Մատչելիության հղումներ

Հայաստանը փորձում է հայրենիք վերադարձնել Հասարակածային Գվինեայում կալանված հայ օդաչուներին


Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանի փոխանցմամբ, Հայաստանի պատվիրակությունը, Եգիպտոսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասերյանի գլխավորությամբ, ներկայումս Հասարակային Գվինեայի իշխանությունների հետ հանդիպումներ է անցկացնում` կապված անցած գարնանը այս երկրում պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով կալանված վեց հայ օդաչուների ճակատագրի հետ:

«Օդաչուները մարտ ամսի սկզբից պահվում են կալանքի տակ: Սա մեր երկրորդ պատվիրակությունն է: Ինչպես եւ նախորդ անգամ, պատվիրակությունը հանդիպում է տեղի իշխանությունների, պատկան մարմինների հետ` արդարադատություն, դատախազություն, արտաքին գործերի նախարարություն եւ այլն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Գասպարյանը:

Նա ավելացրեց, որ Հայաստանի պատվիրակության ներկա այցի արդյունքում հնարավորություն է ստեղծվել, որ օդաչուները հեռախոսային խոսակցություններ ունենան իրենց ընտանիքների հետ, որոշակիորեն բարելավվել են նրանց կենսապայմանները:

Արտգործնախարարության խոսնակը կրկին հնչեցրեց Հայաստանի իշխանությունների համոզմունքը, որ հայ օդաչուները անմեղ են, եւ ասաց, որ Հայաստանն ամեն ինչ կանի, որպեսզի նրանք ազատ արձակվեն եւ վերադառնան հայրենիք:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG