Մատչելիության հղումներ

Հարցված երեւանցիների մեծամասնությունը չի հավատում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը


Մոտ 500 երեւանցիների, ըստ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության անցկացրած հարզախույզի, գրեթե երկու երրորդը տեղյակ էլ չէ, որ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական ծրագիր է մշակել: Իսկ ծրագրի մասին որոշակի տեղեկություններ ունեցողների (հարցվածների շուրջ 38 տոկոսը) ճնշող մեծամասնությունը թերահավատ է, թե ծրագիրը կարող է արդյունավետ լինել:

Հարցվածների 14,6 տոկոսը այդ թերահավատությունը հիմնավորել է համոզվածությամբ, որ կոռումպացված են բուն իշխանությունները:
Թերահավատների մյուս մասն էլ չի հավատում, քանի որ, ինչպես ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը, նրանք որեւէ փոփոխություն չեն նկատում եւ համոզված են, որ կաշառառության դեմ պայքարում «իրական ոչ մի քայլ չի արվում»:

Հարզախույզի նպատակն էր պարզել, թե որքանով են Հայաստանի քաղաքացիները պատրաստ պայքարելու կոռուպցիայի դեմ:

Հարցին, թե Հայաստանում ինչպես կարող է քաղաքացին պայքարել կոռուպցիայի դեմ, հարցվածների 31 տոկոսը պատասխանել է, որ կոռուպցիայի դեմ հնարավոր չէ պայքարել: Քաղաքացիների 10,1 տոկոսը իբրեւ պայքարի միջոց նշել է, որ կաշառառության մասին փաստեր ունենալու դեպքում պետք է հայտնել իրավապահ մարմիններին կամ լրատվամիջոցներին: Իսկ քաղաքացիների մի մասի կարծիքով, կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն ձեւը պարզապես Հայաստանից հեռանալն է:

Այսօրինակ հոռետեսական տրամադրությունների պատճառները Կարեն Բեքարյանը բացատրեց հետեւյալ կերպ. - «Առաջին հերթին՝ վստահության պակասը հնարավոր գործողությունների հանդեպ, որոնք արվում են անկեղծորեն ու արվելու են հետեւողականորեն»:

Թեեւ հարցված երեւանցիների զգալի մասը կարծում է, որ Հայաստանում հնարավոր չէ պայքարել կոռպոցիայի դեմ, սակայն 54,8 տոկոսը պատրաստ է իր անձնական ներդրումն ունենալ այդ պայքարում :

Հարցվածների կարծիքով, կոռուպցիան Հայաստանում հատկապես մեծ չափերի է հասնում դատական համակարգում, կրթության, առողջապահության ոլորտներում, ոստիկանությունում, բանակում, մաքսային եւ հարկային ծառայություններում:

Հարցված երեւանցիների 67,7 տոկոսը չի հավատում նաեւ, թե կոռուպցիայի դեմ պայքարում կարող են օգնել միջազգային կառույցները:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG