Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան «տեղի է ունենում Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վերսկսման փորձերի եւ Հարավային Կովկասի այլ հակամարտությունների «վերաթարմացման» նախանշանների պայմաններում», - բնորոշում է «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը` միաժամանակ նախասահմանելով. - «Ներկայումս արտաքին ուժերից որեւէ մեկը այնքան ամուր չի կարող իրեն զգալ, որպեսզի թույլ տա իրեն հակամարտությունների «գորդյան հանգույցը» սրով կտրելու շքեղությունը… Այնպես որ», - եզրակացնում է մեկնաբանը, - «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկա տարածաշրջանային այցը ոչ թե կողմերին «խելքի բերելու» վերջին փորձն է, այլ նրանց տեսակետների ու դիրքորոշումների ավելի լայն ու ամբողջական գունապնակը ուսումնասիրելու եւ ըստ այդմ՝ գալիք աշնանը ավելի լուրջ քայլեր ձեռնարկելու նախապատրաստական աշխատանք: Դրանով կարելի է բացատրել այցելության հիմնական նորույթը՝ համանախագահների հուլիսի 11-ի հանդիպումը հայաստանյան քաղաքական գունապնակի եւ հասարակության աչքի ընկնող այն ներկայացուցիչների հետ, որոնք «եղանակ են ստեղծում» երկրի ներսում»: «Այս ճանապարհով համանախագահող երկրները եւ առաջին հերթին հենց Միացյալ Նահանգները, փորձում են «ի մոտո շոշափել» Հայաստանում տիրող տրամադրությունները՝ ապագայում ավելի վճռական քայլերի ձեռնարկման պարագայում ճիշտ կողմնորոշվելու համար», - իմաստավորված է «Հայոց աշխարհ»-ում: Այս թերթի հարցազրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն էլ համանախագահների հետ վերջին հանդիպումից կիսվում է իր հետեւյալ տպավորություններով. - «Իրենց ներկայացրած մոտեցումների էությունն այն էր, որ կողմերի տեսակետները առայժմ գրեթե անհամատեղելի են, եւ այս համատեքստում անչափ կարեւորում են գտնել իսկապես փոխզիջումային ճանապարհ… համարում են, որ ժամանակն է ավելի վճռական քայլեր կատարելու հակամարտության լուծումն արագացնելու ուղղությամբ: Համանախագահները գտնում են, որ պահը նպաստավոր է: Վերջին հանդիպման հիմնական շեշտադրումն այն էր, որ իրենք շատ կարեւոր են համարում Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակության նախապատրաստումը հակամարտության կարգավորմանը»:

«Հայոց աշխարհ»-ում այսօր կա այսպիսի մի ընդգծում. - «ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթաժողովին հաջորդած ԱՊՀ երկրների ղեկավարների վերջին հանդիպումը ցույց տվեց, որ Ռուսաստանը որոշել է «կոշտ պաշտպանության» դիմել մեր տարածաշրջանից իրեն լիովին դուրս մղելու ներկա փորձերի հանդեպ»: «Ռուսաստանն իրոք դժվարությամբ է իր ազդեցությունը պահպանում ԱՊՀ տարածքում», - անդրադառնում է այսօր «Առավոտ» թերթը. - «Նախկին խորհրդային պետությունները, զգալով Արեւմուտքի անթաքույց հետաքրքրությունն իրենց հանդեպ, պահը չկորցրին եւ սկսեցին իրենց արտաքին քաղաքականություն ներմուծել Ռուսաստանի հանդեպ շանտաժը՝ եթե մեզ հետ ջերմ չլինես, կգնանք ամերիկացիների մոտ: Մեր տարածաշրջանում այդպես են վարվում Ադրբեջանը եւ հատկապես՝ Վրաստանը… Հայաստանի իշխանություններն անգամ չեն ակնարկում, որ երբեւէ կարող են ընդվզել եւ ընկնել Արեւմուտքի ազդեցության ոլորտ: Հակառակը, մենք առանց ծպտուն հանելու՝ շարժվում ենք բացառապես Մոսկվայի թելադրած քաղաքականությամբ՝ անկախ իրավիճակից: Բայց զուր չեն ասում, որ անառակ որդիներին առավել շատ են սիրում: Ինչը Ռուսաստանը բազմիցս ապացուցել է մեր տարածաշրջանում՝ Հայաստանի շահերի հաշվին ռեվերանսներ անելով թե՛ Վրաստանին, թե՛ Ադրբեջանին: Այս ամենը չի նշանակում, թե Ռուսաստանի հետ բարեկամություն անել պետք չէ: Սակայն պետք է նկատել տալ, որ Ռուսաստանը աշխարհի կենտրոնը չէ», - ակնարկում է «Առավոտ»-ը:

«Եվրոպական արժեքնե՞ր, թե՞ ասիական բազար. Հայաստանը կանգնած է այդ երկընտրանքի առջեւ», - մատնանշում է «Առավոտ» թերթի խմբագիրը` այս առումով ուրվագծելով. - «Այս ասիական բազարը շարունակելով, մենք վաղ թե ուշ կկորցնենք մեր պետականությունը: Ասիական, փնթի, անլվա արժեքների պահպանման մեջ (երբ բոլոր մակարդակներում հստակ պայմանագրային հարաբերությունների փոխարեն գործում են «խաթրը», «թասիբը» եւ «ախպերությունը») շահագրգռված է նախ եւ առաջ Ռուսաստանը: Նրան այսօր պետք չէ ունենալ անկախ դաշնակից պետություն, նրան հարկավոր է բոլոր հարեւաններին հակադրվող միջնաբերդ թույլ արտահայտված ինքնագիտակցությամբ: Եվ մեզ էլ այդ ճանապարհով է տանում ոչ միայն ներկայիս իշխանությունների քաղաքականությունը, այլեւ Հայաստանի ազգաբնակչության մեծ մասի հոգեբանությունը»: Խմբագրի հայացքով, սակայն` նույնիսկ Հայաստանում հնարավոր է ժողովրդավարություն կառուցել՝ շատ դանդաղ, համբերատար աշխատանքով. - «Դրա համար անհրաժեշտ է նախեւառաջ քաղաքական եւ մտավոր էլիտայի անկեղծ ցանկությունը, նաեւ քաջություն՝ անհրաժեշտության դեպքում «ժողովրդական մենթալիտետին» հակադրվելու համար… Իսկ առայժմ վերնախավի մեջ չկա ոչ ցանկություն, ոչ արիություն: Կա ժողովրդին, շրջապատին եւ «ախպերությանը» հաճոյանալու ձգտում: Այդ պայմաններում ժողովրդի կուռքը կլինեն Արկադի Վարդանյանը կամ Տիգրան Կարապետիչը: Իսկ նախագահ կամ պատգամավոր կլինի նա, ով կարողացել է իր օգտին ձայներ կեղծել»:

Հայաստանյան «ներկա մենթալիտետի» շրջանակում է թերեւս լիուլի տեղավորվում «Ազգ» թերթում տրվող լուրը, որ օրերս երեւանյան բարերից մեկում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի որդին՝ Արսեն Հարությունյանը, իր ընկերոջ հետ դիսկոտեկում կենցաղային հողի վրա ծեծի է ենթարկել երեք անձի՝ մեկ տղամարդու, որ ԱՄՆ քաղաքացի է, եւ երկու աղջիկների: Իսկ ոստիկանությունից էլ լրատվամիջոցներին ասում են, թե ծեծկռտուքի մասին, իբր, «հստակ տեղեկատվություն չունեն»:

«Հայկական ժամանակ» թերթում էլ այսօր շրջանակվում է, որ գրող Արտեմ Հարությունյանի` «Կապուտիկյանն ընդհանրապես իրավունք չունի պոեզիայի մասին խոսելու, որովհետեւ ցածրորակ պոետական արտադրանք է դրել մեր սեղանին» կամ «մեդալի շխկշխկոցը, որով փորձում է ուշադրություն գրավել Սիլվա Բարունակովնան, հիշեցնում է ժավելի սպիրտ ծախողի ճիչ» եւ ավելի գռեհիկ արտահայտությունները բոլորովին հակառակ արդյունքը տվեցին: «Այդ ամենը, բնականաբար, չէր կարող ընդունելի լինել հենց թեկուզ միայն այն պատճառով, որ ասվել է այն մարդու կողմից, ում պոեզիան ողողված է փողոցային մակարդակի խոսակցություններով ու ամենագռեհիկ արտահայտություններով», - ընդգծում է «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը: Բերված է եւ րողների միության նախագահ Լեւոն Անանյանի վրդովմունքը. - «Եթե վիճում ենք, վիճենք մարդավարի, քաղաքակիրթ ձեւով, այլ ոչ թե հայհոյելով, զազրախոսելով, ցեխ շպրտելով»: Հարցին, թե անձամբ Լեւոն Անանյանն ինչպես է վերաբերվում Կապուտիկյանի՝ շքանշանը վերադարձնելու փաստին, նա պատասխանել է. - «Կապուտիկյանն ինձ համար մի առանձին գրողների միություն է իր վաստակով: Նրա այսօրվա կյանքը խիզախում է, հերոսական մի երեւույթ: Նա այսօր էլ ունի իր հստակ դիրքորոշումը, եւ ես համարում եմ, որ դա նրա իրավունքն է: Ոչ ոք բարոյական իրավունք չունի խառնվելու, դատապարտելու կամ գովերգելու Կապուտիկյանի այդ քայլը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG