 2005 թվականի ֆինանսական տարում Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվելիք ռազմական օգնությունների համար, փաստորեն, սահմանում են հավասար չափաքանակներ՝ 5-ական միլիոն դոլար` ի հեճուկս այս տարվա փետրվարին Սպիտակ տան կողմից Կոնգրեսին արած առաջարկի, որով նախատեսվում էր Ադրբեջանին ռազմական օգնության նպատակով հատկացնել 8, իսկ Հայաստանին՝ ընդամենը 2 միլիոն դոլար։

ՄիաԺամանակ, Ներկայացուցիչների պալատի Արտաքին օգնության հանձնաժողովը հաստատել է հաջորդ ֆինանսական տարում Հայաստանին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղին տրամադրվելիք օգնության ծավալները։ Ըստ այդմ` Հայաստանը կստանա 65 միլիոն դոլար, իսկ Ղարաբաղը՝ 5 միլիոն դոլար` դարձյալ ի հեճուկս Բուշի վարչակազմի առաջարկների, որոնց համաձայն Հայաստանը պետք է ստանար 62 միլիոն դոլար, իսկ Ղարաբաղի համար օրենքի նախագիծը ընդհանրապես օգնություն չէր նախատեսել։

Նախկին խորհրդային տարածքի երկրներին տրամադրվող օգնության կրճատման ընդհանուր համատեքստում հաջորդ տարի ընթացիկ ֆինանսական տարվա համեմատ Հայաստանին տրվող ամերիկյան օգնության ծավալը կկրճատվի տասը միլիոն դոլարով։

Հանրապետական կոնգրեսականի հայանպաստ գործունեության առնչությամբ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի Գործադիր տնօրեն Արամ Համպարյանն ասել է. - «Մենք բարձր ենք գնահատում կոնգրեսական Նոլլենբերգի առաջատար եւ ջանադիր աշխատանքը, ով փորձում է Պենտագոնի եւ Սպիտակ տան ճնշման պայմաններում պահպանել տրամադրվող ռազմական օգնության հավասարակշռությունը, ինչը վերջին երեք տարիներին Կովկասում տարածաշրջանային կայունության երաշխիքն է»։


Ատոմ Մարգարյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG