Մատչելիության հղումներ

Եվրամիության հանձնակատարը Հայաստանի ղեկավարության հետ քննարկել է «Նոր հարեւաններ» ծրագրի հեռանկարները


Եվրամիության ընդլայնման հարցերով Եվրահանձնաժողովի կրտսեր հանձնակատար Յանեշ Պոտոչնիկը հինգշաբթի օրը հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարների հետ՝ քննարկելով «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակում համագործակցության առաջնայնություններն ու հեռանկարները:

Տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած՝ Եվրահանձնաժողովի սլովենացի հանձնակատարը օրվա ընթացքում հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

Հանդիպումների ավարտին հրավիրած մամլո ասուլիսում, որին մասնակցում էր նաեւ Վարդան Օսկանյանը, Պոտոչնիկը հստակեցրեց Եվրամիության ուղերձը Հայաստանի իշխանություններին. եվրոպական չափանիշներին համապատասխանելուն ուղղված՝ Հայաստանի ցանկացած քայլ անպատասխան չի մնա, եւ Միացյալ Եվրոպան կսերտացնի հարաբերությունները Երեւանի հետ:

Եվրոպական չափանիշների շրջանակում Պոտոչնիկը նշեց ազատ ընտրությունների անցկացումը, ոստիկանների՝ ուժային գործառույթների սահմանափակումը եւ հատկապես Մեծամորի ատոմակայանի փակումը:

«Ես կարծում եմ, մենք փոխադարձ համաձայնություն ունենք, որ վաղ թե ուշ Մեծամորի ատոմակայանը կփակվի: Եվրամիության կողմից կարող եմ ասել,որ անվտանգության նկատառումներով աշխատանքի դադարեցումը շատ կարեւոր է», - ասաց Պոտոչնիկը: - «Սա միայն ձեր երկրի առջեւ ծառացած խնդիր չէ: Մենք նույն պրոբլեմն ունենք ե'ւ Բուլղարիայում, ե'ւ Բալթյան պետություններում»:

Եվրահանձնաժողովի հանձնակատարը, անդրադառնալով Հայկական ատոմակայանի փակման ֆինանսական կողմին, վերահաստատեց էներգիայի այլընտարքային աղբյուրներ գտնելու նպատակով Հայաստանին 100 միլիոն եվրո տրամադրելու Բրյուսելի մտադրությունը:

«Մենք պատրաստ ենք կազմակերպել դոնորների կոնֆերանս, որի ընթացքում պատրաստ ենք տրամադրել 100 միլիոն եվրո: Մենք կարող ենք նաեւ քաջալերել այլ դոնորների, որպեսզի նրանք էլ գումարներ տրամադրեն», - ասաց նա:

Խոսելով բուն «Նոր հարեւանություն» ծրագրի մասին, Պոտոչնիկը նշեց, որ մինչեւ 2005-ի գարուն պատրաստ կլինի Եվրամիության՝ Հայաստանին վերաբերող զեկույցը, ինչից հետո միայն Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները եւ Հայաստանի կառավարությունը կխոսեն արդեն հստակ ծրագրերի մասին: Դրանք վերաբերելու են տարբեր ոլորտների՝ անվտանգությունից ու արդարադատությունից մինչեւ գիտական տեխնոլոգիաների զարգացումը: Այս ամենի նպատակը, ըստ հանձնակատարի, այն է, որ ընդլայնված Եվրամիության եւ «նոր հարեւանների» միջեւ նոր «Բեռլինի պատ» չառաջանա:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG