Մատչելիության հղումներ

Քննարկվեցին ահաբեկչության ֆինանսավորման եւ փողերի լվացման կանխարգելման հարցերը


Չորեքշաբթի օրը Երեւանում անցկացվեց «Ահաբեկչության ֆինանսավորման եւ փողերի լվացման կանխարգելում» թեմայով ազգային խորհրդաժողով: Աշխատանքային քննարկումը փակ էր, սակայն ավարտից հետո լրագրողներին որոշ պարզաբանումներ ներկայացրեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Վլադիմիր Պրյախինը եւ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Ինչպես խորհրդաժողովի ավարտին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց դեսպան Վլադիմիր Պրյախինը, դժվար է միանշանակ պատասխանել հարցին, թե որքանով են հրատապ նշված խնդիրները Հայաստանի համար, քանի որ «Հայաստանը բարդ երկիր է այն առումով, որ գոյություն ունի Հայաստանի անկախ հանրապետություն, միեւնույն ժամանակ՝ հայկական սփյուռք»:

«Գաղտնիք չէ, որ այդ սփյուռքում էլ կան փողերի լվացմամբ զբաղվող առանձին խմբավորումներ, ուստի դժվար է ասել, թե փողերի անօրինական շրջանառության միջազգային գործընթացները որքանով են առնչվում Հայաստանին», - ասաց Վլադիմիր Պրյախինը:

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, այդուհանդերձ, հայտարարեց, որ դրսից Հայաստան ներմուծված գումարների լվացման դեպք Հայաստանում չի արձանագրվել:

«Որեւէ դեպք չի արձանագրվել, որ դրսից Հայաստան ներմուծված կամ մուտք եղած գումարների լվացում է տեղի ունեցել ընդհանրապես եւ, մասնավորապես՝ հատկապես սփյուռքի կողմից: Նման դեպքեր մենք չենք ունեցել», - հայտարարեց Հովսեփյանը՝ ավելացնելով. - «Եթե պարոն Պրյախինը ունի կոնկրետ փաստեր, կարող է դրանք ուղղակի ուղղել դատախազություն»:

Աղվան Հովսեփյանի խոսքերով, դատախազությունը անգամ ահազանգ նման դեպքերի մասին երբեւէ չի ստացել:

Հայաստանում չեն արձանագրվել նաեւ ահաբեկչության ֆինանսավորման դեպքեր: «Նման դեպքեր քննիչների վարույթում չեն քննվել», - ասաց Աղվան Հովսեփյանը: - - «Սակայն ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված մեր ազգային օրենսդրությունը ունի թերություն: Դա այն է, որ մեր քրեական օրենսդրությունը... չի առանձնացնում ահաբեկչությունը որպես առանձին հանցակազմ»:

Այսինքն՝ ահաբեկչության կազմակերպիչները, ֆինանսավորողները Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով դիտվում են պարզապես որպես հանցակիցներ, օժանդակողներ: Ուստի, Հովսեփյանի խոսքերով, նախատեսվում է առաջիկայում համապատասխան փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում:

Փողերի լվացման եւ տեռորիզմի դեմ պայքարը պետք է իրականացվի հակակոռուպցիոն պայքարի հետ համատեղ, եւ անցյալ տարի վավերացված հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում ներառված են նաեւ փողերի լվացումը կանխարգելող միջոցառումներ:

Դատախազության համակարգում անցած գարնանը ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ բաժնի վարույթում, ինչպես տեղեկացրեց գլխավոր դատախազը, արդեն կան որոշ նյութեր կան:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք կատարվում են ուսումնասիրություններ, թե ստվերային տնտեսությունը ինչ տոկոսը կազմում երկրում, Աղվան Հովսեփյանը ասաց միայն, որ կան բազմաթիվ քրեական գործեր, որոնք առնչվում են հարկային պարտավորություններից խուսափելու փաստերին: Դրանք ուղարկվում են դատարաններ, բնականաբար՝ կայացվում են համապատասխան վճիռներ. ոմանք դատապարտվում են, մյուսները հատուցում են պատճառած վնասը, իսկ երբեմն էլ արձանագրվում է, որ համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չեն կարող վերականգնել վնասը:

«Մենք ունենք լուրջ խնդիր կապված հարկային պարտավորություններից խուսափելու համար նախատեսված պատժամիջոցի, պատժաչափի հետ», - ասաց երկրի գլխավոր դատախազը: - «Մեր Քրեական օրենսգրքում նախատեսված է մաքսիմում երկու տարի ազատազրկում»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG