Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ամեն տարի, երբ Հարկային պետական ծառայությունը հրապարակում է 1 մլն դրամից ավելի հարկային վնաս հայտարարագրած հարկ վճարողների ցանկը, համոզմունք է առաջանում, որ քարտեզում մեր երկրի վրա կարելի էր փակցնել ցուցանակ` Աշխատում է վնասով», - մատնանշում է «Առավոտ» թերթի մեկնաբանը: - «Դատելով պաշտոնական տվյալներից՝ չկա եւ ոչ մի ոլորտ, որտեղ անցած տարի եւս տնտեսվարողները կրած չլինեն ահռելի վնասներ: Ընդ որում՝ ամենաշատը վնասվել են հատկապես այն հաստատությունները, որոնք ամենաշատն են գովազդվում ու ներկայացվում իբրեւ մեր տնտեսության առաջատարն ու ամենաեկամտաբերը»: «Հաջողակ բիզնեսը շարունակում է խուսափել շահութահարկ վճարելուց» վերնագրի տակ «Ազգ» թերթի մեկնաբանը, իր հերթին, ընդգծում է. - «Որեւէ մեկը չի հավատում ցանկում գտնվողների մեծ մասի՝ վնասով աշխատելու հավաստիացումներին: Սակայն օրենսդրական անկատարությունն ու հարկային մարմինների գիտակցված կամ չգիտակցված անզորությունը այդ հնարավորությունն ընձեռում են... Բոլորին էլ հասկանալի է, որ հարկային վնաս հայտարարագրողների մեծամասնության նպատակը շահութահարկ վճարելուց խուսափելն է: Ու երբ 200 մլրդ դրամ հարկային վնաս է ցույց տրվում, անհասկանալի է դառնում, թե ընդհանրապես ինչի՞ համար են հարկային ծառայության մի քանի հազար աշխատակիցներն աշխատում եւ աշխատավարձ ստանում», - հարց է դրվում «Ազգ»-ում:

«Մինչ ընդդիմությունն ընդամենը բավարարվում է ամփոփումներով եւ գնահատականներով, խորանում են տարակարծությունները իշխող վերնախավի ներսում», - ընթացքից խտացնում է «Իրավունք» թերթը՝ մասնավորապես մի ընտրատարածքում ներկայումս ընթացող՝ Ազգային ժողովի պատգամավորի մանդատի համար մրցակցության դրսեւորումներից բխեցնելով. - «Երեւում է, որ իշխանության տարբեր թեւերի ներկայացուցիչները կարող են կազմել բավականին ճկուն այլանսներ՝ ընդհուպ մինչեւ արմատական ընդդիմադիր գործիչների ստվերային ներգրավումը, միայն թե պահպանեն անձնական կամ խմբակային շահը: Եվ խոսակցությունները, թե Հայաստանի իշխանությունը միասնական է, մեղմ ասած, չափազանցություն են»: «Իրավունք»-ի մեկնաբանը նաեւ կապակցել է. - «Նախագահի նստավայրը շատ վտանգավոր է համարում իշխանության տարբեր թեւերի եւ ընդդիմության շփումները: Իսկ այն, որ իշխանական բոլոր շենքերի պահպանումը հանձնված է Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիգորի Սարկիսյանին, նշանակում է, որ, ըստ ամենայնի, իշխանական ամբողջ համակարգը ընդգրկված է նախագահի ոչ պաշտոնական, բայց գործուն «աչքերի» եւ «ականջների» ցանցով»:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի ձեւակերպմամբ, Քոչարյանն «իր մտածելակերպով եւ գործելաոճով վաղուց մնացել է 19-րդ դարի վերջում եւ զուր կռիվ է տալիս ժամանակի դեմ՝ չհասկանալով, որ մինչ օրս որեւէ մեկը ժամանակին չի հաղթել»: «Քոչարյանի ժամանակը սպառվել է, եւ նա պետք է հեռանա: Եվ այն, որ նա ակնհայտորեն մեր ժամանակների գործիչ չէ, ցույց տվեց անգամ Ստրասբուրգում նրա ունեցած ելույթը, որտեղ նա խոսեց որպես 19-րդ դարի ազգայնական եֆրեյտոր», - որակում է նախկին վարչապետը «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում: «Տեսակետ կա, թե քանի որ ընդդիմությունը չկարողացավ ուղղորդել հասարակության մեջ կուտակված դժգոհության լուրջ լիցքը, ուրեմն, դա կարող է պարպվել՝ ստեղծելով վրիժառուների խմբեր». լրագրողի այս հարցադրմանը Արամ Սարգսյանը արձագանքում է. - «Այդ ճանապարհով երկիրը ոչ մի տեղ չի հասնի: Ես ինքս դեմ եմ նման քայլերի, քանզի սեփական մաշկիս վրա եմ զգացել վրիժառության եւ ահաբեկչության հետեւանքները: Չնայած Հայաստանն այնպիսի երկիր է, ուր ոչ մի բան պետք չէ բացառել, այդուհանդերձ, ընդդիմության պայքարի ձեւը պետք է մնա անփոփոխ՝ համաժողովրդական շարժմամբ իշխանափոխության հասնելը»: «Ընդդիմադիր դաշտի գոյություն ունեցող ֆորմատի փոփոխության որեւէ նախադրյալ ես ներկա պահին չեմ տեսնում», - ասում է Արամ Սարգսյանը: Մյուս կողմից, «Առավոտ» թերթն այսօրվա խմբագրականում ուրվագծում է. - «Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը հզոր օժանդակություն ստացավ այնտեղից, որտեղից ամենաքիչն էր սպասում: Խոսքը ՀՀՇ-ի մասին է, որը մինչ օրս «Արդարության» հանդեպ, մեղմ ասած, ընդգծված համակրանք չի դրսեւորել... Հիմա ՀՀՇ առաջնորդները հայտարարում են, թե ի հեճուկս վերջին շրջանում տարածված կարծիքների՝ «Արդարությունը», որպես ընդդիմադիր ուժ, ամենեւին էլ չի սպառել իրեն եւ, եթե չկրկնի իր նախորդ ռազմավարական սխալները, կարող է շատ բան անել իշխանությունների դեմ պայքարում: ՀՀՇ-ն, այսպիսով, եթե ոչ համագործակցության, ապա հաշտության կոչ է անում մյուս ընդդիմադիրներին»: «Առավոտ»-ի սահմանմամբ՝ ընդդիմությունն այժմ ընտրության առջեւ է՝ «կա՛մ ընդունել իր հանդեպ հասարակական-քաղաքական հետաքրքրության անկումը, ինչը շատ շուտով տեղի կունենա, կա՛մ էլ գնալ փոքր-ինչ արտասովոր քայլի՝ համագործակցել ՀՀՇ-ի հետ, որը, չնայած այն բանին, որ երկար տարիներ հեռու է իշխանական լծակներից, սակայն ունի ավելի հետեւողական ու նվիրված հետեւորդներ»: «Եվ հաստատ՝ շատ ավելի կոնկրետ գաղափարներ, քան «Արդարություն» դաշինքը», - կարծում է «Առավոտ»-ը:

«Հայոց աշխարհ» թերթում այսօր շեշտադրված է. - «Վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած արտաքին քաղաքական հայտնի իրադարձությունները վերստին ցույց տվեցին, որ Հայաստանի միջազգային վարկն ու հեղինակությունը անհրաժեշտ բարձրության վրա պահելու եւ մեր կարեւորագույն ազգային-քաղաքական խնդիրների վերաբերյալ ողջ աշխարհում համապատասխան կարծիք ձեւավորելու համար, ներկայումս համակարգված ու հստակ պետական քարոզչություն ունենալու սուր կարիք է զգացվում»: Այս առումով մեկնաբանը տարածաշրջանում համեմատում է. - «Եթե անգամ ֆիկտիվ պետություն հանդիսացող Վրաստանը այսօր թմբկահարում է տարածաշրջանի ժողովրդավարական գործընթացների առաջամարտիկի իր նորօրյա առասպելը, քաղաքակրթությունների գերեզմանոց Թուրքիան ողջ աշխարհին փորձում է ներկայանալ որպես «քաղաքակրթությունների կամուրջ», իսկ ցամաքած նավթահորերի գերեզմանոց Ադրբեջանը՝ «կովկասյան Քուվեյթ», ապա Ղարաբաղի կամ հայ-թուրքական հարաբերությունների հարցում միջազգային հանրությանը վերջերս Ռոբերտ Քոչարյանի միջոցով համակարգված ու հստակ տեսակետ ներկայացնելուց զատ, Հայաստանը առայժմ ոչինչ չի արել այդ ամենը համամարդկային իդեալների ու նպատակների մեջ տեղավորվող՝ ավելի լայն, համակարգված ու հստակ «կտավի» վրա մատուցելու ուղղությամբ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG