Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Պրոֆեսիոնալ տեղապտույտ» է «Հայկական ժամանակ» թերթը վերնագրել Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը: Իսկ «Առավոտ» թերթի մեկնաբանը գրում է. - «Նրանց տարածաշրջանային այցերն արդեն վերածվում են ճիշտ նույնպիսի բարի ավանդույթի, որպիսին Կաղանդ պապիկի եւ Ձյունանուշի ամանորյա այցերն են: Առաջարկների տեսականին վաղուց սպառվել է, եւ այժմ համանախագահները տարածաշրջան են այցելում դատարկ ձեռքերով, գրեթե հենց այնպես»: Մյուս կողմից, «Առավոտ»-ում հարց է դրվում. - «Ի՞նչ կփոխվեր ԼՂ հարցի կարգավորման գործընթացում, եթե միջնորդությունը ստանձներ մոլորակի ամենալավ միջազգային կառույցը, իսկ դրանում ընդգրկվեին աշխարհի ամենահանճարեղ դիվանագետները: Պատասխանը միանշանակ է՝ բացարձակապես ոչինչ: Կարգավորման գործընթացը հաստատապես չի շարժվի մեռյալ կետից, քանի դեռ կողմերը դույզն-ինչ չեն թոթափել քաղաքական «կոտոշությունն» ու չեն փորձել խնդրին մոտենալ տարածաշրջանային հեռագնա համագործակցության ու իրենց ժողովուրդների բարօրության կարեւորության գիտակցման դիրքերից», - ընդգծում է մեկնաբանը: - «Էական է նաեւ տարածաշրջանում գերտերությունների միջեւ ազդեցությունների բաշխման գործընթացի անավարտությունը: Մի քանի սկզբունքային հարցերում, այսպես կոչված, գեոպոլիտիկ համաձայնությունների ձեռքբերումից հետո ԼՂ հարցի կարգավորումը, անկասկած, արագանալու է: Սակայն այս անգամ արդեն՝ անկախ կողմերի կամքից»:

Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման լավատեսության հիմքեր «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը չի տեսնում` այսօրվա վերլուծականում շեշտադրելով. - «Ինչ էլ խոսվի հետնաբեմերում արտգործնախարարների եւ նախագահների հանդիպումներում շարժերի մասին կամ կարգավորմանը նպաստելիք այնպիսի ազդակների, ինչպիսին է, ասենք, Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, ակնհայտ է, որ նույնիսկ դիվանագիտական կարգավորման փուլում հակամարտության կողմերը անչափ տարբեր են իրենց մոտեցումներում, եւ, այսպես ասած` «քաղաքակրթությունների երկխոսությունը» ոչ մի կերպ չի ստացվում»: Կողմերը, ըստ «Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանի, այնքան տարբեր արժեքներով, աշխարհայացքներով են առաջնորդվում, որ «հնարավոր չէ խոսել կարգավորման իրական հեռանկարների մասին»:

«Հասարակական ուշադրության թերեւս ամենամեծ բաժինը այս օրերին սեւեռված է նրան, որ դոլարի փոխարժեքը շարունակում է անկասելիորեն նվազել», - անդրադառնում է «Հայկական ժամանակ» թերթը. - «Պաշտոնական մեկնաբանությունը չի փոխվել՝ արձանագրվում է կանխիկ դոլարի խոշորածավալ ներհոսք Հայաստան, ինչը հանգեցնում է շուկայում դոլարի առաջարկի ավելացման, հետեւաբար նաեւ՝ էժանացման… Փորձագետների համոզմամբ, ստեղծված իրավիճակի մեղավորը Կենտրոնական բանկն է, որը վարում է չարդարացված կոշտ դրամավարկային քաղաքականություն», - նշվում է «Հայկական ժամանակ»-ում:

«Առավոտ» թերթի ճակատի «Կանաչ տեռորը շարունակվում է» վերնագիրը, սակայն, դոլարին չի վերաբերում: «Պարզապես Երեւանի կենտրոնում շարունակվում է ծառերի ջարդը, եւ չնայած բազմաթիվ ահազանգերին՝ քաղաքապետը միջոցներ չձեռնարկեց ծառահատումը կանխելու համար», - գրանցում է «Առավոտ»-ը: «Ակնհայտ է, որ տեղի ունեցողի ետեւում կանգնած է որեւէ բարձրաստիճան պաշտոնյա», - նույնի հետ կապված նշում է «Հայկական ժամանակ»-ը:

Ինչպես մի շարք լրատվամիջոցներում, «Հայոց աշխարհ»-ի անդրադարձում էլ շրջանառվում է տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի անունը, որպես երկրիս այն զորեղներից մեկի, ում հերթական օբյեկտը կառուցելու համար հիմա նորից ավերվում է մայրաքաղաքի կանաչ տարածքը: Գրող, պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը «Հայոց աշխարհ»-ում ասում է. - «Ամռանը Երեւանում մնալը շատ դժվար բան է դարձել։ Շնչելու օդ չկա։ Մարդը ինչքան կարող է սրճարան տեսնել։ Կենդանի ծառի փոխարեն սրճարան… Այդ ո՞նց է, որ անճաշակների ձեռքին փողն է, իսկ այն ճաշակավորները, որոնք ազգի դիմագիծ են ստեղծում, անօգնական, անկյալ վիճակում կանգնած նայում են եւ ոչինչ չեն կարող անել», - նորից մտածում է Ալվարդ Պետրոսյանը։ - «Երեւանը պաշտպանված չէ, Հայաստանը պաշտպանված չէ։ Կարծում եմ», - եզրափակում է նա, - «պետության նախագահը պիտի բռունցքը խփի սեղանին եւ ասի՝ ամեն մի ծառի համար դատական պատասխանատվության եք ենթարկվելու։ Ոչ մի ներում չկա։ Եվ ոչ թե ինչ-որ մի խեղճուկրակ գնա պատասխան տա, այլ... ամենաբարձրերը։ Մենք շատ լավ գիտենք, թե քաղաքի կենտրոնում ովքեր են տերերը»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG